ՖՈՏՈ. Հայրենիքիս յուրաքանչյուր խնդիր նաև իմ խնդիրն է. Ապեր Սարկիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 Ապրիլյան քառօրյայի օրերին մենք բոլորս տեսանք, թե որքան միասնական կարող է լինել աշխարհասփյուռ հայ ժողովուրդը, երբ հայրենիքին վտանգ է սպառնում: Աշխարհի բոլոր ծայրերից հայկական համայնքներն ու անհատները շտապեցին յուրաքանչյուրն իր ուժերի ներածի չափով օգտակար լինել հայրենիքին ու այդ հայրենիքի սահմանը պահող զինվորին: Հատկապես ուշադրության կենտրոնում հայտնվեցին զոհված զինծառայողների ընտանիքիներն ու վիրավոր զինվորները:

Հայրենիք շտապած ու զինվորի կողքին կանգնածների առաջին շարքերում էին նաև բելգիահայ մի խումբ ընկերներ: Նրանք համայնքում հանգանակված միջոցներով դեղորայք, սնունդ ու հագուստ էին բերել զինվորներին: Բայց դա բելգիահայ մեր հայրենակիցների գործունեության միայն մեկ դրվագն էր: Ապեր Սարկիսյանը, ով արդեն երկար ժամանակ ընկերների միջոցով ամենատարբեր ֆորմատներով աջակցում է վիրավոր զինվորներին ու զոհված զինծառայողների ընտանիքներին, մեզ  հետ զրույցում հատուկ նշում է՝ մեր գործի անունը բարեգործություն չդնեք, ես ու իմ ընկենրերը սա մեր պարտականությունն ենք համարում:

Ապեր Սարկիսյանն ինքն էլ ազատամարտիկ է, մասնակցել է Արցախյան պատերազմին, ծառայել է Շուշիի առանձնակի գումարտակում: 17 տարի բնակվելով Բելգիայում`ոչ միայն չի կտրվել հայրենիքից, այլև հայրենիքի յուրաքանչյուր խնդիր իրենն է համարում. «Ես ակտիվ եմ ցանկացած հարցում, որը վերաբերում է իմ հայրենիքն ու հայ ժողովրդին: Մտածեցի ու որոշեցի, որ իմ ընկներների հետ միասին համաձայնության գանք մի գաղափարի շուրջ, այն է՝ մենք պետք է պիտանի լինենք մեր զինվորներին, սահմանը պահողներին: Մենք բոլորս մեր քրտինքվ ապրող մարդիկ ենք, մեր մեջ չկան մեծահարուստներ, մենք մեր աշխատածն ենք ներդնում, փորձում ենք ինչ-որ բանով օգտակար լինել մեր զինվորներին ու ազատամարտիկներին: Ես հպարտ եմ, որ հայ եմ ու կապ չունի, որ Հայաստանի սահմաններից դուրս եմ բնակվում: Ես մեկ վայրկյան անգամ չեմ մոռանում հայրենիքիս ու դրա առաջ իմ պարտքի մասին: Ուզում եմ հստակ ընդգծել. մենք բարեգործություն չենք անում, դա հայրենիքի առաջ մեր պարտականությունն է: Ինքս անչափահաս էի, երբ մասնակցեցի Արցախյան պատերազմին: Այդ ժամանակ էլ ամբողջովին հասկացա, թե ինչ ասել է հող, սահման, հայրենիք»:

Ապեր Սարկիսյանն ու իր գաղափարակից ընկերները դեռևս Ապրիլյան քառօրյայից առաջ էին սկսել իրենց ազգանվեր գործունեությունը: Տարիներ շարունակ, առանց մեծ աղմուկ հանելու, Բելգիայում ապրողյ մեր հայրենակիցները, իրենց հնարավորության սահմանում, պարբերաբար օգնել են զոհված ու վիրավոր զինծառայողների ընտանիքներին: Այնուհետ տղաների գաղափարը վարակել է շատերին ու թիմը մեծացել է. միացել են բազմաթիվ հայեր Եվրոպայի տարբեր երկրներից՝ Հոլանդիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից և այլն: «Մեզ վստահում են, քանի որ տեսնում են, որ գործը հասցնում ենք իր նպատակին, որ տված յուրաքանչյուր լումա ծառայում է բացառապես իր նպատակին: Առաջին մեծամասշտաբ միջոցառումն իրականացրել ենք Թալինում, իսկ հետո նաև Հրազդան, Աբովյան ու Էջմիածին քաղաքներում: Հրավիրել ենք զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, զինվորական հաշամդամներին ու փոխանցել հանգանակված գումարը»,-պատմում է Ապերը: Հարցին, թե ի՞նչն է մոտիվացնում իրեն ու ընկերներին, ասում է՝ «Ես հայ եմ, դրանով շատ բան է ասված: Եթե ես Եվրոպայում եմ ապրում, ապա դա չի նշանակում, որ բարոյական իրավունք ունեմ մոռանալ հայրենիքս, հողս, ջուրս, մարդկանց, ովքեր իրենց կյանքի գնով հայրենիքիս սահմանն են պահում: Չեմ կարող հետ չնայեմ, աչքերս ու ականջներս փակեմ ու ձևացնեմ, թե ոչինչ չեմ լսում, չեմ տեսնում ու ինձ հետաքրքիր չի»:

Ապեր Սարկիսյանն ու իր կողքին կանգնած ազնիվ հայորդիները ներդորւմ ունեն նաև ամիսներ առաջ Երևանում բացված Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնի կառուցման գործում: «Բրյուսելի հիվանդանոցներից մեկում աշխատում է մեր հայրենակցուհին` Աննա Ղուկասյանը, ով մասնագիտությամբ բժշկուհի է: Ապրիլյան քառօրյայից հետո նա ցանկություն ուներ որևէ ձևով որևէ զինվորի օգտակար լինել: Մենք Բելգիայի հայության օգնությամբ կազմակերպեցինք զինծառայող Արման Ավետիսյանի տեղափոխումը Բելգիա, որտեղ ոտքը պրոթեզավորվեց: Այդ ընթացքում մենք նորից գումար էինք հավաքում՝ հերթական գործի համար: Ես եկա Հայաստան իմացա, որ զինհաշմանդամների համար վերականգնողղական կենտրոն է բացվում: Ինքս եկա հիվանդանոց, հանդիպեցի Հայկուհի Մինասյանի, Արմեն Մուրադյանի ու Արթուր Ավագյանի հետ, խոսեցինք, հասկացա, որ կարող ենք հենց այդ Կենտրոնին օգտակար լինել: Հավաքված 4000 եվրոն փոխանցեցինք կենտրոնին»:

Ապեր Սարկիսյանը դեռ Կենտրոնն իր աչքով չի տեսել, բայց ուշադիր հետևում է բոլոր հրապարակումներին, մտածում է առաջիկայում Հայաստան գալու, տեղում կատարված աշխատանքին ծանոթանալու մասին: Ասում է, որ ստացված արդյունիքց գոհ է ու շտապում ավելացնել՝ կգամ, որ տեսնեմ, թե էլ ինչով կարող ենք օգտակար լինել:

Ապեր Սարկիսյանը առանձնահատուկ նշում է. «Ուզում եմ առիթից օգտվել ու շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին, որոնք իրենց լուման են ներդրել այս սուրբ գործին: Այդ մարդիկ անձնվեր հայրենասերներ են, որոնք իրենց վրա պարտականություն են դրել օգտակար լինել հայրենիքին՝ թեկուզ այսքան հեռվից: Նրանցից ամեն մեկի մասնակցության շնորհիվ է հնարավոր եղել իրագործել մեր ծրագրերը: Ու հետագայում էլ հենց այդ մարդկանց միջոցով ենք կարողանալու իրականացնել բազում այլ նախագծեր:»

 




Լրահոս