Սերժ Սարգսյանի լուսանկարները պատերից հանե՞լ են. մեկնաբանում են տարբեր հաստատությունների ղեկավարներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` երեկ Արմեն Սարգսյանը պաշտոնապես ստանձնեց ՀՀ 4-րդ նախագահի պարտականությունները: Եվ այսպիսով ենթադրվում է, որ նա նախագահին վերապահված լիազորությունների շրջանակում պետք է օգտվի այն առավելություններից, որոնք ընդունված են նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի համար: Օրինակ՝ մեր երկրում նախագահի լուսանկարը փակցվում է բոլոր պետական մարմիններում` նախարարություններից մինչեւ կրթական հաստատություններ: Պետական խորհրդանիշների մասին օրենքում նշված չէ այն մասին, թե ում լուսանկարը պետք է կախված լինի պաշտոնյաների աշխատասենյակներում: Պարտադիր է միայն զինանշանի եւ դրոշի առկայությունը, բայց այս տարիներին Սերժ Սարգսյանի նկարը պետական բոլոր հաստատություններում ղեկավարների աշխատասենյակում փակցված է եղել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե արդյո՞ք տարբեր հաստատությունների ղեկավարներ արդեն շտապել են պատից հանել Սերժ Սարգսյանի լուսանկարը` փոխարինելով այն նոր նախագահի նկարով:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը հարցին, թե արդյո՞ք խմբակցությունից հանվել է Ս. Սարգսյանի նկարը, ասաց, որ նման տեղեկություն չունի: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ժ/պ Արտեմ Ասատրյանի մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանը նշեց, թե տեղյակ չէ, թե իր նախարարի աշխատասենյակում դեռեւս Սե՞րժ, թե՞ Արմեն Սարգսյանի նկարն է փակցված: Նույնը նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի ժ/պ Սուրեն Կարայանի դեպքում էր. նրա մամուլի խոսնակ Աննա Օհանյանն ասաց, թե քանի որ այս հարցը որեւէ օրենսդրական կարգավորում չունի, ուստի կարգադրություն էլ չկա:

Ինչպես հայտնի է` նախագահի լուսանկարը փակցվում է նաեւ դպրոցներում: Երեւանի Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հարցին, թե արդյո՞ք չի հանձնարարվել նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի լուսանկարը փակցնել, ասաց` ոչ դեռեւս: Դիտարկմանը, թե փաստորեն դեռեւս Սերժ Սարգսյանի լուսանկարն է պահպանվում, դպրոցի տնօրենը նշեց. «Որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել առայժմ, քանի որ դրա վերաբերյալ նոր հանձնարարական չի տրվել»: Այս հարցով դիմեցինք նաեւ Հասմիկ Պետրոսյանին, ով ընտրված նախագահի գրասենյակի ղեկավարն էր: «Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմում ես դեռեւս չկամ, որեւէ ստատուս չունեմ` այս հարցերին պատասխանելու համար»,-հայտնեց նա: Սակայն ինչպես երեւում է` շատ հաստատություններում չեն շտապել հանել Ս. Սարգսյանի լուսանկարը, այլապես այդ մասին աշխատակիցներն արդեն տեղյակ կլինեին:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս