ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նախկին գյուղապետերի ձերբակալություններն այս օրերին դարձել են շարունակական պրոցես: Շիրակի մարզի գյուղական համայնքի երկու նախկին ղեկավարի ձերբակալությունից հետո ձերբակալվել են նաեւ Լոռու մարզի համայնքի նախկին երկու ղեկավարներ:

Դեռ 2017 թվականի դեկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանը տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ հայտարարել էր.«Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում են անհասկանալի եւ անընդունելի եկամուտներ ունենալու համար` սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձեւերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, եւ չմանրամասնեմ, որովհետեւ ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ ուղղակի ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետերի նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետեւ համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, եւ այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսեւորումներ»:
Եվ ահա այս ելույթից երեք ամիս անց ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի հատկացման, ինչպես նաեւ տեղական սերմարտադրողներից եւ Ռուսաստանի Դաշնությունից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացի վիճակը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ Լոռու մարզի Միխայլովկա համայնքի պաշտոնատար անձինք պարարտանյութերի բաշխման գործընթացում, մեկ միասնական դիտավորությամբ 2014-2016 թվականների ընթացքում պարարտանյութերի վաճառքից համայնքի թվով 8 բնակիչներից ստացել են խոշոր չափերի գումար, որից հետո պարարտանյութի դիմաց համայնքի բնակիչներից հավաքագրված գումարները մատակարար կազմակերպության բանկային հաշվեհամարին փոխանցելու փոխարեն հափշտակել են:
Լոռու մարզի Ձյունաշող համայնքի ղեկավարը աշնանացան ցորենի բաշխման գործընթացում` 2014-2016 թվականներին, բնակիչներին հասանելիք սերմացուի տրամադրման ժամանակ նույն համայնքի շահառու 4 բնակիչների տվյալները ձեւականորեն ներառել է պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակում եւ նրանց անվամբ դուրս գրված սերմացուն վերջիններիս չի հատկացրել, այլ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը` յուրացման եղանակով հափշտակել է: Այնուհետեւ համայնքի ղեկավարը իր կողմից ցորենի սերմացուի հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով` պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բովանդակությամբ կեղծ բաշխացուցակները տրամադրել է Լոռու մարզպետարանին:
Արդյունքում` 2018թ. մարտի 21-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են երկու առանձին քրեական գործեր:
Ավելի ուշ գործը հասավ Շիրակի մարզ: Իրավապահները սերմնացուի ձեռքբերման եւ բաշխման գործընթացում հայտնաբերել էին չարաշահումներ: Արդյունքում` Շիրակի մարզի Իսահակյանի եւ Մեղրաշատի նախկին գյուղապետերի նկատմամբ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ 3 մլն դրամից ավելի գումարի յուրացման փաստով հարուցվել է քրեական գործ, եւ վերջիններս ձերբակալված են:
Շիրակի մարզի համայնքի նախկին ղեկավարների ձերբակալություններով իրավիճակը չի կարգավորվում: Երեկ իրավապահները ձերբակալել են նաեւ Ձյունաշող եւ Միխայլովկա համայնքի նախկին ղեկավարներին:
«Ժողովուրդ» օրաթերթին նաեւ հայտնի է դարձել, որ իրավապահ համակարգին հանձնարարական է տրվել, որ աշխատանքներ տանեն նախկին գյուղապետերի հետ՝ ստիպելով վերադարձնել հափշտակված գումարները: Ավելին` հիմա ձերբակալվածների առաջ պայման է դրվում՝ եթե վերադարձնեն այդ գումարները, բանտ չեն նստի. ամեն ինչ կավարտվի պայմանական ազատազրկումներով: Հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել կալանավայրերում:
Մեր տեղեկություններով` ՀՀ իրավապահ համակագը ստուգում է իրականացնում նաեւ մյուս մարզերում եւ մյուս մարզերի մասով առաջիկայում կրկին համայնքի նախկին ղեկավարների ձերբակալություններ են սպասվում: Ի՞նչ արդյունք կտան ՀՀ գլխավոր դատախազության այս ստուգումները, եւ համայնքի նախկին ղեկավարների ձերբակալություններով նրանք կկարողանա՞ն հետ վերադարձնել բյուջեից հափշտակված գումարները, ցույց կտան արդյունքները:
Լոռու մարզպետը`
ձերբակալությունների մասին
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ:
-Պարո՛ն Նալբանդյան, համայնքի նախկին ղեկավարներ են ձերբակալվում, Ձյունաշող եւ Միխայլովկա համայնքի նախկին ղեկավարներին` յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի համար:
-Ես տեղյակ չեմ, վստա՞հ եք, առաջին անգամ եմ լսում, ե՞րբ են ձերբակալել: Եթե Դուք խոսում եք Ձյունաշող եւ Միխայլովկա համայնքներից, ապա ասեմ` մինչեւ քրեական գործ հարուցելը Լոռու մարզպետարանը մտել է դատարան, եւ ի օգուտ պետության` մենք չենք թողել, որ որեւէ համայնքի ղեկավար փորձեր անի` պետությանը վնաս տա, խոսքը պարարտանյութի եւ սերմացուի մասին է: Իսկ ինչ վերաբերում է քրեական գործին, դա արդեն վերաբերում է կեղծ անուն-ազգանուններ ներկայացնելուն, որը մարզպետարանը չէր կարող վերահսկել ամբողջությամբ:
-Ստացե՞լ եք գումարները:
-ԴԱՀԿ-ի միջոցով ժամանակացույցով ստանում ենք, դա ո՛չ առաջին, ո՛չ վերջին դեպքն է: Իրավապահ համակարգը այլ խնդրով է իրենց դեմ քրեական գործ հարուցել:
-Կասե՞ք Ձեր հայցի գումարի չափը, որ պահանջում էիք համայնքի ղեկավարներից:
-Միխայլոկան, եթե չեմ սխալվում, 8 միլիոն, Ձյունաշողը` 4, թվերը հստակ չեն:
-Բայց Դուք մարզպետ եք, Դուք իրենց վերահսկողն եք, ի՞նչ է նշանակում` չէր կարող վերահսկել ամբոջությամբ, չէիք կարող, հրաժարական տայիք, չեք արել, հիմա պաշտոնեական անփութություն եք ցուցաբերել:
-Հիմա տեսեք` մենք 3000 տոննայի չափով համայնքներից հարկ ենք ստացել, եւ յուրաքանչյուր հողօգտագործող մաքսիմում կարող էր հայտ ներկայացներ 0-ից մինչեւ 600 կիլոգրամի, խոսքը սերմացուի եւ դրա համարժեք պարարտանյութի մասին է: Այսինքն` 3000 տոննան եթե բաժանում ես, դա մի ահռելի թիվ է ստացվում եւ ամբողջությամբ վերահսկել, գնալ, տեսնել` այդ անուն, ազգանունով գյուղացին ստացե՞լ է, թե՞ ոչ, մենք այդ ամենը ամբողջությամբ չենք կարող վերահսկել: Եթե մենք փորձեինք վերահսկել այդ ամբողջական ցուցակները, ապա շատ ավելի ժամանակ կխլեր, եւ գարնանացանը վաղուց կանցներ, եւ մենք չենք մտածել, որ կարող են` կեղծ ցուցակներ մեզ տրամադրեին:
-Բա մտածեիք, պաշտոնեական անփութության հետեւանք չէ՞ սա:
-Մենք չէինք կարող ամբողջականը վերահսկել, եւ դա մեր լիազորությունների մեջ չի էլ մտնում, մենք ընդամենը համայնքներից ստացել ենք հայտեր եւ այդ հայտերը ներկայացրել ենք նախարարություն, որ այդ քանակով մեզ տրամադրեն, բայց որ ամբողջությամբ վերահսկեինք ցանկերը, հնարավոր չէր:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
Տարբեր ավիաընկերություններով թռիչք կատարած մասնագետները հայտնվել են խնդրի առաջ եւ դատի են տվել ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրանք երկարամյա թոշակ ստանալու համար համապատասխան փաստաթղթեր են ներկայացրել ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, որպեսզի վարչությունը վավերացնի իրենց կողմից ներկայացված փաստաթղթերը: Դրանից հետո նրանք փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարություն` ստանալու հասանելիք երկարամյա թոշակը: Սակայն ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը չի վավերացնում փաստաթղթերը` նշելով, որ օրենքում բաց կա, եւ իրենք կառավարության որոշմանը հետեւելով` կաշկանդված են այդ փաստաթղթերը վավերացնելու հարցում:
Բանն այն է, որ «Պետական կենսաթոշակի մասին» օրենքը հստակ սահմանում է, որ երկարամյա թոշակի գնալու իրավունք ունեն թռիչքային ինժեներն ու թռիչքային տեխնիկը, բայց մասնագետների կողմից ներկայացված փաստաթղթերում գրված է ինժեներ-տեխնիկ, այսինքն` չկա թռիչքային բառը, ուստի այդ բառի չլինելու պատճառով վարչությունը չի ստորագրում նրանց փաստաթղթերը, եւ նրանք չեն կարողանում գնալ երկարամյա թոշակի: Մեզ հայտնի դարձավ, որ այս «չարաբաստիկ» «թռիչքային» բառի պատճառով տարբեր ավիաընկերություններով փաստացի թռիչք կատարած շուրջ 30 մասնագետ հայտնվել է խնդրի առաջ, ու որեւէ կերպ չեն կարողանում լուծել իրենց երկարամյա թոշակի հարցը:
Արդյունքում` եղել են մասնագետներ, որոնք դիմել են դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրանցից մեկն էլ ինժեներ-տեխնիկ Արմեն Խաչատուրյանն է: Նա մարտի 29-ին դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով ստիպել ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը վավերացնել փաստացի կատարած թռիչքաժամերի մասով տրամադրված տեղեկանքները:
Ինչ կորոշի դատարանը, դժվար է ասել, բայց մասնագետները չեն պատրաստվում լռել, եւ չի բացառվում, որ 30-ից ավելի մասնագետներ դատի տան վարչությանը եւ դեռ ավելին` դիմեն ՀՀ կառավարություն, որ օրենքում փոփոխություն իրականացնեն եւ իրենց տարիների կատարած աշխատանքը մեկ բառի պատճառով ջուրը չգցեն:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄՆԱՑԵԼ ԵՆ ՎԵՐԵԼԱԿՈՒՄ
Երեկ մոտ 1 ժամ երկու լրագրող եւ երկու օպերատոր փակված են մնացել Մամուլի բարձրահարկ շենքի վերելակում: ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները երկար ժամանակ վերելակը վերեւ եւ ներքեւ բարձրացնելուց հետո չեն կարողացել բացել դռները: Լրագրողները վերադառնալիս են եղել Մամուլի ազգային ակումբից, որտեղ առավոտյան ասուլիս էր տալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը` խոսելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ իրենց պայքարի մասին: Ի դեպ, լրագրողներից առաջ նույն վերելակով իջել է նաեւ Ն. Փաշինյանը:

 

 

ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ
Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ստուգումներ է սկսել` պարզելու՝ արդյո՞ք շենգենյան վիզաներ տրամադրելու նպատակով ռուս-թուրքական «Վիզամետրիկ» ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում է Հայաստանի օրենսդրությանը։ Նշենք, որ ապրիլի 3-ից Գերմանիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի շենգենյան վիզաների դիմումները Հայաստանի քաղաքացիներից կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանատունը, այլ ռուս-թուրքական կոնսորցիում հանդիսացող «Վիզամետրիկ» ընկերությունը: Շենգենյան վիզաների տրամադրման կարգում այս փոփոխությունը հարուցել էր հասարակության անհանգստությունը՝ հաշվի առնելով այն փաստը, որ «Վիզամետրիկ» ընկերությունը նաեւ թուրքական ծագում ունի, եւ ըստ էության նրան հասանելի են դառնալու դեսպանատուն դիմած Հայաստանի քաղաքացիների անձնական տվյալները։ Արդարադատության նախարարությունից միայն տեղեկացնում են, որ գործակալությունն ուսումնասիրում է բարձրացված խնդիրը՝ կանխելու համար ընկերության կողմից անձնական տվյալների մշակման հնարավոր խախտումները։




Լրահոս