Ի՞նչ կլինի, եթե Սերժ Սարգսյանին թոշակի ուղարկելու համառ կամք ունենան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի գերագույն դատարանը նախօրեին մերժեց նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլայի հայցադիմումը չեղարկելու նախորդ դատական ատյանի կայացրած վճիռը, որով վերջինս դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Նախկին նախագահը հայտարարում է, որ իր հանդեպ իրականացվող քրեական հետապնդումը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով: Դրա հետ մեկտեղ նախկին նախագահին պատասխանատվության կանչելը հատկապես Բրազիլիայի պես թերզարգացած ժողովրդավարությունում ունի թե՛ բացասական, թե՛ դրական նշանակություն, որից կարող է դաս քաղել նաեւ Հայաստանը ոչ թե հեռու ապագայում, այլ հենց ապրիլի 9-ին:

Բրազիլիայի նախկին նախագահը մեղադրվում է կոռուպցիայի մեջ` կաշառք վերցնելու համար: Նրան դատարանը ենթարկել է 12 տարվա ազատազրկման, եւ Գերագույն դատարան դիմելով` 72-ամյա Լուլան փորձում էր լուծել 2018թ. հոկտեմբերին նախագահական ընտրություններին մասնակցության հարցը: Այժմ Լուլան Բրազիլիայում լուրջ հեղինակություն է վայելում եւ հանդես է գալիս իշխանությունների խիստ քննադատի դիրքերում: Բրազիլիայի Գերագույն դատարանը 5-6 հարաբերակցությամբ որոշում է կայացրել ուժի մեջ թողնել Լուլայի հանդեպ կայացված դատավճիռը, ինչը նշանակում է, որ նախկին նախագահը ստիպված կլինի առաջիկա տարիներն անցկացնել անազատության մեջ:

Լուլան նախկին մետաղագործ է, առեւտրային միությունների ակտիվիստ, որը Բրազիլիայի նախագահ է դարձել 2003 թ.: Որպես ձախ թեւը ներկայացնող առաջին նախագահ` Լուլան Բրազիլիային բերեց տնտեսական ամենաերկար զարգացման շրջափուլը` թույլ տալով մեծ ֆինանսներ ծախսել սոցիալական լայն ծրագրերի վրա: Նրա իշխանության նախաձեռնությունների արդյունքում տասնյակ միլիոնավոր մարդիկ են դուրս եկել աղքատության ճիրաններից: Ավելին` Լուլան իշխանությունից հեռացել է սահմանադրական երկու ժամկետ սպառելուց հետո, ամենաբարձր վարկանիշով: Նա բրազիլական քաղաքականության հակասական կերպարներից մեկն է, որն ունի ինչպես իրեն սատարողների, այնպես էլ իրեն միանշանակորեն չընդունողների լուրջ բանակներ: Նախկին նախագահի ազատազրկման մասին դատական որոշումից հետո երկու ճամբարներն էլ հանրահավաքներ են անցկացրել բրազիլական մի շարք քաղաքներում, երբ մեկը պահանջում էր նախկին նախագահին անմիջապես ազատազրկել առանց թղթաբանական ընթացակարգերին հետեւելու, մյուսը կասկածի տակ է դնում դատարանի որոշման հիմնավորվածությունը:

2014թ., երբ Լուլան այլեւս նախագահ չէր, բրազիլական կառավարության դատախազությունը քննություն սկսեց այն մեղադրանքների առնչությամբ, ըստ որոնց` պետական «Պետրոբրաս» նավթային կազմակերպությունը կաշառքներ է ընդունել` սառուցապատող ընկերություններին պատվերներ տալու համար: Հետաքննությունը լայն թափ ստացավ ու ընդգրկեց բարձրագույն բազմաթիվ պաշտոնյաների: Լուլան մեղադրվում էր ավելի քան մեկ միլիոն դոլարանոց բնակարան ստանալու մեջ` որպես կաշառք իր կայացրած որոշումներից մեկի համար: Նախկին նախագահի պաշտպանական թիմը ժխտողական դիրքորոշում որդեգրեց քննության նկատմամբ` հայտարարելով, որ որեւէ ապացույց չկա այդ փաստը հավաստող` նկատի ունենալով, որ գործը կառուցված է միայն կոռուպցիայի մեջ մեղադրվողներից մեկի խոստովանական ցուցմունքի վրա: Լուլան էլ պնդում է, որ դա իր դեմ լարված դավադրություն է բրազիլական ռազմական շրջանակների կողմից, որոնց ինքը ժամանակին մերժել է` հրաժարվելով ընդունել նրանց իշխանությունն իր նկատմամբ: Հաշվի առնելով գործի քննության ընթացքը, ինչպես նաեւ Լուլայի հանդեպ հասարակական վերաբերմունքը` կարելի է ենթադրել, որ նրա դեմ հարուցված գործը քաղաքական մոտիվներ ունի: Առհասարակ այսպիսի թերի ժողովրդավարություններում լայն տարածված է քաղաքական ռեալ հակառակորդներին քրեական մեղադրանքներով ասպարեզից հեռացնելու պրակտիկան:

Միեւնույն ժամանակ հաճախ է կարիք առաջանում քաղաքական ու իրավական գնահատական տալ նախագահներին ու նրանց պաշտոնավարման ժամանակաշրջանին: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնաթողությունից հետո, որն ավարտվեց մարտի 1-ի սպանդով, ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրեսը» ստորագրահավաք սկսեց` նրան` իբրեւ ամբաստանյալ, Հաագայի միջազգային քրեական դատարան գործուղելու համար: Ի դեպ, գործի նյութերն ուղարկվեցին Հաագա, եւ տեղեկատվություն տարածվեց, որ դատախազն ընդունել է դրանք քննելու ու հասկանալու գործ հարուցելու հիմքերը: Սակայն մինչ օրս այս հարցում որեւէ էական տեղաշարժ չկա: Ենթադրելի է, որ Քոչարյանի հարցը կմնա օդից կախված այնքան ժամանակ, քանի դեռ նա կպահպանի իր չեզոքությունն ու որսորդական տրամադրությունները: Այս օրերին իր պաշտոնավարման 10-ամյակն ամփոփող Սերժ Սարգսյանին կարծես ոչ ոք մտադրված չէ ուղարկել դատարան, քանզի դեռ խնդիր է Սարգսյանից ազատվելը:

Վերջինս առկա իրավիճակում առավելագույնս պատրաստվել է սեփական իշխանավարության ընդհատում թույլ չտալուն: Դրա հետ մեկտեղ` ապրիլի 9-17-ը Սարգսյանը լինելու է պարզապես նախկին նախագահ առանց իրավական լծակների: Նրան հարկավոր եղավ 6-7 ամիս ազատվելու իշխանության բարձունքում Քոչարյանի ճնշող ներկայությունից, իսկ իր ներկայիս ենթականերն ունեն ընդամենը 6-7 օր: Սակայն դա էլ կարող է բավարար լինել նախագահի լիազորություններ ունեցող Արմեն Սարգսյանի ու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի համար, եթե վերջիններս Սերժ Սարգսյանին համատեղորեն թոշակի ուղարկելու կամք ունենան:

Ն. Հովսեփյան




Լրահոս