Այնքան անճար չեմ, որ հեռուստատեսությամբ հարսնացու ընտրեմ. Ռաֆայել Երանոսյանը շփվու՞մ է արդյոք իր «ընտրյալի» հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտին «Հանրային հեռուստաընկերությամբ» հեռարձակվող «Եկեք հասկանանք» ծրագրի շրջանակում դերասան Ռաֆայել Երանոսյանն իր համար հարսնացու ընտրեց։ Այն, որ դերասանը դեռ չի գտել իր երկրորդ կեսին, շատ է մտահոգում նրա մտերիմներին։ Դե, իսկ հեռուստածրագիրն էլ հնարավորություն տվեց Ռաֆայելին ընտրություն կատարել ծրագրին ներկայացած երեք աղջիկների շրջանում։ Հիմա երկրպագուներից շատերը հետաքրքրվում են՝ դերասանը շփվո՞ւմ է այդ աղջկա հետ, թե ոչ։

«Դա շոու էր, իմ եւ այդ աղջկա միջեւ ընկերական շփումից բացի՝ ուրիշ ոչինչ չկա, դա ընդամենը ծրագիր էր, ոչ մի լուրջ բան։ Ես այնքան անճար չեմ, որ հեռուստատեսությամբ հարսնացու ընտրեմ։ Ուղղակի բաղմաթիվ նամակներ էին ստացվել, երկրպագուները ցանկություն էին հայտնել, որ ես մասնակցեմ ծրագրին, ես էլ չմերժեցի եւ ապահովեցի շոուն»,-մեզ հետ զրույցում պարզաբանեց դերասանը։

Մենք զրուցեցինք նաեւ ստեղծագործական ծրագրերի շուրջ։ Ռաֆայելը տեղեկացրեց, որ Կամերային թատրոնում սպասվում է «Նազա՛ր, Նազա՛ր մինչեւ վերջ» ներկայացման պրեմիերան. «Այդ ներկայացման մեջ ի սկզբանե խաղացել է Հրանտ Թոխատյանը։ Մայիսի սկզբին արդեն այն կմատուցվի նորովի։ Խաղում ենք Հրանտ Թոխատյանը, ես, Իրինա Դանիելյանը»,-մանրամասնեց Ռաֆայելը։

Կրկին մայիս ամսին Կամերային թատրոնում Ռաֆայելը հանդես կգա նաեւ մոնո-ներկայացմամբ՝ սթենդ-ափ ժանրում։ Այն կարծարծի հայի տեսակի թեման, ինչպես դերասանն է նշում` անդրադարձ կկատարվի մեր թերություններին, որոնք ամբողջ աշխարհին ներկայացվում են որպես առավելություններ. «Բողոք չի լինի, փոխարենը կլինի հումոր։ Հանդիսատեսը կգա, կլսի, մեր դառը իրականության վրա կծիծաղի եւ երեւի թե մի բան մտածելով՝ կգնա տուն։ Ներկայացումը կընդգրկի երգ, պար, նմանակումներ»,-ասաց դերասանը։

Մայիս ամսին Ռաֆայելի երկրպագուներին սպասվում է եւս մեկ անակնկալ։ Իրանահայ ռեժիսոր Սեթո Գոջամանյանը կբեմադրի ներկայացում, որտեղ կընդգրկվեն ինքը՝ Ռաֆայելը, Անդրանիկ Հարությունյանը, Լուիզա Ներսիսյանը, Թամարա Պետրոսյանը եւ այլք, սպասվում է հայ-իրանական համագործակցություն։
Ինչ վերաբերում է գեղարվեստական ֆիլմերին, ապա դերասանը տեղեկացրեց, որ առաջիկայում կնկարահանվի ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի ֆիլմերից մեկում, նաեւ կմասնակցի ֆրանսիական արտադրության ֆիլմի քասթինգին։

Անի Անտոնյան




Լրահոս