«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ազգային անվտանգության ծառայությունն ավարտել է քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եւ Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի դեմ մահափորձ ծրագրելու առթիվ հարուցված քրեական գործը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 8-ին Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության վերաբերյալ եւ այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին: Նույն օրը սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է երեք անձ` Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը եւ ոմն Ղազախեցյանը, որոշ ժամանակ անց խմբին օժանդակելու համար կալանավորվել է նաեւ Զոհրաբ Ղումաշյանը:
Ի դեպ, դեռեւս 2017 թվականի հունիսի 2-ին գրել էինք, որ մահափորձ է ծրագրված եղել իրականացնել Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի եւ Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի նկատմամբ: Իսկ որպես կասկածյալ հիշատակվել է Արտյոմ Հարությունյանի` Կանեւսկոյի անունը: Սակայն ավելի ուշ հրապարակումներ եղան, թե Արամ Վարդանյանը թիրախավորված չի եղել: Սակայն օրերս մամուլը գրեց, որ այս քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործների թիրախում ոչ միայն Դոն Պիպոն է եղել, այլեւ քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանը` Վստրեչի Ապերը: Ու հիմա կալանավորվածներին նոր մեղադրանք կառաջադրվի նաեւ Վարդանյանի դեմ մահափորձ նախապատրաստելու առթիվ:
Ի դեպ, գործի շրջանակներում կալանավորվածներից շատերը սկզբում հրաժարվել էին ցուցմունք տալ: Սակայն մեզ հայտնի դարձավ, որ գործով եղել են կալանավորվածներ, որոնց ԱԱԾ-ն վերջին պահին կարողացել է համոզել, եւ նրանց ցուցմունքները նախաքննությունը իրականացնող մարմնի համար հիմք են եղել, որպեսզի գործով նախաքննության ավարտ հայտարարվի: Թե ում մասին է խոսքը, մեր աղբյուրներն առայժմ չեն մանրամասնում:
Քնար Մանուկյան