Պայքարը սկսված է. ՀՀԿ-ն փոխեց պլանները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի մասին հայտարարած ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հանուն Հայաստան պետության ճակատի» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները, երեկ բավական բազմամարդ հանրահավաք անցկացրին Ազատության հրապարակում: Ավելին` երեկվանից նրանք սկսեցին շուրջօրյա հանրահավաքների շարքը՝ նստացույց անելով հենց Ֆրանսիայի հրապարակում՝ փակելով Բաղրամյան-Մաշտոց-Սայաթ-Նովա փողոցները: Այսօր էլ նրանք պատրաստվում են շրջափակել Մելիք-Ադամյան փողոցում տեղակայված ՀՀԿ գլխավոր գրասենյակը՝ տապալելու խորհրդի նիստը, որի ընթացքում իշխող կուսակցությունը պատրաստվում է Սերժ Սարգսյանին առաջադրել վարչապետի պաշտոնում: Միայն թե, «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ՀՀԿ-ում որոշել են խորհրդի նիստն անցկացնել Ծաղկաձոր քաղաքում:

Պարզ է` իշխանությունները վախեցել են հնարավոր անախորժություններից ու բախումներից եւ որոշել են նման խորամանկությամբ խափանել իրենց որոշման դեմ պայքարելու մասին հայտարարած ուժերի ծրագիրը: Ի վերջո, իշխանությունները ԵՄ-ի հետ համաձայնագիր են ստորագրել, մեծ գումարների ակնկալիք ունեն, դրա համար էլ փորձելու են զերծ մնալ անախորժություններից` ձեւացնելով իրենց «ժողովրդավար» եւ «հանդուրժող»:

Միայն թե պարզ չէ՝ ինչպես իրենց կպահեն իշխանությունները ապրիլի 16-ին կայանալիք ԱԺ նիստի օրը, երբ ընդդիմադիր ուժերը, ինչպես եւ հայտարարել են, որոշեն շրջափակել ԱԺ շենքը` խափանելու վարչապետի ընտրությունները: Այս դեպքում էլ իշխանություններն ԱԺ նիստը կանցկացնեն ուրի՞շ քաղաքում, թե՞, այնուամենայնիվ, կհամարձակվեն մնալ Երեւանում ու ճանապարհ բացելու համար հարկ եղած դեպքում գնալ բախումների:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս