ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանությունը պետք է ջարդի իր ողնաշարը. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում տեղի ունեցավ «ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որը մինչ այս քննարկվել էր ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստում եւ դրական եզրակացությամբ ընդգրկվել ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ: Ինչպես հայտնի է` ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել էր դեռեւս նոյեմբերի 24-ին Բրյուսելում, սակայն դեռ պետք է վավերացվի ԵՄ բոլոր անդամ երկրների կողմից: Մինչ այս այն ամբողջովին վավերացրել է միայն Էստոնիան:

Այսօր խորհրդարանը միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը:

Այս համաձայնագրի կարեւորության մասին բազմիցս է բարձրաձայնվել, սակայն առավել կարեւոր է այն իրականացնելը: Որքանով ՀՀ իշխանություններին կհաջողվի կատարել ստանձնած պարտավորությունները: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ:

-Տիկի՛ն Զոհրաբյան, ի վերջո, ՀՀ-ԵՄ համաձայնագրում ամրագրված կետերը կատարելու համար ի՞նչ է անհրաժեշտ: Միայն իշխանության կամքը բավարա՞ր է:

-Պարտադիր չէր ունենալ այս համաձայնագիրը եւ նոր միայն քայլեր անել: Կարող էր այս համաձայնագիրը ընդհանրապես չլիներ, եւ դա չի նշանակում, որ մեր երկրում լրջագույն համակարգային փոփոխություններ չպետք է արվեն: Երկիրը հասել է շատ վտանգավոր սահմանագծի` շատ վտանգավոր մարտահրավերների առումով` արտագաղթ, գործազրկություն, աղքատություն: Հենց վիճակագրական ծառայությունն է այդ մասին փաստում:

Լավագույն դեպքում, եթե ընդունենք իրենց թիվը, որ 3 մլն մարդ է ապրում Հայաստանում, ապա 1 մլն-ից ավելը շատ աղքատ է: Հիմա ես չեմ կարծում, որ այս համաձայնագիրն է պետք բոլոր խնդիրները լուծելու համար: Հայաստանի տնտեսությունն ամբողջապես մոնոպոլացված է, հիմա եթե իշխանությունները ցանկանան, որպեսզի Հայաստանը շարունակի ամենաանգրավիչ երկիրը մնա ներդրումների համար, թող շարունակեն այս քաղաքականությունը: Երբ Կարեն Կարապետյանը ստանձնում էր վարչապետի պաշտոնը, ես իրեն ընդամենը մեկ հարց ուղղեցի, որի պատասխանն ինքը չտվեց: Դուք պատրա՞ստ եք կտրել այն ճյուղը, որի վրա նստած է իշխանությունը, որովհետեւ իշխանությունը պետք է ջարդի իր ողնաշարը` այս համակարգային փոփոխություններն իրականացնելու համար:

-Բայց Դուք հավատո՞ւմ եք, որ իշխանությունը կարող է իր սեփական ողնաշարը ջադրել:

-Ես այդ հարցին կպատասխանեմ այն, ինչ պատասխանել եմ միշտ: Թող ես լինեմ մեր երկրի վերջին վատատեսը, բայց ես չեմ հավատում, որ իշխանությունը կարող է ջարդել սեփական ողնաշարը: Առանց այդ ողնաշարը ջարդելու, այսինքն` առանց այդ համակարգային բարեփոխումներն իրականացնելու, հնարավոր չէ իրականացնել այս համաձայնագրի դրույթները: Այնպես որ կապրենք, կտեսնենք: Համաձայնագրի ստորագրումը միայն առաջին, ամենանվազագույն քայլն է, դրանից հետո սկսվելու է ամենակարեւորը` ունենալ խիզախություն, քաջություն, թե ոչ: Սա է հարցի արժեքը:

-Սակայն հայտնի է, որ ամեն դեպքում պարտադրանքի մեխանիզմներ առկա չեն, եւ համաձայնագրի չկատարումը հետեւանքներ չի ունենա: Այս դեպքում, ըստ Ձեզ, իշխանությունները կցանկանա՞ն փոփոխություններ կատարել:

-Սպասվում է, որ համաձայնագիրը կդառնա ընդամենը մեկ թուղթ, եւ մենք հերթական անգամ միջազգային հանրության աչքին կդառնանք անվստահելի եւ անլուրջ գործընկեր: Իհարկե, համաձայնագիրն իրավական պրեսինգ, պարտադրող ուժ չունի, եւ դա նորմալ է, քանի որ պայմանավորվածությունը երկու հավասարազոր սուբյեկտների միջեւ է: Ընդամենը այստեղ վստահության եւ երկրի արտաքին քաղաքականության իմիջի հարցն է: Եթե մենք ցանկանում ենք մեր արտաքին քաղաքական իմիջով հավասարվել իզգոյ երկրների, ապա խնդրեմ: Ստորագրելն ամենանվազագույն հարցն է, ամենակարեւորը իրագործման փուլն է:

-ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին օրեր առաջ նշել էր, թե կառավարման մոդելի փոփոխությունն այնքան էլ կարեւոր չէ, այլ կարեւորը ժողովրդավարության կայացումն է: Իսկապես այս համակարգով կարո՞ղ է ինչ-որ բան փոխվել:

-Համաձայն եմ դեսպանի հետ, քանի որ ցանկացած կառավարման մոդելի դեպքում էլ կան ժողովրդավար եւ տոտալիտար երկրներ: Դա կապ չունի կառավարման համակարգի հետ: Այստեղ խնդիրն այն է` ուզում է քաղաքական ուժը կատարել ներքին բարեփոխումներ, թե ոչ: Մենք ուզում ենք ունենալ երկիր, որտեղից լեղապատառ կփախնեն, թե երկիր, որտեղ կուզեն վերադառնալ: Սա է հարցի արժեքը, պետք չէ բարդացնել: Իսկ դրա համար իշխանությունը պետք է ջարդի իր ողնաշարը, կոտրի այն ճյուղը, որի վրա նստած է:

-Խոսեցիք վստահության մասին, արդյո՞ք այժմ ԵՄ-ն վստահում է Հայաստանին:

-Այս փուլում այո՛, ես տեսնում եմ շատ պոզիտիվ ազդակներ նրանց կողմից: Երբեւէ Եմ-ն եւՀայաստանն այսքան մոտ չեն եղել, սակայն ամեն ինչ կարող է մեկ ժամում եւ մեկ օրում փոխվել, որովհետեւ անկախությունից հետո մենք ունեցել ենք տարբեր փուլեր ԵՄ-ի հետ համագործակցության, երբ վստահությունից ամեն ինչ փոխվել է խորը անվստահության: Ես հույս ունեմ, որ հերթական անգամ Հայաստանը չի գնա այդ ճանապարհով եւ ԵՄ-ի համար չի դառնա իզգոյ երկիր:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս