Այսօրվանից ռուսական կողմը կստուգի լոլիկի հայ արտադրողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոլիկի` հայաստանցի արտադրողները, արտահանողները հայտնվել են ռուսական «Ռոսսելխոզնադզորի» տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ապրիլի 11-ից «Ռոսսելխոզնադզորը» ստուգելու է լոլիկի հայ արտադրողներին:
Բանն այն է, որ այս կառույցը կասկածում է` հայ արտադրողները թուրքական ծագման լոլիկը վերաարտահանում են ՌԴ: Ավելին` ռուսական կողմն իր մտահոգությունն է հայտնել. պատճառն այն է, որ ներկա պահին Հայաստանում ստեղծվել է թուրքական լոլիկը հայկականի անվան տակ արտահանելու բարենպաստ իրավիճակ: Ի դեպ, հայ արտադրողներին ստուգելու որոշման մասով պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու` ե՛ւ ռուսական, ե՛ւ հայկական կողմերի միջեւ:

Ըստ ռուսական «Ռոսսելխոզնադզոր»-ի` ՀՀ-ից դեպի Ռուսաստան լոլիկ արտահանում է երկու ընկերություն` «Սպայկա»-ն ու «Գրինպրոդուկտ»-ը, որոնք զբաղվում են ոչ միայն լոլիկի արտադրությամբ, մթերմամբ, այլեւ արտահանմամբ: Ու ստացվում է, որ ռուսական կողմը թուրքական լոլիկի վերաարտահանման մեջ կասկածում է այս ընկերություններին: Այսպես` ռուսական կողմի հաղորդագրության մեջ նշված է, որ ընկերությունների արտադրության ծավալների ընդլայնումն ու ինտենսիվ առաքումը վկայում է հայկական կողմի վերարտահանման մասին, այդ թվում եւ թուրքական ծագում ունեցող արտադրանքի: Այս նպատակով «Ռոսսելխոզնադզոր»-ը հայկական կողմից պահանջել է ներկայացնել տեղեկություններ լոլիկի արտադրության, աճի ծավալների եւ արտադրության վայրերի մասին: Իսկ մինչ այս վերջին շրջանում համառորեն լուրեր էին շրջանառվում այն մասին, որ հայկական արտադրանքի անվան տակ մեծ քանակությամբ թուրքական ծագման լոլիկ է արտահանվում ՌԴ: Սակայն այս տեղեկությունը պաշտոնապես այդպես էլ չի հաստատվել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս