«The Beautified Project»-ը իմ երեխան է, ես նրան չեմ թողնի. Անդրե Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը «The Beautified Project» ռոք խմբի կազմալուծման, «Մոդերն Թոքինգ» երեւանյան համերգի կազմակերպման դժվարությունների եւ իր ներկայիս գործունեության մասին զրուցել է երգիչ, երգահան Անդրե Սիմոնյանի հետ։

-Անդրե, «The Beautified Project» ռոք խմբի նախկին անդամ Արմեն Շահվերդյանը վերջերս մի առիթով նշել է, որ Դուք խմբի լուծարումից հետո ուրիշ արտիստների հետ սկսեցիք անել այն, ինչ նախկինում միասին եք արել, այդպե՞ս է, համաձա՞յն եք։

-Ասեմ, որ խմբի գործունեության վերջին շրջանում մենք խմբի անդամներով շատ չէինք հանդիպում։ Այն ընթացքում, երբ խումբը ակտիվ գործունեություն է վարել, ես երբեք որեւէ մեկի հետ դուետ չեմ երգել, դրսի երաժիշտներից որեւէ մեկի հետ չեմ համագործակցել, քանի որ մտածում էի, որ դա կարող է պատճառ դառնալ մեր միասնական ընտանիքի՝ խմբի քանդման համար։ Բայց երբ նստեցինք ու համատեղ որոշեցինք, որ բաժանվում ենք, իհարկե, մտերիմ ձեւով, արդեն այն, ինչ նախկինում ուզեցել էի, բայց չէի կարողացել, սկսեցի անել։

-Մի փոքր կմանրամասնե՞ք՝ կոնկրետ հիմա ինչով եք զբաղված։ Եվ ի՞նչն է, որ նախկինում չէր ստացվում անել, բայց հիմա անում եք։

-Նախորդ տարի, օրինակ, դուետ ունեցա «Նեմրա» խմբի, հետո՝ Սիբիլի հետ, համագործակցեցի Adana Project-ի հետ։ Հիմա Մարիամ Պետրոսյանի՝ Մարիամ Ավրայի հետ եմ աշխատում։ Նա Սերժ Թանկյանի հայտարարած «Յոթ նոտա» մրցույթի հաղթողն է։ Մյուս շաբաթ կներկայացնենք Մարիամի հետ համատեղ տեսահոլովակ։ Այն, ինչ հիմա անում եմ, անում եմ հանուն արվեստի։ Ինձ դուր է գալիս օգնել այն մարդկանց, որոնք արժանի են ճանաչման։ Այլապես մեր շոու-բիզնեսը հիմա ահավոր վիճակում է։ Ժողովուրդը դժգոհում է, ասում է. «Ինչո՞ւ են Վրաստանում կազմակերպվում բարձր մակարդակով համերգներ, Հայաստանում՝ հազվադեպ»։ Ես էլ պատասխանում եմ՝ որովհետեւ Հայաստանում իր արմատներն է գցել այնպիսի մի ահավոր երաժշտություն, որը սպանել է այդ արվեստը, եւ հենց այդ պատճառով շուկայում որակյալ երաժշտությունը տեղ չունի։ Եթե ես կարող եմ աջակցել բոլոր լավ արտիստներին, որոնք ճանաչվելու ձեւերը չգիտեն, ապա հաստատ կանեմ դա։

-Դուք վերջերս Երեւանում կայացած «Մոդերն Թոքինգ» համերգի կազմակերպիչներից մեկն եք։ Էլի նման մեծության աստղերի կհրավիրե՞ք Հայաստան։

-Իրականում դա ժողովրդից է կախված։ Մենք ամիսներ շարունակ փոխանակ կենտրոնանայինք համերգի մանրամասների վրա, մարդկանց համոզում էինք, որ ամեն ինչ արդար է, եւ որ մենք չենք վերցնի իրենց տոմսերի փողերն ու չենք փախչի, որ համերգն իսկապես կկայանա։

-Բայց չէ՞ որ ժողովրդի «տառապանքը փորձ ունի»։ Նախկինում տեսել ենք, թե ինչպես են Հայաստանում չեղյալ հայտարարվել, օրինակ, Ռամազոտիի, Ալեգրովայի համերգները, խնդիրներ են առաջացել մի շարք չեղարկված համերգների տոմսերի վերադարձի հետ կապված։

-Այո, դա էլ կա, բայց այդ նեգատիվը ժողովրդի միջից պետք է հանվի՝ վստահություն ձեռք բերելու շնորհիվ։ «Մոդերն Թոքինգի» համերգի օրինակով զգացինք, որ մեր երկրում մեծամասշտաբ համերգի պահանջարկ կա։ Հույս ունենք, որ հայ ժողովուրդը կձեւավորի նաեւ տոմս գնելու մշակույթ։ Ես համերգի կազմակերպման գործընթացում նկատեցի, որ շատերը հույսը դնում են հրավիրատոմսեր ստանալու վրա։

-Անդրե՛, գիտեմ, որ չեք ընդունում, երբ Ձեր մասին ասում են՝ «The Beautified Project» խմբի նախկին մենակատար։ Բայց չէ՞ որ խումբը կազմալուծվել է, ի՞նչն է խնդիրը։

-Բանն այն է, որ «The Beautified Project»-ը որպես տրիո ավարտել է, բայց որպես նախագիծ չի ավարտել իր գործունեությունը։ Նախագծի գործունեության սկզբում եղել է նաեւ, որ միայնակ եմ ալբոմ թողարկել, ինչի՞ մասին է խոսքը, այսինքն՝ նախագիծը եղել է եւ հիմա էլ կա։ Հիմա խումբ ձեւավորելու ձգտում չունեմ, որովհետեւ այն, ինչ անում եմ, ինձ հետաքրքրում է, բայց «The Beautified Project»-ը իմ երեխան է, եւ ես նրան չեմ թողնի։

Աննա Բաբաջանյան




Լրահոս