Վարդան Բոստանջյանը դեմ գնաց խմբակցության որոշմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում 90 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Սա, ի դեպ, վերջին օրերին ամենաբուռն քննարկումների ենթարկված օրինագծերից էր ոչ միայն օրեր առաջ տեղի ունեցած հանձնաժողովի նիստում, այլ նաեւ լիագումար նիստում: Իսկ բուռն քննարկման պատճառ էր հանդիսացել նախագծում տեղ գտած «հեստապար» /ստրիպտիզ/ տերմինը:

Այն բացատրվում է որպես «պարելով եւ (կամ) երաժշտությամբ ուղեկցվող բեմական էրոտիկ ներկայացում, որի մասնակիցները ներկայացման ընթացքում աստիճանաբար մասամբ կամ լրիվ մերկանում են» նախադասությամբ: Ուշագրավն այն է, որ նախագծին «Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվեարկել, բացի Վարդան Բոստանջյանից, ով այդ տերմինն ամենաշատը քննադատողներից է:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Բոստանջյանը նման կեցվածք էր դրսեւորել 8 տարի առաջ՝ 2010 թվականին, երբ այս օրենքը բերվեց խորհրդարան, սակայն այդպես էլ չքննարկվեց՝ պատգամավորների դիմադրությանը հանդիպելով: Չնայած այս անգամ այդպես չեղավ, սակայն Վարդան Բոստանջյանը կրկին մնաց իր կերպարի մեջ: 8 տարի առաջ նա այս ամենը որակել էր որպես «անբարոյականության մասին օրենք», իսկ այս անգամ էլ կոչ արեց հեստապարը հանել, շպրտել մի կողմ: Հավելենք, որ դեմ քվեարկած 4 պատգամավորները եղել են «Ելք» խմբակցությունից:




Լրահոս