Քանի պաշտոնյա կհետևի օրենքին. նվերներ այլևս չպետք է ընդունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրային ծառայության մասին» նոր օրենքով ի պաշտոնե նվերի ընդունման նոր կարգավորումներ են սահմանվել: Այսպիսով` ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, օրենքով արգելվում է պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս նվերների ընդունումը: Հերթական անգամ կարգավորումը տրվում է, սակայն հետաքրքիր է, թե քանի՞ պաշտոնյա կհետեւի այս օրենքին:

Չէ՞ որ պարբերաբար տեղեկանում ենք, որ պաշտոնյաները ճոխ նվերներ են ստանում` առանց որեւէ արգելքի եւ մտահոգության: Միայն Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանն իր հայտարարագրում մի քանի տարի շարունակ նշել է նվիրատվությունների մասին, ընդ որում, խոսքն ահռելի գումարների մասին է:

Հիմա օրենքում ամրագրված է, որ թույլատրելի նվեր ընդունելիս պաշտոնատար անձը պարտավոր է կառավարության սահմանած կարգով հայտնել այդ մասին: Ըստ այդմ, եթե պաշտոնյայի ստացած նվերը գերազանցում է 75.000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն՝ հաշվառվում է եւ հանձնվում պետությանը կամ համայնքին: Իսկ նվերները դասակարգվում են գույքային սպառողականի եւ ոչ սպառողականի:

Եվ եթե գույքային սպառողական նվերի արժեքը գերազանցում է 100.000 դրամը, ապա վերադաս ունեցող անձն իր վերադասի համաձայնությամբ, իսկ վերադաս չունեցողը սեփական նախաձեռնությամբ այն պետք է ուղղի բարեգործության, կամ այդ նվերը համարվում է տվյալ մարմնի սեփականություն եւ գույքագրվում:

Իսկ եթե սպառողական նվերի արժեքը գերազանցում է 100.000 դրամը, ապա վերադաս ունեցող անձն այդ մասին պետք է հայտնի վերադասին: Գործող օրենքի շրջանակում վերադաս չունեցող պաշտոնյան շատ հանգիստ կարող է գույքային ոչ սպառողական, 100.000 դրամը գերազանցող արժեքով նվեր ընդունել: Եվ սա այն պատճառով, որ օրենքով սահմանված չէ այս դեպքում նվեր ընդունելու հետեւանքը:

Բացի այս` խնդիրն այն է, որ պաշտոնյաները, պարբերաբար ճոխ նվերներ ստանալով` սկսած թանկարժեք խմիչքներից, վերջացրած ժամացույցներով, պարզապես լռում են այդ մասին: Պատկերացրեք, եթե որեւէ պաշտոնյա նվեր ստանա 700 մլ տարողությամբ, 30 տարեկան «Էրեբունի» կոնյակ, որի գինը մոտ 280-290 հազար դրամ է, կամ նույն չափի 25 տարեկան« Արարատ», որի գինն էլ 90 հազարի սահմաններում է: Ի՞նչ պետք է անի այդ պաշտոնյան. բարեգործական նպատակներով ո՞ւմ է նվիրելու՝ որեւէ մանկատա՞ն, թե՞ իր իսկ ղեկավարած հիմնարկությանը:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս