Ո՞րն է իրականը, տերն ու տիրականը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ավարտվեցին Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները: Ու մինչ ոմանք կշտապեին ուրախանալ այդ իրադարձությամբ, դառը հիասթափություն էր սպասվում. նույն օրն իսկ գրեթե պաշտոնապես հայտարարվեց՝ Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ իշխանության ղեկին, պարզապես վարչապետի պաշտոնում:

Եւ այսպես` խորհրդարանի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը երդմնակալությամբ պաշտոնապես ստանձնեց իր լիազորությունները: Դրանից հետո վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը Սահմանադրությամբ նախատեսված կարգով նորընտիր նախագահին ներկայացրեց իր հրաժարականը: Ու թվում էր՝ արարողակարգով նախատեսված իրադարձություններն այսքանով ավարտվեցին:

Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն երեկոյան վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական հայտարարություն է տարածել, թե Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն անդրադարձել են ապագա վարչապետի թեկնածուին. «Որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն` որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»:
Այսպիսով` Արմեն Սարգսյանը հասցրեց ընդամենը մի քանի ժամ վայելել իր նոր կարգավիճակը եւ զգալ որպես պետության գլուխ /ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ/: Կարապետյանն այս հայտարարությամբ ուղղակի վերջ դրեց նրա ոգեւորությանը` շեշտելով հատկապես Սերժ Սարգսյանին «առաջին դեմք ներկայացնելու» մասին: Այսինքն` Սերժ Սարգսյանն այսպես Արմեն Սարգսյանին հասկացրեց, թե ով է այստեղ իրական իշխանությունը:

Բայց նկատենք, որ այդ հայտարարությունն անելիս Կարեն Կարապետյանն ինքն էլ անհարմար վիճակում էր. չէ՞ որ ժամանակին իրեն Մոսկվայից հրավիրեցին՝ խոստանալով պաշտոնավարելու հնարավորություն տալ նաեւ ապրիլից հետո: Եւ երբ Կարապետյանը ոգեւորված սկսեց հայտարարել, թե ցանկություն ունի եւ պատրաստ է վարչապետ մնալ ապրիլի 9-ից հետո, ՀՀԿ-ականները, մեջտեղ բերելով չորս տարվա մշտական բնակության ցենզը, հասկացրին՝ «որտեղ են գիշերում խեցգետինները»: Ու երեկ «առաջին դեմքի» մասին այդ հայտարարությամբ Կարեն Կարապետյանը ստիպված էր ընդունել նաեւ իր պարտությունը եւ հպատակվել Սերժ Սարգսյանին:

Իսկապես, Սերժ Սարգսյանի քաղաքականությունը հիշեցնում է մկան հետ կատվի խաղ:

Ավելի մանրամասն`  «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս