Փող են ուզում. ինչ վիճակ է Սպիտակի խնամքի տանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպիտակի խնամքի տունը հիմնադրվել է 2 տարի առաջ` որպես այլընտրանք նյարդահոգեբանական տուն-ինտերնատների: Փորձնական ծրագիրն առաջին անգամ է ներդրվել Հայաստանում, որի նպատակը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց սոցիալիզացումն է: Այստեղ ապրում են Վարդենիսի, Սեւանի եւ այլ հոգեբուժական հաստատություններից տեղափոխված մարդիկ, ովքեր ընտրվել են համապատասխան հանձնաժողովի կողմից եւ հիմնականում խնամքի կարիք ունեն:

Բնակիչների մի մասը նախկինում բարձրագույն կրթություն են ստացել, աշխատանքային փորձ ունեն, բայց տարբեր պատճառներով հայտնվել են նշված վայրերում` ճանաչվելով անգործունակ:

Տեղի բնակիչներից ոմանք ստեղծագործում են, զբաղվում նկարչությամբ, ձեռագործությամբ, կավագործությամբ` իրենց կողմից պատրաստված աշխատանքների մի մասը նաեւ վաճառվում է: Դրանից բացի` կենտրոնի հողամասում կարտոֆիլ են մշակում, փոխանակում այլ մթերքներով:

Ինչպես իրենք են ասում` այստեղ պայմաններ են ստեղծվում հասարակական, ինքնուրույն կյանքով ապրելու, հարազատների հետ շփվելու, հյուրեր ընդունելու եւ ժամանցի համար, ուստի մեկուսացված չեն զգում` ի տարբերություն մյուս փակ հաստատությունների: «Վարդենիսում դուրս չէինք գալիս, չէիք շփվում արտաքին աշխարհի հետ, իսկ էստեղ արտ-թերապիայի դասեր ենք անում, տարբեր միջոցառումների մասնակցում: Ամեն տեղ գնում ենք` թատրոն, համերգ, առօրյան հետաքրքիր է:

Մեզ ազատ ենք զգում, ոնց որ հանգստյան տուն լինի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Գայանե Ասատրյանը:

Տնօրենի խոսքով` ի սկզբանե ծրագրում ընդգրկված է եղել 7 անձ, այժմ նրանց թիվը հասնում է 13-ի: Ըստ նրա` մի բնակիչ արդեն վերադարձել է տուն, մի քանիսը եւս կարող են հետագա կյանքը շարունակել հաստատությունից դուրս: Բնակիչներից մյուսը, ով արտերկրում սարքաշինական ոլորտում է աշխատել, 30 տարվա աշխատանքային փորձ ունի: Այժմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը զբաղվում է նրա գործունակության վերականգնմամբ: Առաջիկայում դատահոգեբուժական փորձաքննություն պիտի անցնի. ակնկալիքներ ու նոր պլաններ ունի:

Բավական Պետրոսյանի գնահատմամբ` ծրագիրը հաջողված է, բայց ծառայության շարունակականությունն ապահովելու համար ֆինանսավորում է պետք: 2017-ի սեպտեմբերից ֆինանսավորում չունեն: Սննդի եւ այլ հարցերում, մինչ այս պահը, տեղական իշխանություններն են օգնել, բայց դա կայուն եւ բավարար չի համարվում: «Պետությունը տեսնելով, որ սա հաջողված փորձ է, համաձայնել է մասնակի ֆինանսավորել, մյուս կեսի համար տարբեր կազմակերպությունների եմ դիմել, բայց հարցը դեռ օդում կախված է»: Ասում է` բնակիչները պատրաստ չեն երբեւէ հետ վերադառնալ. «Եթե մյուս մասը չգտնվի, չգիտեմ` ինչ է լինելու»:

Լուսանկարը` Hetq.am-ի

Մարջան Չոբանյան
Վանաձոր




Լրահոս