Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ն որպես առաջին դեմք տեսնում է Սերժ Սարգսյանին, այսինքն՝ հենց նա է առաջադրվելու որպես հաջորդ վարչապետ: Եվ Սերժ Սարգսյանի առաջին դեմք լինելու մասին հայտարարեց ոչ ավել ոչ պակաս քան Կարեն Կարապետյանը, ով այժմ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն է եւ, ով մշտապես հայտարարել է, թե հիմա էլ վարչապետ աշխատելու ցանկություն ունի:
«Հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Որովհետև, կրկնում եմ, չափազանց կարևոր է սահուն, արդյունավետ և ռիսկերը նվազեցնելով անցում կատարել կառավարման նոր համակարգին», – նշել է Կարեն Կարապետյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռևս 2017 թվականի սեպտեմբերին գրել էր այն մասին, որ հենց Կարեն Կարապետյանն է հայտարարելու Սերժ Սարգսյանի թեկնածության մասին եւ այն պարզաբանելու անվտանգության նկատառումներից ելնելով: Դեռ այն ժամանակ մենք գրել էինք, որ Կարեն Կարապետյանին կվերապահվի առաջին փոխվարչապետի պաշտոնը, որպեսզի համակարգի տնտեսությունը: