
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում համատիրությունների գործունեության բարելավմանն ուղղված հարցեր են քննարկվել:
Ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարության մշակած «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Համատիրության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոոնցով լուծումներ են առաջարկվում ոլորտում առկա խնդիրների ուղղությամբ: Մասնավորապես, հստակ սահմանվում են բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում պարտականությունները, արհեստավարժ կառավարման պահանջները և դրանց չկատարման համար վարչական և քաղաքացիաիրավական պատասխանատվության ներգործության միջոցները: Նշվել է, որ նախագծերը մշակելիս հաշվի է առնվել միջազգային փորձը:
Քննարկման ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ու մարմինների կողմից ներկայացվել են տարբեր առաջարկություններ ու դիտարկումներ:
Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները՝ լրամշակել նախագծերը և դրանց վերջնական տարբերակները դնել շրջանառության մեջ: