«Ժողովուրդ» օրաթերթն ապրիլյան պատերազմի երկրորդ տարելիցի շրջանակներում փորձել էր հերոս նահատակների ընտանիքներից տեղեկանալ՝ արդյո՞ք իշխանությունները շարունակում են հոգատարություն ցուցաբերել, թե՞ ոչ: Պարզվել էր` շատ դեպքում զոհերի հարազատներն անտեսված վիճակում են: Եւ ահա, մեզ հայտնի դարձավ, որ այդ հրապարակումներից հետո պաշտպանության նախարարությունից զանգահարում են զոհված զինծառայողների ծնողներին` հորդորելով զերծ մնալ հարցազրույցներ տալուց, իսկ ովքեր արդեն հարցազրույցներ են տվել, հորդորում են այլեւս չխոսել` նշելով, թե հարցը հասել է «մինչեւ նախարարին», ու գեղեցիկ չէ, որ թեման շարունակություն ունենա:
ՊՆ-ին դուր չի եկել, որ ապրիլյան պատերազմի զոհերի հարազատները բարձրաձայնել են իրենց անուշադրության եւ անտարբերության մասին: Հարցի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, սակայն նա հերքեց տեղեկությունները՝ ասելով. «Չկա այդպիսի բան: Չի կարող նման բան լինել»: