ՀՀ վերահսկիչ պալատը տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում պատրաստվում է այս տարի եւս ստուգումներ իրականացնել: Բանն այն է, որ անցած տարում ՎՊ-ն վերահսկողություն է իրականացրել նշված գերատեսչությունում՝ հատկացված բյուջետային միջոցների օգտագործման եւ պետական սեփականության կառավարման վերաբերյալ: Ուսումնասիրությունների շրջանակում ՎՊ-ն նախարարությանը հարցումներ է արել, բայց արի ու տես, որ այնտեղից տեւական ժամանակ պարզապես հրաժարվել են պատասխանել հարցումներին ու չեն տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները:
Ասել է, թե այս նախարարությունը փորձել է կոծկել իր մոտ չարաշահումները: Եւ միայն ՎՊ երկրորդ հարցմանն են նախարարությունից բարեհաճել պատասխանել, այն էլ, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՎՊ եզրակացությունից, սահմանված ժամկետից ուշացումներով եւ ոչ ամբողջական: Մինչդեռ ՎՊ-ն պետք է դիտարկում իրականացնելուց հետո վերլուծություններ աներ: Բայց քանի որ նախարարությունը ուշացրել է, ՎՊ-ի համար առաջացել է ժամկետային սահմանափակումներ:
Արդյունքում այս տարի եւս նախարարությունը կհայտնվի ՎՊ թիրախում: Սա հերթական անգամ ապացուցում է, որ նախարար Վահան Մարտիրոսյանը այդպես էլ մնում է անտեղյակ իր ղեկավար ոլորտին, իսկ խնդիրների դեպքում փորձում է այսպես ճողոպրել: