Ինչպես հայտնի է`փետրվարի 13-ին ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները Էրեբունի վարչական շրջանի բնակիչների խնդրանքով տարիներ շարունակ իրենց մոտ տիրող կոյուղաջրերի գարշահոտության խնդիրը տեղափոխել էին Երեւանի քաղաքապետարան: Մասնավորապես վերջիններս կոյուղաջուրը լցրել էին տարայի մեջ եւ փորձել էին մոտեցնել Տարոն Մարգարյանին, սակայն Տարոն Մարգարյանի հրահանգը՝ «դեմն առեք, շուտ, շուտ», լուրջ միջադեպի արդյունք դարձավ: ՀՀԿ ավագանու անդամները գործի դրեցին բռունցքները. ՀՀԿ-ականները ծեծի ենթարկեցին ԵԾ խմբակցության կին անդամներին: Արդյունքում, փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ` խուլիգանության եւ ծեծի հատկանիշներով:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանն էլ երեկ իսկական հրավառություն էին կազմակերպել ԱԺ նիստերի դահլիճում: ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով` Արարատ Միրզոյանը տեղեկացրեց ապրիլի 13-ին կայանալիք իրենց ակցիայի մասին, որից հետո դահլիճում իր մոտ եղած գունավոր ճայթուկով իսկական հրավառություն կազմակերպեց, որին միացավ նաեւ իր գործընկեր Լենա Նազարյանը:
Նկատենք, որ Տարոն Մարգարյանը, հրահանգելով «դեմներն առեք», սադրեց ողջ միջադեպը, բայց ահա երեկ ԱԺ-ում ՀՀԿ-ականները շատ հանգիստ ու զուսպ էին, ու ամեն ինչ խաղաղ ավարտվեց:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: