Արկածախնդրությունից պետք է հետ կանգնել, պայքարելիս պետք չէ հասարակությանը գցել «ոտքի տակ»․ Արտավազդ Բայաթյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան քաղաքական դաշտում իրավիճակը թեժ է։ «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի փողոցային տարբերակը։ Մարտի 31-ին Գյումրու Վարդանանց հրապարակում մեկնարկած «Իմ քայլը» արշավի նպատակը հենց Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումն է։ Այնինչ` դաշինքի մյուս անդամ «Լուսավոր Հայաստան»-ը այն համոզման է, որ պետք չէ գնալ նախկին քաղաքական ուժերի տրորած ճանապարհով։

Քաղաքական թոհուբոհի ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգահան Արտավազդ Բայաթյանի հետ։ Նրա խոսքով՝ պայքարի ձեւերն արդարացված են, եթե վերջում պայքարողը հասնում է իր նպատակին, բայց, այնուամենայնիվ, պետք չէ պայքար ծավալելու ճանապարհին հասարակությանը գցել «ոտքի տակ»։ Երգահանի համոզմամբ՝ ժողովուրդը թերահավատությամբ է լցված, քանի որ պարբերաբար տեսնում է նեղ-կուսակցական շահեր հետապնդողների։

-Պարո՛ն Բայաթյան, պայքարի փողոցային տարբերակը, ըստ Ձեզ, որքանո՞վ է արդյունավետ։

-Ինձ թվում է՝ ցանկացած նման գործողություն ֆինանսավորվում է։ Եթե իրենք ֆինանս ունեն քայլարշավի համար, թող քայլեն, ի՞նչ ասեմ։ Բայց ինձ թվում է, որ դա ավելի շուտ ուշադրություն գրավելու միջոց է։

-Այդ դեպքում՝ պայքարի ի՞նչ ձեւ եք առաջարկում։ Դուք այլ տարբերակ ունե՞ք։

-Դե, բոլոր ձեւերն էլ արդարացված են, եթե վերջում պայքարողը հասնում է իր նպատակին։ Բայց պետք չէ պայքար ծավալելու ճանապարհին հասարակությանը գցել «ոտքի տակ»։ Քաղաքական ֆիգուրները պետք է շատ լավ պատկերացնեն սա եւ արկածախնդրությունից հետ կանգնեն։ Իսկ պայքարի փողոցային տարբերակի նման գործողությունները կարող են պարբերաբար ուշադրություն գրավելու համար կազմակերպվել։ Ամբողջ աշխարհում էլ կիրառվում է այդ մեթոդը։ Դա չէի ասի կարեւոր, բայց սովորական, ընդունելի բան է։

-Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանը մտահոգություն է հայտնում, որ փողոցային պայքարի ընթացքում կարող են լինել ձերբակալություններ, նա չի բացառում նաեւ մարտի 1-ի կրկնությունը։ Դուք ի՞նչ կասեք, նման զարգացումները հնարավոր համարո՞ւմ եք։

-Այս աշխարհի երեսին չկա որեւէ գաղափար, կուսակցություն, որը մարդկային մի կաթիլ արցունք արժենա։ Մենք պետք է մի բան հաստատ հաշվի առնենք. ինչ անում ենք, պետք է այնպես անենք, որ պետությանը չվտանգենք։ Պայքարի ցանկացած ձեւ ընդունելի է, եթե այն պետությանը չի վտանգում։ Իսկ պայքարի արդյունավետությունը կախված է այն բանից, թե ովքեր են առաջնորդներն ու ժողովրդին ոգեւորողները։ Ամեն մարդու ու ամեն ասածի հետեւից գնալ պետք չէ։

-Ըստ Ձեզ՝ ժողովուրդը մոլորության մե՞ջ է, թե՞ կողմնորոշված է իրադարձությունների այս ֆոնին։ Ո՞վ պետք է նրան կողմնորոշի։

-Առհասարակ, ժողովուրդը մոլորության մեջ է, թերահավատության մեջ է, որովհետեւ պարբերաբար տարբեր տեսակի ծաղրածուներ են ելույթ ունենում, մարդիկ էլ հասկանում են, որ բոլորն իրենց անձնական, նեղ-կուսակցական շահերն են հետապնդում։

-Այդ դեպքում ո՞րն է լուծումը, ո՞ւմ վրա հույս դնել։

-Ես մեծ հույս ունեմ, որ երիտասարդները թարմ ու ժամանակակից մտածողություն կբերեն, եւ նրանց սերունդը կգա փոխարինելու այս հետսովետական մտածողությամբ սերնդին։ Վերջինս պետք է հեռանա…

-Դուք ասացիք, որ ժողովուրդը մոլորված է։ Իսկ նրան կողմնորոշելու հարցում ո՞րն է մտավորականության դերը։

-Նախ՝ մենք պետք է հասկանանք՝ մտավորականություն ասելով՝ կոնկրետ ում մասին ենք խոսում, որովհետեւ դա ինչ-որ վերացական հասկացություն չէ, դրանք կոնկրետ մարդիկ են։ Ես միայն մի բան կասեմ՝ այն մարդը, որն իրեն համարում է մտավորական, չպետք է ստի, չպետք է կաշառակեր լինի եւ որտեղ էլ լինի, ոչ մի պարագայում վնասակար գործողությունների չպետք է դիմի։

Անի Անտոնյան




Լրահոս