Իրարամերժ կարծիքներ «Ծառուկյան» խմբակցությունում. ինչ որոշում կկայացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ ԳՄ վերջին նիստում որոշվել է վարչապետի՝ նոր Սահմանադրությամբ պետության առաջին դեմքի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ու քանի որ ԱԺ-ում վարչապետի ընտրությունն անցկացվելու է բաց, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե ինչպես է քվեարկելու ԱԺ «Ծառուկան» խմբակցությունը, որ իրեն ընդդիմադիր է հայտարարել, բայց հարկ եղած դեպքում կանգնում է իշխանությունների կողքին. այդպես վարվեցին նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրության ժամանակ՝ ապահովելով նրա ընտրվելը մեկ փուլով: Հետաքրքիր է, որ այս խմբակցությունից հնչում են իրարամերժ տեսակետներ. մի մասը պնդում է, որ ընդդիմադիր խմբակցության կողմից կողմ քվեարկելը չի ընկալվի, մի մասն էլ, այնուամենայնիվ, հակված է ընտրել Սերժ Սարգսյանին:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյան

-Պարո՛ն Գրիգորյան, ինչպե՞ս եք պատրաստվում քվեարկել վարչապետի ընտրության օրը:

-Մենք դեռ որոշում չենք կայացրել: Երեւի առաջիկա երկու օրը որոշում կկայացնենք` անպայման կասենք:

-Ձեր խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ եթե կողմ քվեարկեք Ս. Սարգսյանի թեկնածությանը` որպես վարչապետ, ուրեմն այլեւս ընդդիմություն չեք համարվի: Հիմա ընդդիմություն մնալու խնդի՞ր է դրված:

-Դե, հիմա քննարկման արդյունքում կերեւա` ինչ է լինելու: Քննարկման արդյունքում ինչ եղավ, անպայման Ձեզ կիրազեկենք:

-Եթե դաշինքը դեմ քվեարկի Ս. Սարգսյանի թեկնածությանը, գուցե բիզնես գործունեության մեջ մի շարք կուսակցական անձինք տուժե՞ն:

-Կարծում եմ` դա խմբակցության որոշելիքը կլինի: Խմբակցությունը կքննարկի, ամեն մեկն իր կարծիքը կհայտնի, հետո որոշումը կընդունվի:

-Բայց Ձեր տեսակետը ո՞րն է:

-Իմ տեսակետը մեկն է. ինչ որոշում կայացրեց խմբակցությունը, ես պատրաստ եմ այդ որոշմանը:

-Կարծո՞ւմ եք` խորհրդարանում «Ծառուկյան» դաշինքը` որպես ընդդիմություն, իր դերը լիարժեք իրականացնո՞ւմ է:

-Դա արդեն Դուք պետք է գնահատեք, ոչ թե մենք: Իհարկե, մենք ընդդիմություն ենք եւ ընդդիմության գործառույթները լիարժեք իրականացնում ենք: Բայց գնահատականը տալու է հասարակությունը, տալու է ժողովուրդը:

-Իսկ հնարավո՞ր է` նորից իշխանություն դառնաք:

-Նման հարց չի քննարկվել:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյան

-Տիկի՛ն Սարգսյան, պարզ է, որ վարչապետի ընտրության օրը կերեւա, թե ով ինչպես է քվեարկում: Բայց, օրինակ, եթե Ձեր խմբակցությունում բոլորը դեմ քվեարկեն Ս. Սարգսյանին` որպես վարչապետի թեկնածու, իսկ Դուք կամ մեկ այլ պատգամավոր` կողմ, չե՞ք կարծում, որ խնդիրներ կառաջանան:

-Թույլ տվեք… սա այն հարցն է, որ մինչեւ մեր խմբակցությունը պաշտոնական դիրքորոշում չունենա, մեր քաղաքական թիմը չունենա, այս թեմայի շուրջ չեմ խոսի: Երբ կհայտնենք, ես Ձեր հարցերին կպատասխանեմ:

-Բայց ի՞նչ եք կարծում` խմբակցությունում բոլորը միատեսա՞կ են քվեարկելու Ս. Սարգսյանի թեկնածությանը:

-Սա այն հարցն է, որ պետք է ունենանք քաղաքական որոշում, եւ ես ճիշտ, պատեհ չեմ համարում` մինչ պաշտոնական որոշում ունենալը խոսել այդ մասին:

-Իսկ այս պահին դաշինքն ընդդիմություն մնալու խնդիր ունի՞:

-Մենք ոչ մի նման խնդիր չունենք:

-Լինելով ընդդիմադիր` Ձեր խմբակցությունն Ա. Սարգսյանի թեկնածությանը կողմ քվեարկեց նախագահի պաշտոնում: Հիմա եթե դեմ քվեարկեք վարչապետի ընտրությանը, ստացվում է` ընդդիմությունը մեկ կողմ է, մեկ` դեմ կարեւոր ընտրությունների ժամանակ:

-Ինչ վերաբերում է Ա. Սարգսյանին, մենք Ա. Սարգսյանի հետ ունեցանք հանդիպում, բարձրացրեցինք մեզ հուզող հարցեր, որոնք մտնում են իր լիազորությունների շրջանակի մեջ, եւ ինքը համակարծիք էր դրանց: Ինքն ասաց, որ պետք է աշխատի եւ առաջնորդվի Սահմանադրությամբ, հույսեր ներշնչեց, եւ մենք գնացել, մեր դրական կարծիքն արտահայտել ենք: Իսկ թե ինչ կլինի 3 օր հետո, պաշտոնապես կլինի, ես Ձեզ կասեմ: Արմեն Սարգսյանն արդեն կատարված փաստ է, մնացածն ինչ կլինի, կլինի:

-Իսկ այժմ Ս. Սարգսյանի հետ` որպես վարչապետի թեկնածու, կարիք կլինի՞ հանդիպելու:

-Նման բան մենք չենք քննարկել: Ընդհանրապես, վարչապետության թեմայի շուրջ մենք դեռ քննարկում չենք ունեցել:

-Բայց այդ քննարկման ժամանակ Դուք կարծիք հայտնողներից մեկն եք լինելու: Կարծում եք` Ս. Սարգսյանը հարմա՞ր թեկնածու է վարչապետի պաշտոնում:

-Ինչո՞ւ եք ինձ ուզում տալ այդպիսի հարցեր, որոնց պատասխանները… Կարո՞ղ է` ես ինչ-որ կարծիք հայտնեմ, ու դա գաղտնի մնա: Ուղղակի պետք է գա դրա պահը, ժամանակը:

-Այսինքն` դեռեւս չե՞ք ուզում այդ մասին բարձրաձայնել:

-Ո՛չ, չեմ ուզում, մինչեւ իմ քաղաքական թիմը չունենա պաշտոնական դիրքորոշում:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյան

-Պարո՛ն Ասատրյան, ճիշտ կլինի՞, որ «Ծառուկյան» դաշինքը կողմ քվեարկի Ս. Սարգսյանի թեկնածությանը, թե՞ պետք է դեմ արտահայտվել:

-Մենք ունենք խմբակցություն, որտեղ ունենք քննարկելու հարցեր եւ որոշում կայացնելու:

-Բայց կարճ ժամանակ է մնացել, Դուք ի՞նչ տեսակետ ունեք. վարչապետի ընտրությանն ինչպե՞ս է պետք քվեարկել:

Հարցը լսելով` Վանիկ Ասատրյանն անջատեց հեռախոսը:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս