Դիահերձողը Սևանից է մեկնում Բերդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բերդի տարածաշրջանի բնակիչները «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում դժգոհել են, որ Բերդի տարածաշրջանում դիահերձող չկա, եւ հարկ եղած դեպքում դիահերձող դատական բժիշկը Սեւան քաղաքից կտրում է 130 կմ ճանապարհ` Բերդ հասնելու համար: Արդյունքում նա ոչ միայն հաճախ ուշանում է, այլեւ մահացածի հարազատներին ասում է, որ մի քանի հոգու մահվան դեպքում միայն ինքը կգնա Բերդ, դատական բժիշկը մահացածների հարազատներին ասում է, որ վերջիններս դիահերձումից հետո պետք է վերցնեն մահացածի ներքին օրգանները եւ այսպես շարունակ:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Սեւանի Ձկնագյուղ գյուղի բնակիչ, դատական բժիշկ Սահակ Ավետիսյանին, որն էլ սպասարկում է Բերդը: Նա ասաց, որ վերջերս Բերդի բնակիչներից մեկը, ով իր հարազատի մահվան վկայականը ստանալու խնդիր է ունեցել, բողոքել է իր աշխատանքից: Ս. Ավետիսյանը, ով 30 տարեկան է, ասաց, որ մեկ ամիս է` ինքը նաեւ Բերդի տարածաշրջանում է դատական բժիշկ աշխատում, մեկ ամսում այդ տարածքում 7 դիահերձում է կատարել, այն պնդումը, որ մի քանի մահվան դեպքում է միայն ինքը Բերդ մեկնում, իրականությանը չի համապատասխանում: Դատական բժիշկն ասաց, որ ինքը միշտ սահմանված ժամկետում` մահվան դեպքից 12 ժամ անց, բայց ոչ ուշ, քան 24 ժամում է կատարում դիահերձումը, ինքն այդ գործը երբեք չի ուշացրել:

Նրա խոսքերով` որպես դատական բժիշկ է կատարում դիահերձումը, մահացածի հարազատները վճարում են միայն սանիտարուհուն, ով նրանց վճարման անդորրագիր է հանձնում: Ս. Ավետիսյանը պարզաբանեց, որ դիահերձման ժամանակ մահացածի ներքին օրգանները իր կողմից մշակվում եւ փակվում են մահացածի որովայնում, եղել է 1-2 դեպք, երբ մահվան պատճառ դարձած, ուռուցքահարված օրգանը նեխած է եղել, եւ այն մարմնից հեռացնելու խնդիր է ծագել: Նա ասաց, որ առաջիկայում լուծվելու է Բերդի բժշկական կենտրոնի տարածքում դրանք թաղելու համար նախատեսված տարածքի հարցը:

Ս. Ավետիսյանը հայտնեց, որ Բերդի տարածաշրջանում տարեկան մահվան շուրջ 400 դեպք է տեղի ունենում, մինչդեռ ինքը մեկ ամսում 7 դիահերձում է կատարել: Նրա խոսքերով` ինքը դիահերձում է կատարում քննիչի, հետաքննիչի կամ այլ իրավապահի որոշմամբ: Շատ դեպքերում Բերդի եւ Իջեւանի տարածաշրջանի գյուղերում դիահերձում չի կատարվում կամ այն կատարվում է տնային պայմաններում: Տնային պայմաններում դիահերձումից հետո կարող է վարակ տարածվել այդ տան բնակիչների, հատկապես փոքրահասակ երեխաների մեջ:

Դատական բժշկի վկայությամբ` շատ դեպքերում Բերդի եւ Իջեւանի տարածաշրջանի գյուղերում մահացածի հարազատները մահվան վկայական ստանում են ընտանեկան բժիշկներից, մինչդեռ կարող են դեպքեր լինել, որ մահվան պատճառը մահացածի հիվանդությունը չի եղել, հետո արտաշիրիմում կատարելու անհրաժեշտություն կառաջանա:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս