Եկեղեցու կեղծ մկրտության վկայագրեր. նոր միջոց` անօրինական միգրացիա կազմակերպելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անօրինական միգրացիա կազմակերպելու դրսեւորումները շարունակվում են: Այս անգամ կազմակերպիչները խոստացել են ՀՀ տարածքով անօրինական միգրացիան դեպի Կանադա կազմակերպելու համար Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կեղծ մկրտության վկայագրեր պատրաստել:

Այն, որ անօրինական միգրացիա կազմակերպելու համար տարբեր գերատեսչությունների վկայագրեր են կեղծում, գաղտնիք չէ ոչ ոքի, սակայն բանը հասել է այնտեղ, որ հիմա էլ անօրինական միգրացիա կազմակերպողները որոշել են ՀՀ տարածքով անօրինական միգրացիա դեպի Կանադա կազմակերպելու համար Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կեղծ մկրտության վկայագրեր պատրաստել:
Եվ այսպես` մեզ հայտնի դարձավ, որ նախաքննությունը իրականացնող մարմինը Ռոբերտ Քեշիշյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա մշտապես բնակվելով Երեւանում` հեռախոսակապ է հաստատել ԻԻՀ քաղաքացիներ Ամին Ամիրղոլիի Քարամիի հետ եւ խոստացել, որ կարող է նրա եւ նրա ընկերոջ` Ամիր Մոհամմադի Բորումանդֆարի միգրացիան ՀՀ տարածքով անօրինական կազմակերպել դեպի Կանադա:

Արդյունքում` Ռոբերտ Քեշիշյանը նշված ԻԻՀ քաղաքացիներից յուրաքանչյուրից պահանջել եւ ստացել է 19 հազարական ԱՄՆ դոլար` ասելով, որ այդ գումարից 2000-ական ԱՄՆ դոլարով պետք է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կեղծ մկրտության վկայագրեր պատրաստի, իսկ մնացած 17 հազարական ԱՄՆ դոլարով եվրոպական որեւէ երկրի կեղծ անձնագրեր եւ ուղեւորության փաստաթղթեր պատրաստի: Բացի Քեշիշյանից` ամբաստանյալի աթոռին է հայտնվել Ամիր Մոհամմադի Բորումանդֆարին եւ Ամիր Ամիրղոլիի Քարամին, որոնց մեղադրանք է առաջադրվել, որ նրանք, բնակվելով Իրանում եւ նպատակ ունենալով մշտական բնակություն հաստատել Կանադայում, ընկերոջ` Ամին Քարամիի միջոցով հեռախոսակապ է հաստատել ՀՀ-ում բնակվող ԻԻՀ քաղաքացի Ռոբերտ Քեշիշյանի հետ, ով ստանձնել է յուրաքանչյուր անձի համար 17 000-ական ԱՄՆ դոլարի դիմաց փաստաթղթեր, իսկ լրացուցիչ 2000-ական ԱՄՆ դոլարի դիմաց նաեւ մկրտության վկայագրեր պատրաստի, որպեսզի վերջիններս Կանադայում հիմքեր ունենան` որպես փախստականներ հանձնվելու համար:
Եվ ահա ՀՀ իրավապահները բացահայտել են այս դեպքը, եւ Իրանի քաղաքացիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելու մասին, իսկ ահա Ռոբերտ Քեշիշյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Ք. Մ.




Լրահոս