Սերժ Սարգսյանը նոր ռազմավարություն է մշակել. նպատակները շատ հեռուն են գնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ընդդիմադիր տարբեր ուժեր պայքարում են Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով պաշտոնավարումը թույլ չտալու համար, նա այս օրերին շարունակում է ամրացնել թե՛ իր, թե՛ ՀՀԿ-ի դիրքերը: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագծի լրամշակված տարբերակը: Ընդ որում, Սարգսյանն ավելի հեռուն է գնացել եւ խոսել է անգամ 2040 թվականի մասին:

«Ցանկանում եմ ընդգծել կայուն եւ բարձր ներառական տնտեսական աճի ապահովումը, որը զգալի պետք է լինի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչպես նաեւ մեր համազգային նպատակներին հասնելու համար՝ մինչեւ 2040 թվականը 4 միլիոնանոց Հայաստան ունենալու համար հստակ եւ չափելի միջոցառումների մշակումը եւ մինչեւ 2030 թվականը միջանկյալ թիրախային ցուցանիշի սահմանումը», – նշել է նա: 2040 թվականին չորս միլիոն բնակչություն ունենալու մասին հայտարարությունը Սարգսյանն արել էր նաեւ նախկինում, սակայն այժմ այն ուշագրավ է տիրող պայքարի առումով:

Ստացվում է՝ Սերժ Սարգսյանը գոնե մինչեւ 2030 թվականը հույս ունի, որ ՀՀԿ-ն մշտապես մեծամասնություն է լինելու, եւ արդեն իսկ մինչ այդ թվականին հասնող ռազմավարություն է մշակել: Այլապես անհասկանալի է նման հեռահար նպատակների, նման երկար ժամկետների մասին անընդհատ բարձրաձայնելը:




Լրահոս