ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունը նյութերի նախապատրաստման շրջանակում պարզել է, որ ապրիլի 14֊ին Հանրային ռադիոյի շենքում Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի խումբ անձանց իրականացրած գործողությունների ժամանակ «հավաքի կազմակերպիչն իր անգործությամբ վտանգել է մասնակիցների կյանքն ու առողջությունը»։

ՀՀ գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է ապրիլի 14֊ին Հանրային ռադիոյի շենքում Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի խումբ անձանց իրականացրած գործողությունների փաստի առթիվ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի» 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նախապատրաստել նյութեր՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով։

Նյութերի նախապատրաստման շրջանակներում վերցվել են Հանրային ռադիոյի շենքում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները: Դրանց զննությամբ պարզվել է, որ խաղաղ հավաքի իրավունքը ոմանց համար նշանակում է պետական պահպանության տակ գտնվող ռազմավարական նշանակության օբյեկտ զավթելու հատուկ «օպերացիա»: Մասնավորապես, տեսանյութում հստակ երևում է, որ նշված շինության զավթմանը նախորդում է օբյեկտի նախնական «հետախուզումը», պայմանական նշաններով միմյանց հետ հաղորդակցվելը, այնուհետև՝ խմբակային ներխուժումը պահպանվող օբյեկտ:

Ներխուժողների համար որևէ զսպող նշանակություն չունեցավ անգամ այն հանգամանքը, որը շենքը գտնվում էր ոստիկանական պահպանության ներքո: Ավելին, անտեսվեց ոստիկանության ծառայողների օրինական պահանջը՝ շենքը մուտք չգործելու վերաբերյալ:

Այսպես կոչված «խաղաղ հավաքի» մասնակիցներից ոմանք, որոնց ինքնությունն արդեն իսկ ճշտված է, հաղթահարված համարելով ոստիկանության ծառայողների դիմադրությունը, չխորշեցին անգամ ոտքի հարվածներով ջարդել շենքի դռներից մեկը՝ նյութական վնաս պատճառելով ընկերությանը: Ի դեպ, ոստիկանության ծառայողները շինության պահպանությունն իրականացնելիս են եղել մարտական զենքով: Հավաքի կազմակերպիչը իր անգործությամբ ուղղակի վտանգել էր երիտասարդների կյանքն ու առողջությունը, քանի որ ոստիկանության ծառայողները բոլոր հիմքերն ունեին ենթադրելու, որ պահպանվող օբյեկտի վրա կատարվում է խմբակային հարձակում: Այս հանգամանքն օրինական հիմք էր թե զենքը մերկացնելու, թե ոստիկանության ծառայողին որոշակի հեռավորությունից չմոտենալու պահանջ ներկայացնելու, և թե զենքի գործադրման մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելու համար, ինչը կարող էր հանգեցնել ողբերգական հետևանքների, եթե չլիներ ոստիկանության ծառայողի զսպվածությունն ու պրոֆեսիոնալիզմը:

Նյութերի նախապատրաստման փուլում ծանուցումներ են ուղարկվել դեպքին առնչվող բոլոր անձանց՝ ոստիկանություն ներկայանալու և բացատրություններ տալու նպատակով:
Գործի քննության ընթացքի վերաբերյալ հետագայում կներկայացնենք լրացուցիչ տեղեկություններ»:




Լրահոս