ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը երեկ իսկական հրավառություն էին կազմակերպել նիստերի դահլիճում: ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով` Արարատ Միրզոյանը տեղեկացրեց ապրիլի 13-ին կայանալիք իրենց ակցիայի մասին, որից հետո դահլիճում իր մոտ եղած գունավոր ճայթուկով իսկական հրավառություն կազմակերպեց, որին միացավ նաեւ իր գործընկեր Լենա Նազարյանը:
Ինչպես հայտնի է` մարտի 31-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները սկսել են «Իմ քայլը» շարժումը եւ Գյումրի քաղաքից այս օրերին ոտքով շրջել են մի քանի քաղաքներում, իսկ ապրիլի 13-ին էլ Երեւանի Ազատության հրապարակում պետք է անցկացնեն իրենց հիմնական հանրահավաքը, որից հետո` մինչեւ ապրիլի 17-ը, դրանք շուրջօրյա են լինելու: Երեկ խորհրդարանում տեղի ունեցածը հենց այդ շարժման բաղկացուցիչ մասն էր:
«Ակցիայի իմաստը հետեւյալն էր` մարդկանց կոչ անելու գալ Ազատության հրապարակ, որ շատ իրատեսական հնարավորություն կա պրծնելու այն ամեն ինչից, որ մենք ապրում ենք, մասնավորապես ՀՀԿ-ի արատավոր իշխանությունից եւ Սերժ Սարգսյանից: Այս ուղերձը հասարակությանն էր ուղղված», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Արարատ Միրզոյանը:
Նա սակայն չմանրամասնեց` հետագայում հնարավո՞ր է` նման ակցիաներ կրկին տեղի ունենան, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները բազմաթիվ քայլեր եւ սցենարներ են մշակել, որոնց միջոցով պետք է շարունակեն իրենց ակցիան: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանություններին մոտ ժամանակներս իսկապես բազմաթիվ անակնկալներ են սպասվում, եւ երեկ տեղի ունեցածը միակը չէր: Երեկ ՀՀԿ-ականներն իսկապես զարմացել էին ընդդիմադիր պատգամավորների պահվածքից, նման ձեւ էին արձագանքել նաեւ «Ելք» խմբակցության մյուս անդամները: Նրանցից ոչ ոք չէր սպասում, որ իրենց գործընկերները կարող էին նման բան անել:
Ավելին` սա զարմացրել ու դուր չէր եկել նաեւ «Ելք» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին, որոնք ինչպես հայտնի է` ՔՊ-ի հետ գտնվելով մեկ դաշինքում` լուրջ տարաձայնություններ ունեն Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի՝ նրանց մեթոդների հարցում:
Չնայած երեկ խորհրդարանում ակցիայի ժամանակ քիչ թվով պատգամավորներ էին նստած, սակայն ներկաներն էլ խուճապի մեջ էին, եւ անգամ մի քանիսը դուրս եկան դահլիճից, սակայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այդպես էլ չհամաձայնեց ընդմիջում հայտարարել եւ նշեց, թե ընդդիմադիր խմբակցության շոուն չստացվեց: ՔՊ-ական պատգամավորների արարքը ավելի ուշ քննադատեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը` մտավախություն հնչեցնելով, որ կարող էր խորհրդարանում հրդեհ բռնկվել: Որքան էլ ՀՀԿ-ականները երեկ հանգիստ էին թվում, սակայն իրականում իշխանությունները բավական անհանգստացած են հատկապես ապրիլի 13-ից հետո սպասվող զարգացումների առնչությամբ: Ինչպես հայտնի է` ապրիլի 17-ին ՔՊ-ականները ծրագրում են փակել ԱԺ մուտքերը, որպեսզի պատգամավորները չկարողանան ներս մտնել: Ծրագրում են նաեւ շրջափակել պատգամավորների տները, եւ չնայած որ իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե սպասվող զարգացումներին արդեն ոստիկանության միջամտություն է պահանջվում, սակայն նրանց անհանգստությունն ակնհայտ է: Իսկ ՔՊ-ականների երեկվա ակցիայից հետո խուճապն ավելացել է:
Երեկվա ակցիան լուրջ խնդիրների պատճառ է դարձել նաեւ ԱԺ-ն հսկող անվտանգության աշխատակիցների համար: Բոլորի համար զարմանալի էր, թե ինչպես են պատգամավորներն իրենց հետ կարողացել այդպիսի իր անցկացնել խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` անվտանգության աշխատակիցներին հրահանգված է այսուհետ ավելի ուշադիր լինել հատկապես ՔՊ-ական պատգամավորների նկատմամբ, որպեսզի կարողանան բացառել նման դեպքերի կրկնությունը: Հավանական է, որ առանձնահատուկ զննության ենթարկվեն հատկապես կին պատգամավորների պայուսակները, տղամարդկանց գրպանները:
Նկատենք, որ եթե ՀՀԿ-ականների արձագանքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների պահվածքի վերաբերյալ սպասելի էր, սակայն առնվազն տարօրինակ է «Ելք» խմբակցության մյուս անդամների արձագանքը: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե նրանց պահվածքը գործընկերային չէր, եւ պետք է իրենց էլ զգուշացրած լինեին: Եվ հետաքրքիր է, որ գործընկերության մասին հիշում է մի ուժ, ով ամենավճռական պահերից մեկի ժամանակ մենակ է թողել իր գործընկերներին: Նույն կուսակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը եւս, չնայած հարցազրույցներ տալուց խուսափում է, սակայն մասնավոր զրույցներում չի զլանում եւ մի լավ ցեխ է շպրտում իր գործընկերների վրա` մոռանալով նախկին մտերմության մասին: Դե, իսկ «Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանն այնքան էր նեղվել կատարվածից, որ սկզբում թաշկինակով փակել էր բերանը, հետո չդիմանալով` դահլիճից դուրս եկավ, եւ երբ «Ազատություն» ռ/կ լրագրողը ցանկացել էր Գորգիսյանին հարց տալ, պատգամավորը հրել էր նրան` մի կողմ տանելով ձայնագրիչը, իսկ իր արարքը պարզաբանել էր, թե «լավ եմ անում»:
Երեկվա դեպքի ֆոնին թերեւս ավելորդ չէ հիշեցնել Երեւանի ավագանու նիստում «Երկիր Ծիրանի» կուսակցության` կոյուղաջրերով ակցիան, որը շատ քննադատվեց ՀՀԿ-ականների եւ ավագանու «Ելք» խմբակցության անդամների կողմից, սակայն Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ միակն էր, որ չէր քննադատել նրանց` ասելով, թե ՀՀԿ-ի դեմ ամեն ինչ պետք է օգտագործվի: Պարոն Տարոն Մարգարյանը, հրահանգելով «դեմներն առեք», սադրեց ողջ միջադեպը, բայց երեկ ԱԺ-ում ՀՀԿ-ականները զուսպ էին, ու ամեն ինչ ավարտվեց կանաչ-դեղին ծխի գեղեցիկ քուլաների արձակմամբ:
Հ.Գ. Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պայքարելու իբր յուրօրինակ մեթոդ են ընտրել: Բայց Փաշինյանի ու իր թիմի քայլերը հիշեցնում են Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները. Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի իշխանությունների դեմ պայքար էր նախաձեռնել, եւ նա Լեհաստանի հետ Ուկրաինայի սահմանից քայլարշավով եկավ Կիեւ: Իհարկե, նրան չհաջողվեց մեծ հանրահավաքներ անցկացնել, Պորոշենկոյին իշխանությունից «գցել». ընդհակառակը, հրապարակվեց Սահակաշվիլու նամակը, որտեղ նա Պորոշենկոյին փորձել էր սիրաշահել /հետաքրքիր է՝ Հայաստանում արդյո՞ք նման բան կլինի/:
Բացի այդ, Ուկրաինայի խորհրդարանում էլ նման «հրավառություն» էր կազմակերպել ռազմական նախկին օդաչու Նադեժդա Սավչենկոն, որին ռուսները գերեվարել էին ղրիմյան ճգնաժամի ժամանակ: Նա գրեթե ազգային հերոս էր Ուկրաինայում, հետո երբ ետ վերադարձավ, դարձավ պատգամավոր, բայց հիմա հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից: Սավչենկոյին այժմ մեղադրում են Ուկրաինայում ահաբեկչական հարձակումներ ձեռնարկելու մեջ:
Նաիրա Հովհաննիսյան