ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից կալանավորի փախուստի դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, շահադիտական եւ անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, որի հետեւանքով ծանր հանցագործության մեջ մեղադրվող կալանավորը հիվանդանոցից դիմել է փախուստի:
Այսպես, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի գլխավոր մասնագետ Արտակ Միքայելյանն ու նույն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի մասնագետ Հմայակ Շիրակյանը 13.11.2017թ.-ին իրականացրել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ստացիոնար բուժման մեջ գտնվող կալանավոր Թելման Ալավերդյանի պահպանությունն ու հսկողությունը:
Ծառայության ընթացքում քրեակատարողական հիմնարկի վերոհիշյալ աշխատակիցները կալանավոր Թ. Ալավերդյանի տված գումարներով հիվանդանոցի հարեւանությամբ գտնվող խանութից վերջինիս համար գնումներ են կատարել` գումարի մի մասը պահելով իրենց: Այնուհետեւ, Թ. Ալավերդյանի հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու անձնական եւ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով` պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ եւ կալանավորի համար ստեղծել արտոնյալ պայմաններ:
Բացի այդ, նույն շահադիտական նպատակներով ՔԿՀ աշխատակիցներ Ա. Միքայելյանն ու Հ. Շիրակյանը մշտական հսկողություն չեն ապահովել կալանավորի նկատմամբ եւ միջոցներ չեն ձեռնարկել վերջինիս կողմից փախուստ կատարելը բացառելու նպատակով: Մասնավորապես, 14.11.2017թ.-ին` ժամը 02-ի սահմաններում, Ա. Միքայելյանն ու Հ. Շիրակյանը կալանավորի նկատմամբ հսկողություն իրականացնելու փոխարեն քնել են, որի հետեւանքով վերջինս հիվանդասենյակի սանհանգույցից դեպի ընդհանուր բաց պատշգամբ դուրս եկող դռնով դիմել է փախուստի:
Ավելին, անգամ Թ. Ալավերդյանի փախուստի հանգամանքը պարզելուց հետո, ՔԿՀ աշխատակիցները կալանավորի համար անբարենպաստ պայմաններ չստեղծելու եւ նրա փախուստի պատճառով որեւէ պատասխանատվության չենթարկվելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, տեւական ժամանակ հիշյալ հանգամանքը գաղտնի են պահել վերադասից, ինչն էլ իր հերթին հանգեցրել է կալանավորին հայտնաբերելու գործընթացը բարդացնելուն եւ ավելորդ միջոցներ ծախսելուն:
Ա. Միքայելյանի եւ Հ. Շիրակյանի վերը նշված արարքների հետեւանքով ծանր հանցագործության` առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ այլ հանցավոր արարքների կատարման մեջ մեղադրվող կալանավոր Թ. Ալավերդյանն առանց օրինական հիմքերի հայտնվել է ազատության մեջ, խաթարվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բնականոն գործունեությունն ու խախտվել կալանավորված անձանց պահպանության կարգը:
Այսպիսով, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Ա. Միքայելյանին եւ Հ. Շիրակյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ փախուստի դիմած կալանավոր Թ. Ալավերդյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: