Այսօր հայտնի դարձավ, որ ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթները:
Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է Ռուբեն Հայրապետյանի կողմից:
Նախ նշենք, որ 2016 թվականից ազգային հավաքականը գլխավորած Արթուր Պետրոսյանը ուղղակի ձախողեց Աշխարհի առաջնության որակավորման փուլը։ Արդյունքում, Հայաստանի ազգային հավաքականը, որը զբաղեցրեց նախավերջին հորիզոնականը, զրկվեց «Մունդիալ-2018»-ի ուղեգրից։
ՀՖՖ-ն հայտնեց, որ մարզչի անունը հայտնի կլինի օրեր անց, իսկ առջևում «Ազգերի Լիգան» է, որը մեր միակ հնարավորությունն է կարգով ավելի ցածր հավաքականների հետ հանդես գալու և նվաճելու «Եվրո-2020»-ի ուղեգիր։
Այժմ փորձենք վերհիշել հայկական ֆուտբոլի ծաղկուն ժամանակները, երբ 2010-2013թթ․ Հայաստանի ազգային հավաքականի ղեկին էր Վարդան Մինասյանը։
Վերջինս, ընդօրինակելով իր նախորդի՝ երջանկահիշատակ Իան Պորտերֆիլդի աշխատասիրությունն ու նվիրվածությունը, փոխանցելով ազգային հավաքականին, այդ ժամանակաշրջանում հայկական ֆուտբոլը վերելք ապրեց՝ «Ֆիֆա» դասակարգման աղյուսակում զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը, ինչը մեր պատմության մեջ բացառիկ դեպք էր։
Այսօր Հայաստանը նույն դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 91-րդ հորիզոնականը։
Հնարավո՞ր է արդյոք Վարդան Մինասյանը վերանշանակվի նախկին պաշտոնում, այս պահին հստակ չենք կարող ասել, քանի որ ի պատասխան ArmLur.am-ի հարցի՝ ՀՖՖ-ից փոխանցեցին, որ այս պահին որևէ տեղեկություն տրամադրել չեն կարող՝ ոչ հերքելով, ոչ հաստատելով մեր վարկածը։ Այլ թեկնածուների անուններ ևս չկարողացանք ստանալ ֆուտբոլի ֆեդերացիայից։
Ի դեպ, հարցազրույցներից մեկի ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ափսոսանք էր հայտնել Վարդան Մինասյանի հեռանալու կապակցությամբ և ցանկություն հայտնել շարունակել աշխատանքը նրա հետ։
Հավանական թեկնածուներից է նաև Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն, «Ալաշկերտի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։ Վերջինս, «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը լքել է երկու օր առաջ, ուստի՝ կարելի է եզրակացնել, որ Ռուբեն Հայրապետյանը նրա հետ կապված այլ նպատակներ ունի։
Հիշենք՝ Աբրահամ Խաշմանյանը, զբաղեցնելով «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը, երկու տարի անընդմեջ այս ակումբը դարձավ Հայաստանի չեմպիոն։
Աբրահամ Խաշմանյանի մեծ նվիրումի և սառնասրտության շնորհիվ ակումբը հասավ մինչև «Չեմպիոնների Լիգայի» որակավորման երկրորդ փուլ և, բախվելով հզոր մրցակցի՝ ինչպիսին՝ «Բելառուսի» չեմպիոն «Բատե»-ն էր, չհաղթահարեց արգելքը, բայց հայ երկրպագույին և ֆուտբոլասերին բազմաթիվ դրական պահեր պարգևեց։ Թեև պարտվեց 3։1 հաշվով, սակայն պատմության մեջ թողեց իր հետքը։
Այսպիսով՝ կկարողանան արդյոք համագործակցել Աբրահամ Խաշմանյանն ու Ռուբեն Հայրապետյանը, ցույց կտա ժամանակը։ Սպասենք զարգացումներին։
Երրորդ տարբերակը՝ դրսից այլազգի մարզիչ հրավիրելն է, քանի որ արդեն իսկ ունենք օրինակ՝ ի դեմս Իան Պորտերֆիլդի, ում օրոք ևս Հայաստանի ազգային հավաքականը վատ դիրքերում չէր։
Թե ինչ ճակատագիր է սպասվում Հայաստանի ազգային հավաքականին, և կտա արդյոք նոր գլխավոր մարզչի փոփոխությունը որակական առաջընթաց, թե ոչ, ցույց կտան հետագա զարգացումները։
Կանխատեսեց Էդգար Բաղդասարյանը