Ինչպես հայտնի է`վարչապետի պաշտոնում ՀՀԿ թեկնածուն Սերժ Սարգսյանն է: ArmLur.am-ը Սարգսյանի թեկնածության վերաբերյալ զրուցել է ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորներ Ջեմմա Բաղդասարյանի եւ Արմենուհի Կյուրեղյանի հետ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ջեմմա Բաղդասարյան
-Տիկին Բաղդասարյան, ո՞ր արժանիքների համար պետք է վարչապետ լինի հենց Սերժ Սարգսյանը:
-Արժանիքներն այնքան շատ են… արժանիքներն իսկապես շատ են:
-Օրինակ…մի քանիսը թվեք…
-Որպես քաղաքական գործիչ առաջինը իր տեսլականը` մեր երկրի զարգացման: Երկրորդը` երկրի անվտանգությունն ապահովելու համար, տնտեսական զարգացումը մեր երկրի, միջազգային ասպարեզում Հայաստան-ԵՄ եւ Հայաստան-ԵԱՏՄ համագործակցություն: Այսինքն, արժանիքներն այնքան շատ են…
-Իսկ Կարեն Կարապետյանը չէ՞ր կարող այդ ամենն իրականացնել:
-Կարեն Կարապետյանն իր գործը շատ լավ է անում, տնտեսական ոլորտում բավական մեծ գործ է անում:
-Այդ դեպքում ինչո՞ւ իր թեկնածությունը չառաջադրվեց:
-Նա իր գործն անելու է:
-Այսինքն, պաշտոն ունենալո՞ւ է` ամեն դեպքում:
-Միանշանակ:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյան
-Տիկի′ն Կյուրեղյան, ՀՅԴ-ն հայտարարել է, որ պատրաստ է սատարել ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին: Սակայն եթե օրինակ որոշեիք, որ Ս. Սարգսյանին որպես վարչապետ չպետք է ընտրեք, կարո՞ղ էիք Ձեր տեսակետն առաջ տանել:
-Գիտեք ինչ, այս դեպքը շատ հստակ դեպք է: Վարչապետի թեկնածության իրավունքը մեր ժողովուրդը տվել է Հանրապետական կուսակցությանը: Եվ այս դեպքում մենք պետք է սատար կանգնենք, որովհետեւ այդ թեկնածուն, միեւնույն է` պետք է իրականացնի ՀՀԿ ծրագիրը:
-Այսինքն, ՀՅԴ-ն ցանկանար, թե ոչ` պետք է սատարե՞ր ամեն դեպքում ՀՀԿ թեկնածուին:
-Ցանկանար, թե ոչ` իհարկե: Այստեղ արդեն մեր կուսակցությունը կամ մյուս կուսակցություններն ընտրության տեղ չունեն: Միևնույն է. Սերժ Սարգսյանն է, թե Սարգիս Սերժյանը, պարզ է, որ ամեն դեպքում թեկնածուն ՀՀԿ-ի կողմից է: Եվ նա պետք է իրականացնի այդ կուսակցության գործառույթները:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ