Երեկ կայացավ թվով 7-րդ նախագահական երդմնակալության արարողությունը, որը անցավ հայաստանյան տխուր ավանդույթներով: Սովորաբար այս իրադարձությունը ժողովրդավարական երկրներում անցնում է տոնական մթնոլորտում, մինչդեռ Հայաստանում այն վերածված է փակ, կաստայական միջոցառման: Թվում էր՝ Արմեն Սարգսյանը, որպես արեւմտյան քաղաքակրթական արժեքների կրող, կփորձեր վեր կանգնել հայկական մռայլ ավանդույթներից, սակայն հայությանը կրկին հիասթափություն էր սպասվում այս առումով:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 1991թ. նոյեմբերին: Այն անցկացվել է ՀՀ Գերագույն խորհրդի նիստում` ներկայիս կառավարության նիստերի մեծ դահլիճում, որտեղ այնժամ տեղակայված էր խորհրդարանը: Այն ժամանակվա խորհրդարանը ձեւավորվել էր հասարակության քվեով եւ գրեթե ամբողջությամբ արտահայտում էր հասարակական տրամադրությունները:
Առաջին նախագահի երկրորդ երդմնակալությունը տեղի ունեցավ ՀՀ ԱԺ ներկայիս շենքում: Դրան նախորդել էին վիճահարույց ընտրություններ. այն ժամանակ ընդդիմադիր առաջնորդ Վազգեն Մանուկյանն ու իր կողմնակիցները գրոհել էին ԱԺ շենքի վրա, առեւանգել եւ բռնության ենթարկել ԱԺ ղեկավարությանը: Մի տեսակ մթնոլորտն այն չէր:
Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության առաջին արարողությունը կայացավ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Թեպետ հասարակությունը առանձնակի ջերմությամբ չէր տրամադրված նոր նախագահի հանդեպ, եւ ընտրություններում հիմնական մրցակիցը ներկա չէր միջոցառմանը, սակայն նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի ու նրա կողմնակիցների ներկայությունը որոշակիորեն խոսում էր ազգային միասնականության փորձի մասին: Արդեն 2003թ. երդմնակալությունը տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում: Այսժամ Քոչարյանն ու նրա շրջապատը հասարակությունից պաշտպանվում էին փշալարերով, իսկ բողոքի ցույցեր անցկացնող անձինք բռնությունների էին ենթարկվում: Քոչարյանի երկրորդ ժամկետը մեկնարկեց ընդդիմության հանրահավաքի ճնշմամբ ու մասսայական բռնություններով՝ այդ ավանդույթը փոխանցելով Սերժ Սարգսյանին: Վերջինս 2008թ. իր երդմնակալությունն իրականացրեց Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Սարգսյանը պատահական չէր ընտրել այդ վայրը՝ հաշվի առնելով Ազատության հրապարակի տեղաբաշխվածությունը, որտեղից մարտի 1-ի առավոտյան բռնությամբ ցրվել էին խաղաղ հանրահավաքները, իսկ նույն օրվա երեկոյան արդեն դիմահար կրակոցով գնդակահարվել էին 10 քաղաքացիներ: Սարգսյանը Ազատության հրապարակում զինվորական շքերթ անցկացնելով՝ հուշում էր հասարակությանը, որ հիմնվելու է ուժի վրա: Ի դեպ, Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ Օպերայի շրջակայքն ամբողջությամբ շղթայված էր ոստիկաններով, որոնք անգամ թույլ չէին տալիս մոտակա շենքերի բնակիչներին ներս ու դուրս անել: Իսկ Սերժ Սարգսյանն Ազատության հրապարակում միայնակ ընդունում էր շքերթը՝ քամուց քշված ցելոֆանի ուղեկցությամբ: Սարգսյանի երկրորդ երդմնակալությունը նույնպես անցավ փակ պայմաններում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի երթը ուղղություն վերցրեց դեպի Բաղրամյան 26, բախվելով ոստիկանության խիտ շարքերին, հանգրվանեց Ծիծեռնակաբերդում եւ աղոթեց «զորավար» ոստիականապետի հետ:
Խորհրդարանական կառավարմամբ պետություններում, ինչպես օրինակ՝ Գերմանիայում, նախագահական երդմնակալության արարողությանը այնքան էլ մեծ կարեւորություն չի տրվում: Եվ այդ պատճառով էլ այն անցկացվում է խորհրդարանում: Մինչդեռ նախագահական ԱՄՆ-ում, օրինակ, հունվարյան սաստիկ ցրտի պայմաններում ԱՄՆ Կոնգրեսի դիմահայաց հրապարակում կազմակերպվում է բաց արարողություն, որին մասնակցում են միլիոնավոր մարդիկ: Ֆրանսիայում նախագահը երդվում է Վերսալյան պալատում, սակայն պաշտոնական ելույթից հետո դուրս է գալիս հասարակությանն ընդառաջ, շրջում ժողովրդի մեջ, շքահանդեսների մասնակցում եւ այլն: Այս երկրներում նախագահական երդմնակալության արարողությունը լուսաբանում են հարյուրավոր լրատվամիջոցներ, ներկա է լինում գրեթե ողջ քաղաքական դասը՝ անկախ ընդդիմադիր կամ իշխանության ներկայացուցիչ լինելուց, ինչպես նաեւ հազարավոր քաղաքացիներ: Ողջ օրվա ընթացքում մայրաքաղաքում թեւածում է տոնական տրամադրությունը:
ՀՀ նախագահի 7-րդ երդմնակալության արարողությունն իր փակ բնույթով չտարբերվեց նախորդներից: Այսժամ նույնպես փողոցում նորընտիր նախագահին ողջունող բազմություն չկար: Անգամ լրագրողների ներկայությունն էր դահլիճում արգելված՝ թողնելով խորհրդային շրջանին բնորոշ միջոցառման տպավորություն: Նոր նախագահը ունեցավ հռչակագրային մակարդակի մի ելույթ՝ հասցնելով միայն գովաբանել իր նախորդի «քաղաքական հեռատեսությունը»: Նկատելի էր նաեւ, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ելույթի ժամանակ Արմեն Սարգսյանն ակնհայտ հուզված էր:
Նրա երդման արարողությանը նվիրված հատուկ նիստը տեւեց ընդամենը 40 րոպե. ավանդական տեքստ եւ ավանդական ելույթներ: Հետաքրքիր է, որ ՆՍՕՏՏ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի աջն Արմեն Սարգսյանը չհամբուրեց: ԱԺ հատուկ նիստին ներկա հյուրերի շրջանակը սպասելի էր. բացի «Ելք» խմբակցությունից, խորհրդարանական մյուս ուժերը մասնակցում էին, իսկ ահա «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ներկա չէ, ինչպես պարզվեց` երկրում չէ: Չնայած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա է եղել Սերժ Սարգսյանի երդման արարողությանը նաեւ 2013 թվականին, սակայն այս անգամ ներկա չէր. պաշտոնական մեկնաբանությունը եւս նույնն էր. նա երկրում չէ:
Արարողությանը չէին մասնակցում նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ անդամները. բացառություն էր միայն ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ով, սակայն, խուսափեց լրագրողների հարցերից եւ գերադասեց մեքենան նստելով արագ հեռանալ: Որքան էլ զարմանալի է` արարողությանը մասնակցում էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Համացանցում են հայտնվել նաեւ նրա՝ Սերժ Սարգսյանի հետ ջերմ ձեռքսեղմման լուսանկարները: Փաստորեն, մինչ նրա կուսակիցները փողոցում պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, նա չի խուսափում սեղմել նրա ձեռքը` հավանաբար՝ հետաքրքրվելով, թե «տիկին Սարգսյանն ինչպե՞ս է»: Իրենց ընդդիմադիր համարող ուժերից նկատեցինք նաեւ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանին:
Հաշվի առնելով Արմեն Սարգսյանի բնավորությունը, արեւմտյան հասարակությունում բնակվելը, վերջինիս` նիստուկացին լավագույնս ծանոթ լինելը, կարծելի էր, որ նա պարզապես թույլ չի տա վերածելու իր երդմնակալության արարողությունը խորհրդային մռայլ միջոցառման: Դժբախտաբար, նոր նախագահը այդ փտած կարծրատիպերը հաղթահարել չկարողացավ: Հուսանք՝ սա ժամանակավոր է, մինչեւ որ ամրապնդի իր դիրքերն ու ազատվի Սերժ Սարգսյանի կողմից նշանակված նախագահի բարդույթից:
Ն.Հովսեփյան