Մի շարք նախկին համայնքապետեր այս օրերին իրարանցման մեջ են. պատճառը իրավապահների կողմից նաեւ նախկին տարիներին համայնքապետարանների ֆինանսական ծախսերի հետ կապված ստուգումներն են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ շատերը պատրաստել են իրենց ճամպրուկները եւ ցանկանում են հեռանալ, քանի դեռ իրենց մոտ էլ չարաշահումներ չեն հայտնաբերվել, ու իրենք էլ մեղադրյալի կարգավիճակում չեն հայտնվել:
Մինչ այդ, հիշեցնենք, չարաշահումների դեպքեր են բացահայտվել Արմավիրի մարզի համայնքների 8 նախկին ղեկավարների, Լոռու մարզի Միխայլովկա, Ձյունաշող համայնքների, Շիրակի մարզի Մեղրաշատ, Իսահակյան համայնքների նախկին ղեկավարների, Վայոց ձորի մարզի մի քանի համայնքի նախկին ղեկավարների գործողությունների մասով, կան ձերբակալվածներ:
Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ արտագաղթել են պատրաստվում նաեւ այն գյուղապետերը, որոնք անգործ են մնացել համայնքների խոշորացումից հետո: Նրանք էլ մեկնում են դրսում աշխատանք գտնելու հույսով, քանի որ գյուղապետ եղած ժամանակ ստիպված են եղել մնալ տեղում, իսկ հիմա ազատ են: Ի դեպ, այս առումով ամենատխուրը Սյունիքի մարզում է: