Արատավոր համակարգի շարունակողը. Արմեն Սարգսյանը գերադասում է շփվել արտասահմանի լրագրողների հետ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է շարունակել նախորդների արատավոր բարքերը: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ մարզահամերգային համալիրում Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը նախօրեին անցկացվեց փակ դռների հետեւում: Միայն իշխանահաճո մի քանի լրատվամիջոցի ներկայացուցչի էր բախտ վիճակվել ներկա գտնվելու համալիրում, իսկ մյուսները ստիպված էին իրադարձություններին հետեւել համացանցով, մի քանի կիլոմետր հեռավորությամբ՝ կա՛մ ԱԺ շենքից, կա՛մ իրենց խմբագրություններից:

Երեկ էլ հայտնի դարձավ, որ Արմեն Սարգսյանը պաշտոնը ստանձնելու հաջորդ օրն իսկ հանդիպել է մի խումբ ռուս լրագրողների հետ: Այլ կերպ ասած` նորընտիր նախագահը որոշել էր արհամարհել տեղական լրատվամիջոցներին` գերադասելով առաջինը շփվել օտարերկրացիների հետ:

Հիշեցնենք` իր պաշտոնավարման ընթացքում այդպես է վարվել նաեւ Սերժ Սարգսյանը. նա «լեզվաշարադրական սխալներից», լեզվական հայտնի սայթաքումներից հետո կտրուկ դադարեցրեց լրատվամիջոցների հետ անմիջական շփումը:
Բացի այդ` գործող իշխանությունը հետեւողական պայքար է սկսել լրատվամիջոցների դեմ` մամուլի առաջ փակելով դռները: Պատահական չէ, որ կառավարության նիստերն անցկացվելու են դռնփակ, անգամ օրենսդրական վերջին փոփոխություններից հետո լրագրողներին արգելում են ներկա գտնվել Երեւանի ավագանու նիստերին:

Հիմա այս արշավին միացել է նաեւ Արմեն Սարգսյանը, մինչդեռ ի պաշտոնե նա պետք է լիներ Սահմանադրության, հետեւաբար՝ ժողովրդավարության, խոսքի եւ մամուլի ազատության երաշխավորը:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս