«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է այն հարցին, թե ապրիլի 9-ից հետո, երբ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Արմեն Սարգսյանը, ում լուսանկարը պետք է փակցված լինի պաշտոնյաների աշխատասենյակներում: Մինչեւ հիմա բոլորի աշխատասենյակներում փակցված էր Սերժ Սարգսյանի լուսանկարը, եւ սա այն դեպքում, երբ Սահմանադրությունը նման բան չի պարտադրում:
Ապրիլի 9-ից ՀՀ նախագահը Արմեն Սարգսյանն է, սակայն երեկ խորհրդարանում բոլոր ՀՀԿ-ականների սենյակներում շարունակում էր կախված մնալ Սերժ Սարգսյանի լուսանկարը: Ընդ որում, նրանք բացեիբաց հայտարարում էին, որ չեն էլ պատրաստվում այն հանել, ավելին՝ չեն էլ պատրաստվում Արմեն Սարգսյանի լուսանկարը փակցնել` բնականաբար, հղում անելով Սահմանադրությանը: Միայն թե, նկատենք, որ այդ նույն Սահմանադրությունն այն ժամանակ չէր պարտադրում նաեւ Սերժ Սարգսյանի լուսանկարը փակցնել, սակայն դա ՀՀԿ-ականներին չէր խանգարում իրենց գլխավերեւում ունենալ այդ լուսանկարից: