ԵՐԲ ԱՆԳԱՄ ԽՈՍՏԱՑՎԱԾԻ ԿԵՍԸ ՉԻ ԱՊԱՀՈՎՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017 թվականին Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը: Պատկերը, մեղմ ասած, այնքան էլ լավ չէ, եւ հիմք է տալիս եզրակացնելու, որ իշխանություններին այդպես էլ չհաջողվեց ապահովել խոստացած չափի ներդրումներ:

Եւ այսպես` ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը 2017 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 93 մլրդ 43.9 մլն դրամ /193.8 մլն դոլար/, նախորդ տարվա 62 մլրդ 679.3 մլն դրամի /130.5 մլն դոլարի/ փոխարեն: Ասել է, թե ներդրումներն աճել են 30.3 մլրդ դրամով:
Մինչդեռ վարչապետ Կարեն Կարապետյանը 2017 թվականին` ՀՀԿ-ի քարոզարշավի շրջանակում հայտարարել էր 2017թ. 50 մլն դոլար օտարերկրյա ներդրումների մասին: Դրանից հետո այս տարվա սկզբին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը հաշվետվություն հրապարակեց, թե 2017 թվականին նախատեսված է եղել կատարել 490 մլն դոլարի ներդրում եւ ստեղծել 7300 աշխատատեղ, սակայն կատարվել է 506 մլն դոլարի ներդրում եւ ստեղծվել 5200 աշխատատեղ:
Միայն թե ԱՎԾ ցուցանիշները վկայում են հակառակի մասին՝ օտարերկրյա ներդրումներն անգամ կառավարության խոստացած ցուցանիշի կեսին չեն հասել: Ասել է, թե կառավարությունը չի կատարել խոստումը: Իհարկե, վարչապետ Կարեն Կարապետյանն ունի սրա պատասխանը. ժամանակին շտապել էր պարզաբանել, թե խոստացածն ամենեւին էլ օտարերկրյա ներդրումների մասին չի եղել, այլ որ ինքը նաեւ պետական ու մասնավոր ծրագրերով իրականացված ներդրումներն է նկատի ունեցել, ավելին՝ կառավարությունը ներդրումներ սկսեց հաշվել անգամ վարկային միջոցները, բյուջեից հատկացված միջոցները, համայնքային դրամաշնորհները: Մինչդեռ, նկատենք, ԱՎԾ-ն իր հաշվարկներն անում է միջազգայնորեն ընդունված չափորոշիչների համաձայն:
Հիմա դիտարկենք, թե որ երկրներից են եղել ներդրումների զուտ հոսքերը: Առաջին տեղում Լյուքսեմբուրգն է, որից ուղղակի ներդրումները, 2016-ի համեմատ, նախորդ տարի նվազել են 21, 891, 2 մլն դրամով: Եթե 2016 թվականին Լյուքսեմբուրգից ընդամենը ներդրումները կազմել են 48, 399,3 մլն դրամ, ապա նախորդ տարի 2, 890,1 մլն դրամի ներդրում է եղել: Ներդրումների ծավալով երկրորդը Կիպրոսն է: Այս երկրից ուղղակի ներդրումները նախորդ տարի` 2016-ի համեմատ, նվազել են 36,060, 5 մլն դրամով: 3-րդ եւ 4-րդ հորիզոնականներում տեղակայված Միացյալ Թագավորությունից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից նույնպես ներդրումների ծավալը նվազել է:
Փոխարենը կտրուկ աճել են ներդրումները օֆշորային Ջերսի կղզուց. այս երկրից նախորդ տարի ՀՀ ուղղակի ներդրումները կազմել են 107, 888,2 մլն դրամ: Իհարկե, սա ներդրումների փոքր ծավալ չէ, սակայն հարցն այն է, որ սա հանքարդյունաբերական ոլորտում՝ Ամուլսարում, Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության կատարած ներդրումն է: Մասնավորապես Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործվում է այս ընկերության կողմից եւ ներդրումներն էլ հանքի համար են արվել` չնայած այդ հատվածում առկա եւ տարիներ շարունակ բարձրաձայնվող բնապահպանական խնդիրների: Ընդ որում, Ամուլսարի ոսկու հանքում ներդրումները շատ վաղուց էին ծրագրված եւ իրականացվում են փուլ առ փուլ: Ասել է, թե դրանք այնքան էլ կապ չունեն Կարեն Կարապետյանի կառավարության հետ:
Մեկ ուշագրավ փաստ եւս. բավական տխուր վիճակում են ՌԴ-ից արված ներդրումները: Նախորդ տարի շարունակվել է գումարի արտահոսքը. ռուսական կապիտալի արտահոսքը 2017թ. կազմել է 12 մլրդ դրամ:
Եվ սա չնայած այն հանգամանքին, որ Մոսկվայից եկած վարչապետ ունենք, ով 2017 թվականին բացեց Հայաստանի ներդրողների ակումբը, որի միջոցով պետք է ներդրումներ ներգրավվեին դեպի մեր երկիր: Հանուն արդարության նշենք, որ, օրինակ, Գերմանիայի պարագայում ցուցանիշը բավական դրական է` հակառակ 2016 թվականի, երբ ուղղակի ներդրումները, 2015-ի համեմատ, նվազել էին` կազմելով 571,0 մլն դրամ, նախորդ տարի ուղղակի ներդրումներն աճել են` հասնելով 14,990 մլն դրամի: Մեկ հատկանշական փաստ եւս. մեր երկրում օտարերկյա ներդրումների հիմնական մասն ուղղվում է հանքարդյունաբերությանը, օրինակ` մետաղական հանքաքարի արդյունահանման համար ուղղակի ներդրումները կազմել են 2,9 մլրդ դրամ, հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման այլ ճյուղերի ուղղվել է ուղղակի ներդրումներից 13,1 մլրդ դրամ, հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության համար` ուղղակի ներդրումներից 107,9 մլրդ դրամ, հիմնային մետաղների արտադրությանը` 6,855 մլն դրամ եւ այսպես շարունակ:
Այս տխուր պատկերն, իհարկե, միայն Կարեն Կարապետյանի կառավարության խնդիրը չէ: Ներդրումների առումով լավատեսական խոսքեր միայն վարչապետը չէ, որ հնչեցրել է: Նախորդ տարվա նոյեմբերի 1-ին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշել էր, թե Մոսկվան եւ Երեւանը մշակում են ճանապարհային քարտեզ` համատեղ ներդրումային ֆոնդի շրջանակում նախագծեր իրականացնելու համար: Սարգսյանը հպարտացել էր ԵԱՏՄ ցուցանիշներով` շեշտելով, որ այդ միություն մտնելուց հետո զարգանում է մեր երկրի տնտեսությունը` հատկապես գյուղատնտեսական ապրանքների արտահանման մասով: Սակայն խնդիրն այն է, որ ստեղծվող զանազան ակումբներն ու հիմնադրամներն այդպես էլ չեն նպաստում տնտեսության աշխուժացմանը, մասնավորապես ներդրումների իրական, զգալի ավելացմանը:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ԸՆԴԴԵՄ ԱԳՆ-Ի
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հիմնած «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմնադրամը դատարան հայց է ներկայացրել արտաքին գործերի նախարարության դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնադրամը, դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջել է պարտավորեցնել ԱԳՆ-ին երկարաձգել «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմնադրամի գրանցումը: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանի հետ: Վերջինս պարզաբանեց. «Խնդիրը կապված է մեքենաների գրանցման հետ: Ամեն տարի մեքենաների գրանցումը թարմացվում է, եւ մենք ցանկանում ենք, որպեսզի ամեն տարի չթարմացվի գրանցում, այլ լինի մշտական, ուստի այդ տեսանկյունից ենք դիմել դատարան, խնդիրը տեխնիկական հարթության մեջ է»:

 

 

ԸՆԿԵՐՈՋ ՊՈԱԿ-Ը
ՀՀ պետական գույքի կառավարման վարչության ենթակայությամբ եւ զուգահեռ գործում է «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը: Պարզվում է` այս ՊՈԱԿ-ը իրականացնում է նույն գործառույթները, ինչը գույքի կառավարման վարչությունը: Օրինակ` ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ նշված են գույքի գույքագրման, հաշվառման գնահատումը, վերագնահատումը, անգամ պետական գույքի մասնավորեցման աշխատանքները: Այսինքն` այն, ինչը կարող է առանց որեւէ դժվարության իրականացնել ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու` Արման Սահակյանի ղեկավարած կառույցի յուրաքանչյուր ստորադաս բաժին: Ստացվում է` Ա. Սահակյանը ականջալուր չէ վարչապետ Կարեն Կարապետյանի հորդորներին` լուծարել, օպտիմալացնել կրկնվող գործառույթներ ունեցող ՊՈԱԿ-ները, ԾԻԳ-երը: Այս հարցը թերեւս ունի իր պատասխանը. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերը նշված ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Ստեփանյանը Արման Սահակյանի բակային ընկերն է: Կարճ ասած` մեր հանրապետությունում արդեն սովորույթ է ծանոթ-բարեկամ-ընկերների համար ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր ստեղծել` այդպես վատնելով պետական միջոցները:

 

 

ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ
Պաշտոնապես Հայաստանում պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալները զգալի նվազել են: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պղնձի խտանյութի ծավալները նվազել են` 15.2, իսկ մոլիբդենինը` 1 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ամենի պատճառն այն է, որ Հայաստանի հանքարդյունահանող խոշոր ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրել է Թեղուտի հանքավայրի շահագործումը: Ի դեպ, տեղեկացնենք, որ «Վալլեքս» խմբի գործադիր տնօրենը Վալերի Մեժլումյանն է, ով Սերժ Սարգսյանի մտերիմն է: Այս ընկերության ղեկավարությունը 1200 աշխատողների թիվը կրճատեց այս տարեսկզբին` հասցնելով 300-ի:

 

 

ՊՈՒՏԻՆԸ՝ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 3-4-ը Անկարայում կքննարկի ռազմավարական նախագծերը, մասնավորապես էներգետիկայի բնագավառում, ինչպես նաեւ միջազգային թեմաներով, այդ թվում նաեւ՝ Սիրիայի տիրող իրավիճակը։ Նշվում է, որ Անկարայում կկայանա բարձր մակարդակի ռուս-թուրքական համագործակցության խորհրդի յոթերորդ նիստը։ «Կքննարկվեն երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման ընթացքը, մասնավորապես էներգետիկ ոլորտում: Նախատեսվում է շոշափել տարածաշրջանային եւ միջազգային արդիական հարցերը` ներառյալ ահաբեկչության դեմ համատեղ պայքարը, Սիրիայում տիրող իրավիճակը», – նշվում է հաղորդագրության մեջ:

 

 

500 ՀԱԶԱՐ ԵՎՐՈՆ
ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր, որը հայկական կողմից ստորագրել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, Ֆրանսիայի կառավարության կողմից՝ Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը եւ Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչը: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին տրամադրել 500 հազար եվրոն չգերազանցող գումարի չափով դրամաշնորհ` Միասնական հարկային օրենսգրքի ամբողջական կիրարկումը նախապատրաստելու, ֆիսկալ բարեփոխումներին հետամուտ լինելու եւ հարկաբյուջետային վարչարարությունն ամրապնդելու ծրագրին աջակցելու նպատակով:

 

 

ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՉԸ
Իսրայելի ներքին անվտանգության նախարար Գիլադ Էրդանը, ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններին, կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նախարարը նշել է, որ «Իսրայելը հավանաբար պետք է քայլեր ձեռնարկեր Թուրքիայի դեմ միջազգային ասպարեզում եւ ճանաչեր Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը»։ Էրդանն ընդգծել է, որ Իսրայելը պետք է ողջ աշխարհին ներկայացնի հայերի սպանության ճանաչումը: Հիշեցնենք, որ Էրդողանը Նեթանյահուն մերժել էր Անկարայի կողմից Իսրայելի բանակի գործողությունների վերաբերյալ քննադատությունը:

 

 

ՊԱՅԹՅՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Ապրիլի 2-ին` ժամը 20:44-ին, արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Նախնական տվյալներով` խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 9 տուժած (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ), ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն», – ասված է ԱԻՆ հաղորդագրությունում: Ավելի ուշ ԱԻՆ-ից հայտնել են, որ տուժածներից միայն 8-ամյա աղջնակի կյանքին է վտանգ սպառնում: Մյուսների վիճակը գնահատվում է բավարար: Նշենք նաեւ, որ 8 տուժածներից 5-ը անչափահասներ են:




Լրահոս