Ինչպես են պատրաստվում Արմեն Սարգսյանի երդմանակալությանը, և ովքեր ներկա կլինեն. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունը, թեեւ նախատեսված է անցկացնել մարզահամերգային համալիրում, սակայն այնքան էլ ճոխ չի լինելու: Ճիշտ է` հրավիրվել են մեծ թվով հյուրեր նաեւ արտերկրից, բայց ոչ առաջին դեմքի մակարդակով: Անգամ շատերը կհիշեն, թե 2013թ. Սերժ Սարգսյանի երդմնակալությունից առաջ ինչպես էին Երեւանի գլխավոր փողոցները փակել, փորձեր էին անում՝ Մատենադարանից համալիր տանելով Վեհամոր ավետարանը, նաեւ ՀՀ դրոշը: Այս անգամ, սակայն, նման եռուզեռ առանձնապես չկա:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արմեն Սարգսյանի երդմնակալությանը չեն մասնակցելու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Տեր-Պետրոսյանի բացակայությունը միանգամայն սպասելի է. նա չէր մասնակցում նաեւ դեռեւս նախագահի թեկնածու Ա. Սարգսյանի հետ հանդիպմանը, երբ վերջինս հանդիպեց ՀԱԿ անդամների հետ: Ինչ մնում է Քոչարյանին, ապա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել էր, որ երկրորդ նախագահը ներկա չի լինի Ա. Սարգսյանի երդման արարողությանը, քանի որ «այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը, ըստ նախապես ծրագրավորված իր օրակարգի, գտնվելու է արտերկրում»: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ Վ. Սողոմոնյանը նշեց, որ այս առումով ոչինչ չի փոխվել:

Ա. Սարգսյանի գրասենյակի ղեկավարը նշեց նաեւ, որ միջոցառմանը հրավիրված են նաեւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ: Իսկ խորհրդարանական ուժերից ներկա են լինելու ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն: Իսկ «Ծառուկյան» դաշինքը ներկա՞ է լինելու, թե՞ ոչ. «Այս թեմայով հատուկ քննարկում չենք ունեցել: Օրը կգա, կորոշենք»,-հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Մինչդեռ «Ելք» դաշինքում հստակ որոշել են` չեն մասնակցի արարողությանը: Այս մասին հայտնեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը: Կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ` Գեւորգ Գորգիսյանը, մանրամասնեց. «Քանի որ հրավերը «Ելք» խմբակցությանն է, իսկ խմբակցության մի մասը չի կարող ներկա գտնվել, մենք նպատակահարմար չենք համարում խմբակցության մի մասի ներկայությունը»:

Հարցին` եթե ՔՊԿ-ն մարզերում քայլերթի չլիներ, գուցե մասնակցեի՞ն արարողությանը. «Կքննարկեինք»,-արձագանքեց Գորգիսյանը: Այլ կերպ ասած` «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը չի բացառել, որ իրենք միգուցե ընդունեին իշխանությունների հրավերը:

Հիշեցնենք, որ 2013թ. Սերժ Սարգսյանի երդմնակալությանը միայն կոալիցիոն ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն էին, այն ժամանակ ընդդիմադիր ՀՅԴ-ն, որ հիմա կոալիցիայի կազմում է, նաեւ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» բոյկոտել էին, իսկ ԲՀԿ-ում պատգամավորներին թողել էին ազատ, եւ միայն իշխանության հետ առնչություն ունեցողներն էին մասնակցում այդ արարողությանը:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս