Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ակցիաները շարունակվում են: Այսօր «Հանուն Հայաստան պետության» ճակատը և «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները փակել են Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակի հատվածում։
Մոտ մեկ տասնյակ երիտասարդներ նստել են գետնին եւ փակել են պողոտայի երթեւեկությունը։ Տեղում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նշենք, որ մի պահ նաև լարված իրավիճակ տիրեց, երբ ոստիկանները փորձում էին բացել պողոտան և թույլ չտալ ակցիայի մասնակիցներին անցնել փողոցի մյուս կողմը:
Մինչ այդ Վալերի Օսիպյանը մոտեցել էր նստացույցի մասնակիցներին եւ տեղեկացրել, որ նրանց գործողությունները հակաօրինակ են: Փոխոստիկանապետը նշեց, որ խանգարում են երթեւեկությանը, եթե չդադարեցնեն ակցիան, ապա ոստիկանները կդիմեն համապատասխան քայլերի:
Հավելենք, որ նման ակցիաները շարունակական բնույթ են կրում և արդեն վաղը Ազատության հրապարակում նախատեսված է երեք ուժերի միասնական հանրահավաք: