Ճանապարհը քո ընթացող խաբկանքն է. Սերժ Սարգսյանն ապահովեց իր անձնական իշխանավարման շարունակականությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ ԳՄ երեկվա նիստում որոշվել է ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս որոշումն, իհարկե, միանգամայն սպասելի էր, պարզապես երեկ այն հաստատվեց պաշտոնապես:

Դեռ 2014 թվականից Սերժ Սարգսյանը հետեւողականորեն աշխատել է, որպեսզի նախագահի պաշտոնում լիազորությունների ավարտից հետո ապահովի իր անձնական իշխանավարման շարունակականությունը: Հենց այդ նպատակով էլ նա նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը. սկզբում քաղաքական բռնությունների, իսկ 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրը համատարած ընտրակեղծիքների արդյունքում պարտադրվեց երկրի մայր օրենքը, համաձայն որի` պետության փաստացի ղեկավարն այսուհետ լինելու է վարչապետը:

Հիմա Սերժ Սարգսյանը շարունակելու է երկիրը ղեկավարել երրորդ ժամկետում, բայց այս անգամ արդեն անժամկետ. Սահմանադրությունը վարչապետի պաշտոնում նույն անձին առաջադրելու ժամկետային սահմանափակում չի նախատեսում: Եւ հիմա այս ամենի արդյունքում, ինչպես իր զեկույցում երեկ նկատել է միջազգային իրավապաշտպան «Ֆրիդոմ հաուս» կազմակերպությունը. «Հայաստանը կիսակոնսոլիդացված ավտորիտար պետություն է»: Միայն թե, արձանագրենք. ժողովրդավարական արժեքներ դավանող Եվրոպան աչք է փակում Հայաստանում արմատացող ավտորիտարիզմի հանդեպ` փորձելով չնկատելու տալ իշխանությունների արածը: Թե ինչո՞ւ են եվրոպացիներն աչք փակում Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության վրա` հանդուրժելով այս ամենը, պարզ չէ:

Հ.Գ. Ի դեպ, մինչ ՀՀԿ-ականները կհայտարարեին պետության «առաջին դեմքի» պաշտոնում Սերժ Սարգսյանին առաջադրելու մասին, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում ավելի քան 86 տոկոս քվեով ընտրվել է Իլհամ Ալիեւը:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս