Հայաստանի անշարժ գույքի շուկան փոքր-ինչ ակտիվացել է. արձանագրվել է գների բարձրացում: Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվության համաձայն` փետրվարին, հունվարի համեմատ, մայրաքաղաքում բնակարանների գները մի փոքր աճել են: Օրինակ` Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ հունվար ամիսին վաճառվել է 485 հազար դրամով, իսկ փետրվարին` 487 հազար 200 դրամով: Այսինքն` մեկ ամսվա ընթացքում կենտրոնում բնակարանների մեկ քմի գինը բարձրացել է 2200 դրամով:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 1400 դրամով. այս թաղամասում բնակարանի մեկ քմ հունվարին արժեցել է 269 հազար 700 դրամ, իսկ ահա փետրվարին` 271 հազար 100 դրամ: Նկատենք, որ Երեւանի բանուկ թաղամաս համարվող Արաբկիրում բնակարանների գները պահպանել են հունվար ամսվա մակարդակը` մեկ քմ-ն` 358 հազար 800 դրամ: Նույն իրավիճակն է նաեւ Նոր Նորքի վարչական շրջանում, որտեղ եւս բնակարանները չեն թանկացել:
Իսկ ահա Ավան վարչական շրջանում բնակարանների մեկ քմ բարձրացել է 2700 դրամով: Օրինակ` Ավանում բնակարանի մեկ քմ հունվարին վաճառվել է 250 հազար 500, փետրվարին` 253 հազար 200 դրամով:
Բնակարանների գները բարձրացել են նաեւ Էրեբունի վարչական շրջանում` 2550 դրամով: Այստեղ փետրվարին բնակարանները վաճառվել են մեկ քմ 242 հազար 550 դրամով: Դավթաշեն վարչական շրջանում բնակարանները եւս թանկացել են: Դրանց գները Դավթաշենում ավելի են բարձրացել, քան քաղաքի կենտրոնում` 4550 դրամով: Իսկ Աջափնյակ վարչական շրջանում բնակարանները թանկացել են 2300 դրամով, Մալաթիա-Սեբաստիայում` 800 դրամով, Նուբարաշենում` 1800 դրամով: Շենգավիթ վարչական շրջանում բնակարանները չեն թանկացել. այս տարվա ե՛ւ հունվարին, ե՛ւ փետրվարին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 248 հազար 700 դրամով:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան, Էդգար Բաղդասարյան