«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ անվտանգության աշխատակիցները սկսել են առանձնակի խստությամբ ստուգել խորհրդարանի բակ մտնող պատգամավորական մեքենաները: Ինչպես հայտնի է` ԱԺ բակ մեքենաներով կարող են մուտք գործել ԱԺ նախագահը, փոխնախագահները, Աժ հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները եւ անձինք, որոնց օրենքով սահմանված կարգով ԱԺ աշխատակազմը թույլտվություն է տվել:
Եւ ահա, մեր տեղեկություններով, ԱԺ մուտք գործող բոլոր մեքենաները կանգնեցնում են, ստուգում մեքենայի նստատեղերը, բեռնախցիկը, անգամ՝ հատուկ հայելիների միջոցով ստուգում են ԱԺ փոխնախագահների, հանձնաժողովի նախագահների եւ խմբակցությունների ղեկավարների մեքենաների տակը եւ համոզվելով, որ որեւէ տարօրինակ բան չկա, նոր թույլ են տալիս մուտք գործել: Զարմանալի զուգադիպությամբ` նման խիստ ռեժիմով ստուգումները սկսվեցին այն բանից հետո, երբ ապրիլի 11-ին ԱԺ «Ելք» խմբակցության անդամներ Լենա Նազարյանը եւ Արարատ Միրզոյանը ճայթուկ էին տեղափոխել ԱԺ դահլիճ եւ ակցիա իրականացրել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ստուգումների ռեժիմը խստացվել է` նպատակահարմարությունից ելնելով: