
Հայաստանի կառավարությունը առաջիկայում պետական գույք կվաճառի գինու արտադրությամբ զբաղվող «Արմենիա Վայն» ընկերությանը: Խոսքը Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 11 հասցեում գտնվող շենք-շինությունների մասին է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուղղակի վաճառքի ձեւով օտարման ենթակա գույքի գնահատված արժեքը կազմում է ավելի քան 958 մլն 262 հազար դրամ:
Տեղեկացնենք, որ նշված ընկերության համահիմնադիրն է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի եղբայր Վահագն Մկրտչյանը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախարարի եղբոր ընկերությունը այս «խնդրանքով» դիմել է կառավարություն: Հավանաբար գործադիրը չի մերժի Մկրտչյանին: Իսկ «Արմենիա Վայն»-ը նախատեսում է կառուցել գրասենյակային տարածք, որն ամբողջությամբ ծառայելու է տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող «Դիջիթեյն» ընկերությանը: