Մինչ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը պատրաստվում է մեծ շուքով նշել իր 20-ամյակը, ՀՀ վերահսկիչ պալատը բարձրաձայնում է այդ կառույցում ահռելի չարաշահումների եւ խախտումների մասին:
Նախ նշենք, որ ԴԱՀԿ-ի անցած տարվա հատկացումը կազմել է ավելի քան 1 մլրդ 351 մլն 386 հազար դրամ, իսկ ծախսը` 1 մլրդ 329 մլն 65 հազար դրամ: Ստացվում է, որ կառույցի ծախսերը հատկացումից ավելի քան 22.3 մլն դրամով են նվազ: ԴԱՀԿ-ի կարիքների համար ձեռք բերման ծախսերը միայն անցած տարվա համար կազմել են մոտ 53.5 մլն դրամ, իսկ 2016 թվականին` 64 մլն 229 հազար դրամ: Իսկ ահա ծառայության «Ծախսերը գրասենյակային նյութեր եւ հագուստ հոդվածով» 2017 թվականին կազմել է 41 մլն 146 հազար դրամ, 2016 թվականին` 53 մլն 423 հազար դրամ: ՀՀ արդարադատության նախարարի` 2012 թվականի հրամանի համաձայն` ԴԱՀԿ-ի յուրաքանչյուր ծառայողին երկու տարվա ընթացքում տրամադրվում է մեկ սվիտեր:
«Ժողովուրդ» օրաթերթը ՎՊ հաշվետվությունից տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ն 2016 թվականին «Արս-Ֆայն» եւ 2017 թվականին «Էլաամոդա» ընկերություններից ձեռք է բերել 200 եւ 150 հատ սվիտեր, յուրաքանչյուրը 17 հազար 500 դրամ արժեքով: Սակայն ՎՊ ստուգմամբ պարզվել է, որ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ ծառայության պահեստում սվիտերների մնացորդը կազմել է 580 հատ: Փաստորեն հաստիքացուցակի 427 աշխատողները ապահովված են եղել սվիտերներով հաջորդ երկու տարվա համար: Բայց չնայած սրան` ԴԱՀԿ-ն 2016 եւ 2017 թվականներին գնել է 6 մլն 125 հազար դրամի 350 հատ սվիտեր:
Բացի այս` ԴԱՀԿ-ն «Զեթ Թեքնոլոջի» ընկերությունից ձեռք է բերել ցանցային համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայություններ, որոնց գնային առաջարկը եւ պայմանագրի արժեքը կազմել է 3.5 մլն դրամ, այդ թվում` 583 հազար 300 դրամ ավելացված արժեքի հարկ: Ընկերությունը ԱԱՀ վճարող չի համարվում եւ վճարման է ներկայացրել 2017 թվականի դեկտեմբերի 20-ի հաշիվ ապրանքագիր` 3.5 մլն դրամ, առանց ԱԱՀ, որը վճարվել է: Փաստորեն ծառայությունը «Զեթ Թեքնոլոջի» ընկերությանը վճարել է հավելյալ 583 հազար 300 դրամ ԱԱՀ-ի գումար, որը համարվում է պարտք պետբյուջեին: Իսկ ահա 2016 թվականին «Սոֆթ Թայմ» ընկերությունից ԴԱՀԿ-ն ձեռք է բերել 570 հատ «Kaspersky» համակարգչային ծրագրային արտոնագրեր` 8 մլն 236 հազար 500 դրամ արժեքով: Բայց ՎՊ ստուգմամբ պարզվել է, որ ԴԱՀԿ-ն այդ տարի ունեցել է 521 հատ համակարգիչ, որից 11-ն անսարք են եղել եւ չեն շահագործվել: Փաստորեն ԴԱՀԿ-ն պահանջից ավելի գնել է 867 հազար դրամի 60 հատ «Kaspersky» համակարգչային ծրագրային արտոնագրեր:
Սա դեռ ամենը չէ. պարզվում է` ԴԱՀԿ-ն որոշ ապրանքատեսակներ գնել է շուկայականից թանկ գնով: Օրինակ` 2016 թվականին ծառայությունը «Փեն բոքս» -ից գնել է 4000 տուփ A4 ֆորմատի թուղթ, մեկ տուփը` 1480 դրամով: Իսկ «Արիկո-Գոռ»-ից նույն տարվա դեկտեմբերի ընթացքում գնել է 6550 տուփ A4 ֆորմատի թուղթ, մեկ տուփը` 1638 դրամով: Սակայն ՎՊ-ն պարզել է, որ «Արիկո-Գոռ»-ից գնումների ընթացքում ծառայությունը խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի պահանջը` միեւնույն տեխնիկական բնութագիր ունեցող ապրանքը բաժանել է 1 մլն դրամը չգերազանցող չափաբաժինների եւ կատարել է ուղղակի գնումներ: Արդյունքում ծառայությունը «Արիկո-Գոռ»-ից թղթի մեկ տուփը գնել է 158 դրամով թանկ` ծախսելով ավելի 1 մլն 34 հազար 900 դրամ:
Իսկ ահա հարկադիր աճուրդի էլեկտրոնային համակարգի դեպքում խախտումները այլ պատկեր ունեն: Այն, ըստ ՎՊ-ի, կատարյալ չէ եւ չի ապահովում հրապարակայնությունը. աճուրդի դրված լոտերը ոչ միշտ են տեսանելի հնարավոր մասնակիցների համար: Նաեւ աճուրդները չեն կայանում մասնակիցների բացակայության պատճառով, եւ աճուրդի արդյունքում մասնագիտացված կազմակերպությունների կողմից գնահատված գույքը վաճառվում է տասնապատիկ էժան: Օրինակ` ֆիզիկական անձի կողմից մաքսանենգ ճանապարհով ներմուծված 188.8 կգ. տարբեր տեսակի կոշիկները պետական բյուջեի օգտին բռնագանձվել եւ գնահատվել են 1 մլն 396 հազար 800 դրամ: Աճուրդով կոշիկները վաճառվել են 52 հազար 600 դրամով կամ գնահատված արժեքից 26.5 անգամ պակաս:
Մեկ այլ օրինակ` ֆիզիկական անձի պարտքը պետական բյուջեի նկատմամբ կազմել է 3 մլն 863 հազար 100 դրամ: Բռնագանձվել են գյուղնշանակության 7600 քմ հողատարաքծներ` 6 մլն 85 հազար դրամ գնահատված արժեքով կամ մեկ քմ-ի միջին գիինը 800 դրամ: Բայց աճուրդով հողատարածքները վաճառվել են 427 հազար 900 դրամով, մեկ քմ-ն` 56.3 դրամ կամ գնահատված արժեքից 14.2 անգամ պակաս: Ինչը խիստ կասկածներ է հարուցում, որ նման գնով հողատարածք հնարավորություն ունեն գնելու միայն ԴԱՀԿ աշխատակիցները: Չի բացառվում, որ նման էժան գնով հողատարածքներ գնվել են հենց ԴԱՀԿ աշխատողների կամ նրանց ծանոթ-բարեկամների կողմից: Ըստ ՎՊ-ի` ծառայության վարչական շենքի վերանորոգումների համար 2017 թվականի կնքված չորս պայմանագրերով կապալառուներին հավելյալ վճարվել է 5 մլն 182 հազար 100 դրամ:
Ներկայացվածը ՎՊ ստուգումների արդյունքում բացահայտվածի չնչին մասն է: Իրականում այս կառույցում խնդիրները շատ ավելի շատ են:
Ու չնայած պետական միջոցների վատնումներին, ԴԱՀԿ-ն մայիսի 5-ին մեծ շուքով պատրաստվում է տոնել հարկադիր կատարողի օրը: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ն մայիսի 5-ին տոնելու է կառույցի 20-ամյակը: Այդ նպատակով պետական միջոցներից ծախսելու է 51 մլն 949 հազար դրամ: Հիշեցնենք, որ ԴԱՀԿ-ի 16-ամյակին, երբ ղեկավարը ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանն էր, հարկադիր կատարողի օրվա համար երգ գրվեց: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԴԱՀԿ-ն մայիսի 4-ին պատվիրակություններ է ընդունելու, եւ վերոնշյալ գումարի մեջ ներառված է նաեւ 200 անձի համար հյուրանոցային ծառայությունը, ֆուրշետի մատուցումը: Բացի այս` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնում տոնական համերգ է լինելու, ԴԱՀԿ ապահովող ծառայության մասին ֆիլմի ցուցադրություն, որից հետո 400 անձի համար հյուրասիրություն: Հետաքրքի՞ր է` անհամեստության սինդրոմով տառապող ԴԱՀԿ-եցիները իրենց ֆիլմում կխոսե՞ն ՎՊ-ի կողմից բացահայտված չարաշահումների մասին:
Հ.Գ. Հիշեցնենք, որ 2008-2016թթ. ԴԱՀԿ-ն ղեկավարել է այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը: Իր անվան հետ կապվող օֆշորային սկանդալից հետո նա հրաժարական ներկայացրեց, որից հետո ԴԱՀԿ պետ նշանակվեց Արմեն Հարությունյանը: ՎՊ բացահայտած չարաշահումները տեղի են ունեցել ԴԱՀԿ երկու ղեկավարների օրոք էլ: Մեկ փաստ եւս. ՎՊ-ն ԴԱՀԿ-ում բացահայտված փաստերն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ դրանց հետագա ընթացք տալու համար:
Սյունէ Համբարձումյան