ԱՄՆ-ից օրերս Հայաստան վերադարձած ԱԻՄ առաջնորդը պատրաստ է մասնակցելու Ս. Սարգսյանի վարչապետության դեմ մղվող պայքարին. օրերս նա միացել է ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քայլերթին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս ամենի մասով զրուցել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ:
-Պարոն Հայրիկյան, դուք մասնակցում էիք ՔՊ քայլերիթին, հիմա Ն. Փաշինյանի առաջնորդությամբ Դուք պատրա՞ստ եք գնալ պայքարի:
-Ներողություն, Դուք իզուր եք նշում` Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ: Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ էլ կարելի է գնալ, դա սարսափելի չի: Բայց ինչու եք վերցնում պայքարի այդ փուլը եւ ոչ` ընդհանուր պայքարը: Մենք պայքարի մեջ ենք եւ ընթացքում տեսնում ենք, որ Ն. Փաշինյանը մեռած միջավայրում փորձում է զարթոնք ապահովել: Ես ոչ միայն ասում եմ, որ ողջունում եմ քեզ, այլեւ գնում եմ ընկերներիս հետ:
-Չե՞ք կարծում, որ պայքարին պետք է առաջնորդ, լիդեր, ով կտանի իր ետեւից մարդկանց:
-Իհարկե, պայքարը միշտ ունենում է գլխավոր պատասխանատու, ով պետք է բոլորի վստահությանն արժանացած լինի:
-Հիմա ո՞վ է այդ պատասխանատուն:
-Նայած` ինչի համար: Զ. Փոստանջյանն ինչ-որ բան է անում, ինքն է իր ոլորտում պատասխանատու, Ն. Փաշինյանին երբ սկսեցին քարկոծել, ես հեռավոր Ամերիկայից իմ պարտքը համարեցի հայտարարել. «Լսեք, Դուք ոչինչ չեք անում, էդ մարդն ինչ-որ բան է անում եւ Դուք համարձակվում եք իրեն ծաղրել»: Բայց կան բաներ, որոնք մարտավարական են ընդամենը. ինչ է նշանակում «Մերժիր Սերժին»: Հասկացանք. դու մերժում ես սուտը, որովհետեւ Սերժը բան է խոստացել, հետո դրժել է: Բայց չէ որ դա չի խնդիրը: Փաշինյանն ինձ համար նախընտրելի է, քանի որ ինքը տարբեր առիթներով ասել է, որ երկրի տերը պետք է լինի քաղաքացին: Հիմա ինքը կգա իմ անցած հսկայական ճանապարհի արդյունքի ընկալմանը, թե չի գա, դա իր խնդիրն է, բայց այն, որ ինքը դա հիմնական նպատակներից է համարում, ինձ համար ողջունելի է:
– Իսկ մտավախություն չունե՞ք, որ ՔՊ-ի կազմակերպած հանրահավաքներին բնակիչների նկատմամբ բռնություն կարող է կիրառվել:
-Ես մտավախություն եւ մտահոգություն ունեմ: Այո, կարող են լինել դրվագներ, որտեղ զգուշավորությունը քեզ պետք է հեռու պահի անտեղի դրսեւորումներից: Կան բաներ, որ ինձ դուր չեն եկել, բայց ես դեռ Ն. Փաշինյանին չեմ ասել: Հիմա ասեմ, կարծում եմ` ինքն էլ կկարդա: Օրինակ` ինքն ասում է` ես պատրաստ եմ պարտության: Մենք պարտվելու բան չունենք: Ես եթե ինչ-որ բան էի անում, այն տարիներին ընկերներիս հետ պայքարում էինք անկախության համար, պարտվում էր մեր ժողովուրդը: Հետեւաբար, պարտության մասին խոսել պետք չի: Այդ խորհուրդը կտայի: Վաղ թե ուշ մենք ենք հաղթելու եւ եթե չհաղթենք, մեր ազգն է կործանվում: Այդ մոտեցումն ավելի ճիշտ է: Եվ իմ պարտքն եմ համարում եւ Փաշինյանին, եւ այն մարդկանց, ում չեմ ընդունում, ասել նման բաներ:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ