Արմեն Սարգսյանն էլ ռուսամետ դուրս եկավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկայում կայցելի Մոսկվա: Այս մասին նա հայտնել է երեկ` «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում: Նա շեշտել է, որ ավանդաբար Հայաստանի ղեկավարներն առաջին պաշտոնական այցը Մոսկվա են կատարում: Եվ, փաստորեն, խորհրդարանի կողմից ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը եւս որոշել է չխախտել այս ավանդույթը, թեեւ մինչ այդ նրան իշխանությունները ներկայացնում էին որպես եվրոպական արժեքների դավանող, հետեւաբար եվրոպամետ անձնավորություն:  Եվ սա դեռ ամենը չէ: Սարգսյանը ռուսական գործակալությանը տված հարցազրույցում մի շարք ուշագրավ մտքեր է արտահայտել՝ կապված հայ-ռուսական հարաբերությունների հետ:

Եվ այսպես` Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ հարաբերություններն իրապես առանձնանում են դաշնակցային, ռազմավարական բնույթով, ներառում են ամենաբարձր մակարդակով դինամիկ քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական ու հումանիտար ոլորտներում: Ամրապնդվում է մեր փոխգործակցության խորհրդարանական չափումը:

Ավելին` Սարգսյանը շեշտել է. իր խնդիրն է համարում հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդումը: Եվ սա ասում է մի գործիչ, ում շատերը, թերեւս, որպես արեւմտամետ գործիչ էին ընկալում: Իսկ այժմ նախագահի պաշտոնի ստանձնումից հետո առաջին իսկ հարցազրույցում Սարգսյանը խոսում է Ռուսաստանի հետ համագործակցության ամրապնդման մասին` չհիշատակելով, որ դա անհրաժեշտ է անել նաեւ Եվրոպայի հետ: Եվ սա հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկիրը խորը եւ համապարփակ համաձայնագրի շրջանակում լայն համագործակցության դաշտ ունի նաեւ Եվրամիության հետ: Եվ այժմ որոշակի տարակարծություն կարող է առաջանալ. Արմեն Սարգսյանն ի վերջո արեւմտամե՞տ, թե՞ ռուսամետ գործիչ է: Թեեւ երկրի համար, անշուշտ, ամենից շահավետը կլինի այն, որ բարձրագույն պաշտոններից մեկը զբաղեցնող անձն առաջնահերթ լինի հայամետ:

Սարգսյանը նաեւ այլ ուշագրավ հայտարարություններ է արել: Տարիներ շարունակ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան աշխատած Արմեն Սարգսյանն ասել է. «Ինձ համար Ռուսաստանը նախեւառաջ եղբայրական երկիր է, որի հետ մեզ կապում են մեր ժողովուրդների բարեկամության ամուր կապերը, որոնք ունեն ոչ մեկ հարյուրամյակի պատմություն»: Ապա Սարգսյանը պատմական էքսկուրս է կատարել` խոսելով ռուսական մշակույթի, գրականության եւ արվեստի մասին` շեշտելով, որ դրանք իր համար եղել եւ մնում են ոգեշնչման աղբյուր:

Այսպիսով` հարց է առաջանում` իսկապե՞ս Ա. Սարգսյանը Ռուսաստանին համարում է կարեւորագույն գործընկեր, թե՞ կարծում է, որ անհրաժեշտություն կա խորացնելու հարաբերությունները եվրոպական երկրների հետ: Սակայն այս խոսքերից հետո կարելի է եզրակացնել, որ Սարգսյանն ի սկզբանե հստակ մեսիջներ է ուղարկում նույն Ռուսաստան` ներկայացնելով իր տեսակետը եւ դրական տրամադրվածությունն այդ երկրի նկատմամբ: Մյուս կողմից չի բացառվում, որ այս դիրքորոշման վրա իր ազդեցությունն ունեցած լինի նաեւ խորհրդային շրջանը: Արմեն Սարգսյանը խոսքում հիշատակել է, որ 1984-85 թվականներին եղել է միակ խորհրդային գիտնականը, ով դասավանդել է Քեմբրիջում: Բայց խորհրդային բարքերին քիչ թե շատ ծանոթ մարդկանց մոտ նրա այս հայտարարությունը միանգամայն այլ եզրակացությունների տեղիք է տալիս. «կապիտալիստական Անգլիայում» առանց ՊԱԿ թույլտվության ամեն մարդ չէր կարող դասավանդել, դրա համար պետք էր ՊԱԿ-ում համապատասխան գործընթաց անցնել: Հետեւությունները թողնում ենք ընթերցողներին:

Մինչ այդ կարող ենք ենթադրել, որ առաջիկա տարիներին Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը չի փոխվելու: Ամեն ինչ ընթանալու է ՀՀԿ-ի կողմից ի սկզբանե որոշված տրամաբանության շրջանակներում: Ու թեեւ հիմա նոր Սահմանադրության համաձայն` արտաքին քաղաքականություն իրականացնողը կառավարությունն է, վարչապետը, իսկ նախագահն ընդամենը նրանց ներկայացրած փաստաթղթերը վավերացնողն է, այնուամենայնիվ, նաեւ նախագահն է դեպի ՌԴ ռեւերանսներ անում:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս