Վախենում էի այդ դերը խաղալ. «Արտավազդ» ստացած դերասանուհին կոտրել է պատնեշը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» ճանաչվեց Մհեր Մկրտչյան թատրոնի դերասանուհի Քնարիկ Զաքարյանը՝ «Վատ տղաներ» ներկայացման մեջ իր խաղացած միսիս Փոթերի կերպարով։

«14 տարի է՝ խաղում եմ Մհեր Մկրտչյան թատրոնում, ընդ որում՝ միշտ խաղում եմ գլխավոր դերեր։ Բայց այն կնոջ խարակտերը, որն ինձ առաջարկվեց, չէի ուզում խաղալ, խիստ կասկածում էի, որ կկարողանամ մարմնավորել տարիքով կնոջ տեսակը։ Այնուամենայնիվ, շատ կարեւոր է, որ դերասանը կարողանա կոտրել սեփական վախերն ու առաջ գնալ։ Ի դեպ, ժյուրիի անդամների համար անակնկալ էր ինձ այդ դերում տեսնելը, ճիշտն ասած՝ ինձ համար էլ էր անակնկալ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ծիծաղելով ասաց Քնարիկը։

Նա տեղեկացրեց, որ մտածում է նաեւ մոնո-ներկայացմամբ հանդես գալու մասին։ Կա ներկայացում, որտեղ Քնարիկը հանդես է գալիս Սամվել Թափալյանի հետ, եւ նրանք խաղում են երկուսով։ Խոսքը «Հրեշը լուսնի վրա» գործի մասին է։ Հիմա արդեն դերասանուհին ձգտում է հանդես գալ միայնակ. «Միայնակ կարողանալ դահլիճ պահել, դահլիճին հետաքրքրել, դա էլ շատ բարդ բան է, կցանկանամ այդ փորձությունն էլ հաղթահարել։ Դեռ չեմ բարձրաձայնի՝ ինչ պիեսի մասին է խոսքը, բայց կասեմ, որ պատրաստվում եմ աշխատել ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի հետ։ Նպատակ ունեմ ներկայացումը հետագայում ցուցադրել միջազգային փառատոներում։ Տեսնենք՝ ինչպես կստացվի»,-մանրամասնեց մեր զրուցակիցը։

Հարցին, թե ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ունի, Քնարիկը պատասխանեց, որ կիսատ է մնացել երջանկահիշատակ Ալբերտ Մկրտչյանի «Լակոտը» ֆիլմը, որտեղ նկարահանվում էր նաեւ ինքը։ Թե ինչ ճակատագիր կունենա «Լակոտը», Քնարիկը նշեց. «Չեմ կարող ասել, բայց այն շատ լավ ֆիլմ էր, շատ եմ ափսոսում, որ անավարտ մնաց»։

Քնարիկի խոսքով՝ ինքը սերիալներում նկարահանվելու մի շարք առաջարկներ է ստացել, բայց ոչ բոլորն են իր սրտով եղել, եւ դերասանուհին հրաժարվել է. «Համաձայն եմ, որ սերիալը մեծ ճանաչում է բերում դերասանին, բայց ամեն ինչի հետ համաձայնել՝ հանուն այն բանի, որ մի քիչ շատ երեւաս, ես չեմ ուզում»,-շեշտեց նա։

Անի Անտոնյան




Լրահոս