ՀՀԿ-ական պատգամավորը հանքավայր կշահագործի. ընդլայնում է բիզնեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ամրանների եւ ամրալարերի վաճառքով զբաղվող «Միկմետալ» ընկերությունը մտադիր է նոր հանքավայր շահագործել եւ ընդլայնել արդեն ունեցած հանքը: Տեղեկացնենք, որ «Միկմետալ» ընկերությունը պատկանում է ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահան Հարությունյանի ընտանիքին:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Միկմետալ» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարություն հայտ է ներկայացրել` լիթոիդային պեմզաների (Լանջ տեղամաս) հանքավայրերի շահագործման եւ ընդլայնման վերաբերյալ: Ըստ ՀՀ էներգետիկ եւ բնական պաշարրների նախարարության` «Միկմետալ» ընկերությունը դեռեւս 2012-ին ստացել է ընդերքօգտագործման թույլտվություն եւ զբաղվում է օգտակար հանածոյի արդյունահանմամբ: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը դարձյալ դիմել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն` օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու պահանջով: Մինչ նախարարությունը կերկարաձգի ժամկետը, ընկերությունը նախատեսել է նոր հանքավայր շահագործել նույն տարածքում՝ ընդլայնելով եղածը: Ավելին` հանքավայրի ընդլայնված բացահանքից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ են տեղի ունեցել Ջրաբերի գյուղապետարանի շենքում: Այդ մասին բնապահպանության նախարարությանը ներկայացվել է արձանագրություն:

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրությունից տեղեկացավ, որ քննարկումներին ներկա են գտնվել ընկերության ներկայացուցիչ Ա. Ավագյանը, Ջրաբերի վարչական տարածքի ղեկավար Գեւորգ Հայրապետյանը, համայնքի ներկայացուցիչ Դանիել Դանիելյանը եւ 3 բնակիչ: Ըստ այդ արձանագրության` հանրային քննարկման ժամանակ Ջրաբերի վարչական ղեկավար Գեւորգ Հայրապետյանը հայտարարել է, որ ունի դրական մոտեցում եւ կարծիք հանքավայրի տեղամասերի նախագծի վերաբերյալ, քանի որ ընկերությունն իր գործունեության ընթացքում խնդիրներ չի առաջացրել համայնքում: Ինչպես նաեւ հանքավայրում աշխատում են գյուղի բնակիչներ, որը ըստ համայնքի վարչական ներկայացուցչի` կարեւոր է:

Իսկ ահա ընկերության ներկայացուցիչը իր հերթին տեղեկացրել է, որ իրենք հանքարդյունաբերության ոլորտում ունեն բազմամյա աշխատանքային փորձ, ապա վստահեցրել է, որ աշխատանքների ընթացքում պահպանվում են տեխնիկական անվտանգության կանոնները եւ այլն: «Ժողովուրդ» օրաթերին հայտնի դարձավ, որ քննարկումների մասնակիցների կողմից որոշվել է հավանություն տալ Կոտայքի մարզի Բյուեղավան համայնքի Ջրաբերի լիթիոդային պեմզաների հանքավայրի ընդլայնված բացահանքից օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի իրականացմանն ու հիմնական գնահատման փուլում ներկայացված հաշվետվությանը:

Բացի այս` ընկերության կողմից բնապահպանության նախարարությանը ներկայացվել է Ջրաբերի լիթոիդային պեմզաների հանքավայրի Լանջ տեղամասի ընդլայնման փորձաքննության նախագիծ: Ի դեպ, նախկինում հանքավայրը շահագործվել է նույն ընկերության կողմից: Հանքավայրը աշխատանքով ապահովելու է 8 մարդու: Ըստ ընկերության` մոտակայքում չկան արդյունաբերական, գյուղատնտեսական ձեռնարկություններ, ստորգետնյա շինություններ, որոնց վրա կարող է ազդել հանքի շահագործումը:

Բայց գյուղի բնակիչների մի մասը պնդում է, որ բացահանքի շահագործումը կվնասի անասնապահությանը եւ հողագործությանը: Ըստ նրանց` քամիներից կմեծանան աղտոտված տարածքները, արդյունքում կխախտվեն սանիտարական նորմերը: Սա խոստովանել է նաեւ ընկերությունը իր փորձաքննության նախագծում եւ պնդել, որ միջոցառումներ են ձեռնարկվում շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու ուղղությամբ: Նշենք, որ Ջրաբերի լիթոիդային պեմզաների հանքավայրի Լանջ տեղամասը գտնվում է Նուռնուս գյուղից ավելի քան 2 կմ հարավ-արեւելք եւ Ջրաբեր գյուղից ավելի քան 1 կմ հյուսիս-արեւմուտք:

Բացի այս` ապրիլի 25-ին Մայակովսկու գյուղապետարանում տեղի է ունենալու «Սթոուն լենդ» ընկերության կողմից Կոտայքի մարզի Բալահովիտի բազալտի հանքավայրի ընդլայնման եւ արդյունահանման աշխատանքների գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ: Ի դեպ, «Հետք» լրատվական կայքում հրապարակված տեղեկության համաձայն` «Սթոուն Լենդ»-ի բաժնետերը «Միկմետալ» ընկերությունն է: «Ժողովուրդ» օրաթերթը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից տեղեկացավ, որ նշված ընկերությունը Նորագյուղում, Բալահովիտում պետք է բազալտի արդյունահանմամբ զբաղվի մինչեւ 2032 թվականը:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց նաեւ «Միկմետալ» ընկերության հետ, որտեղից փոխանցեցին, որ անպայման կարձագանքեն խնդրին: Պատրաստ ենք հրապարակել նաեւ երկրորդ կողմի կարծիքը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս