«ԿՂԵՐԱՊԵՏԱԿԱՆ» ՓԱՍՏԱԹՈՒՂԹ. ՊԱՏՄԱԲԱՆԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` կառավարությունը հեղինակել է «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությունը» վերնագրով նախագիծ, որը, սակայն, մեծ աղմուկ է հանել: Նախագծում, ի թիվս այլ դրույթների, նշված է, որ ռազմահայրենասիրական դաստիարակության իրականացման համար ներքին մարտահրավերներից են հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ քաղաքացիների առկայությունը, զինվորական ծառայության եւ զինվորականի մասնագիտության հանդեպ գոյություն ունեցող անտարբերությունը, օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենցը, անկարգապահությունն ու անդաստիարակությունը:

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս կապակցությամբ նշեց, որ նախագծում չկա որեւէ միտք, որին կարելի է գաղափարական, ռացիոնալ հակափաստարկ բերել, քանի որ փաստաթուղթն ամբողջությամբ ռացիոնալ դաշտից դուրս է. «Որքան շուտ հոգեբուժարանում հայտնվենք, այնքան լավ, որովհետեւ հոգեբուժարանում ավելի ողջախոհ միջավայր կարող ենք դիտել, քան այս փաստաթղթի կիրարկումից հետո կամ այն լայն հանրությանը պարտադրելուց հետո կլինի: Երկրորդը` սա իշխանության բոլոր տեսակի ռեսուրսների սպառման վերջին կետն է` եզրակետը: Այս փաստաթղթում օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու եւ այլ խնդիրներից բացի` այս փաստաթղթի մեջ ավելի վտանգավոր բաներ կան. երկար ժամանակ տարբեր հայեցակարգերում եւ դասագրքերում թշնամի եզրույթը չէր օգտագործվում, այլ կիրառվում էր հիմնականում հակառակորդ եզրույթը: Այստեղ ինչ-որ ակնարկի տեսքով, Ադրբեջան կամ Թուրքիա չնշելով` խոսվում է թշնամական պետությունների մասին: Ենթադրենք` վրացին կամ իրանցին կարդում են դա, կարող են իրենք իրենց վրա վերցնել: Այստեղ կարճամիտ, նեղմիտ մի բան է, որը մեզ տանում է դեպի ֆաշիզմ, բացասական առումով` ֆաշիզմ»,- աում է նա եւ հավելում, որ սոցիալական առումով ֆաշիզմն ինչ-որ չափով դրական ազդեց Գերմանիայի տնտեսության վրա: «Մեզ մոտ լրիվ հակառակ խայտառակությունն է: Մենք սպառել ենք ամեն ինչ, ու հիմա իշխանությունը պարտադրում է գտնել որդիներ, որոնք պատրաստ են մեռնելու ու վերջ: Իսկ պետություն մեռնելով չեն կառուցում: Այդ նախագծում նշված է օտար մշակույթների հետ հաղորդակցվելու խնդրի մասին. այսինքն` եթե մարդը Վիվալդի է լսում, պետք է կախե՞նք այդ մարդուն»:
Թոքմաջյանը վստահ է նաեւ, որ այս փաստաթուղթը շովինիզմի տարրեր է պարունակում, եւ ոչ ոք չի կարող բացատրել, թե ռազմահայրենասիրությունն ի՞նչ տերմին է: «Ներքին սպառնալիքներ եւ այլն, դա բացահայտ մանիպուլացնող, մարդկանց հուզական դաշտի վրա խաղացող, կղերապետական փաստաթուղթ է, եկեղեցին ներգրավել, բարոյականություն, դաստիարակություն: Ո՞վ է ընդհանրապես դրանք սահմանում: Դուք ո՞վ եք, որ մարդ դաստիարակեք, ինչի՞ մասին է խոսքը: Դու նախ պետություն ստեղծիր, արժեք տուր, քաղաքացուն տուր ապահովություն, սոցիալական երաշխիք եւ հազար ու մի բան, ու հետո նոր պահանջի, որ քաղաքացին ցանկանա այդ ամենը պաշտպանել: Ի՞նչը պաշտպանի. բանկում կուտակած միլիոններդ պաշտպանի՞, թե՞ բարեկամներիդ ու քրեաօլիգարխիկ համակարգիդ դղյակները: Լավ խոսք կա. ասում է` պատերազմի ժամանակ իշխանությունները պետության անունը դնում են հայրենիք ու հանձնում ժողովրդին»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե նշված է նաեւ թմրամոլության, թունամոլության եւ սեռական այլասերվածության մասին, որքանո՞վ է արդարացված նաեւ այսպիսի դրույթների ներառումը, Թոքմաջյանը նշեց. «Եթե սեռական այլասերվածության տակ հասկանում ենք, օրինակ, դիակապտությունը, որեւէ մեկին այս 30 տարվա ընթացքում նման հոդվածով դատե՞լ են: Կամ եթե նկատի ունենք կարմիր խնձորի մշակույթը… Ինչ մնում է թմրամոլությանը եւ թունամոլությանը, ես կավելացնեի նաեւ խաղամոլությունը: Բայց կարո՞ղ է իմ լիազորությունների շրջանակում է բացահայտել ու պատժել թմրամոլներին, օրինակ: Իհարկե ոչ: Իրենք բերել, այդ չար բաները տարածել են հասարակության մեջ եւ չեն կարողանում վերահսկել, մարդկանց զբաղմունք չեն կարողանում տալ, որ մարդն իր գործով զբաղվի: Հիմա եկել, ասում են` մարտահրավեր է: Տեղով մարտահրավեր է Ս. Սարգսյանի իշխանությունն` ամբողջ համակարգով ու ՀՀԿ-ով: Բացի այդ` տողեր կան փողոցային բառապաշարի մասին. ո՞վ է այդ փողոցային բառապաշարը տարածում. ձեր գողական հեռուստաընկերությունները: Դուք հասարակությանը հասցրել եք այս վիճակին, հիմա էլ մեղադրում եք, թե` գիտես ինչ, հասարակություն, դու վատն ես դարձել, ես փրկիչ եմ, հիմա եկել եմ` քեզ փրկեմ: Եվ պարգեւատրում են Դիանա Գրիգորյանին եւ այլ մարդկանց, որոնք հասարակությանը մանիպուլացնելու, զոմբիացնելու խնդիրը շատ լավ կատարել են: Դ. Գրիգորյանի գրած սցենարով սերիալը նայող քաղաքացին կարո՞ղ է պահանջատեր լինել. իհարկե, չի կարող: Ամբողջ ողբերգությունն այն է, որ Մովսես Խորենացու` 1500 տարի առաջ գրած «Ողբ»-ը տիպական է մեզ համար հիմա»: Եվ պատմաբանն ընդգծում է նաեւ, որ իշխանության վերջին հանգրվանը միշտ էլ արտաքին թշնամի ստեղծելն է եղել. «Իմ կարծիքով` Հյուսիսային Կորեայի առաջնորդը հիմա մի անկյունում կանգնած` անհանգիստ ծխում է ու նախանձում Հայաստանի իշխանություններին»,-ասում է նա:
Հարցին` իշխանության նշած ռազմահայրենասիրական դաստիարակությունը եւ ազգ-բանակ կոնցեպտը ՀՀԿ գաղափարախոսության շրջանակում դիտարկելով` ի՞նչ եզրահանգման է եկել, Թոքմաջյանը նշեց. «Հանրապետական կուսակցությունը գաղափարախոսություն չունի: Երբ ղեկավարում էր լուսահոգի Աշոտ Նավասարդյանը, այդ ժամանակ կուսակցությունն ուներ հստակ կողմնորոշում, պահպանողականություն, բայց հիմա, մեծ հաշվով, քաղաքական օրակարգ ՀՀԿ-ն չունի: Որ ասում են` Նժդեհ եւ այլն… Եթե հանդերձյալ կյանք կա, վստահ եմ` Նժդեհը շատ վատ է զգում, թե ովքեր են հիմա իր PR-ով զբաղված: ՀՀԿ-ն ունի մեկ նպատակ. հնարավորինս երկար մնալ իշխանության եւ հնարավորինս շատ թալանել»: Պատմաբանը պատահական չի համարում, որ իշխանությունը 2 կառույց է օգտագործում` բանակ եւ եկեղեցի` մարդկանց վրա ազդելու նպատակով: Քաղաքացիների 90 տոկոսից ավելին Հայաստանում իրենց համարում են քրիստոնյա, իսկ բանակը, անկախ թերություններից, դիտարկվում է որպես կայացած կառույց: «Եվ ազգ-բանակ կոնցեպտը` դրանից բխող շիզոֆրենիայով, թաքցվում է հենց եկեղեցու ու բանակի ետեւում: Եվ դա պետության համար շատ վտանգավոր է: Սա մեռնող հասարակության հայեցակարգ է: Սրանով մենք վերադառնալու ենք կիրգիզների դարաշրջան»,-շեշտում է պատմաբանը: Թոքմաջյանը վստահ է, որ նախագծի նպատակն է ռազմահայրենասիրական մառազմի տակ հասարակությանը բերել անգիտակից, էյֆորիկ դաշտ:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

 

ԲԱՐԴԻՆԵՐ ԵՆ ՏՆԿԵԼ

Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր համայնքի բնակիչները` համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանի գլխավորությամբ, հինգ օր շարունակ ծառատունկի աշխատանքներ են կատարել սահմանամերձ գյուղ մտնող ճանապարհի եզրերին: Այնտեղ դրվել է արագ աճող բարդու 1225 հատ տնկի: Բերքաբերի ղեկավարի խոսքերով՝ ծառատունկին զուգահեռ տնկիների առաջին ջրման աշխատանքներն են կատարել:

Արագ աճող բարդու այդ տնկիները տնկվել են Բերքաբեր տանող ավտոճանապարհը Ղազախի շրջանի տարածքում գտնվող ադրբեջանական հենակետերի գնդակոծություններից պաշպանելու նպատակով: Բերքաբեր գյուղի դեմ-դիմաց` Ջողազի ջրամբարի ձախ ափին, ադրբեջանցիները Ղազախի շրջանի սահմանամերձ Մազամ գյուղի մուտքին, Մազամ եւ Ղուշչի-Այրում գյուղեր տանող ավտոճանապարհին 2015 թվականին քարե երկար պատ են կառուցել: Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս հիմնական ճանապարհի մի մեծ հատված գտնվում է սահմանի անմիջական հարեւանությամբ: Այդ տեղանքում ադրբեջանական հենակետերը շատ մոտ են մեր պաշտպանական դիրքերին եւ միջպետական ավտոճանապարհին: Ճանապարհի տվյալ հատվածը պարբերաբար գնդակոծվում է ադրբեջանական զինուժի կողմից: 2015թ. նոյեմբերի 5-ին նշված տեղում ադրբեջանական գնդակոծությունից վնասվեց ռուսական մեծ բեռնատար: Միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը ադրբեջանական հենակետերի կրակից պաշտպանելու համար հարկավոր է արագ աճող բարդիներ տնկել, ճանապարհի եզրին քարաբեկորներից պատ շարել կամ հողի, խճի կույտերից թմբեր կառուցել, ինչպես արվում էին 1990-ականներին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՀԻՇՈՒՄ ԵՆ՝ ԱՆՈՒՆԸ ՇԱՀԱՐԿԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ
Երեկ ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ տարելիցն էր: Այդ պատերազմի զոհերից մեկն էլ Արամայիս Միքայելյանն է: Նա ծնվել է Սյունիքի մարզի Գորայք գյուղում, ապա տասը տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղ։ Սովորել էր «Հայբուսակ» համալսարանում, նաեւ Մայր Աթոռի Հայորդաց տանը, նաեւ ռադիոֆիզիկի մասնագիտություն ձեռք բերել: Պատերազմի դաշտում նա աչքի էր ընկել իր արիությամբ` Ջիբրայիլում ոչնչացնելով հակառակորդի զինվորների, բայց եւ ինքը զոհվել հակառակորդի գնդակից: Հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով։
Պատերազմից երկու տարի անց հերոսի մայրը՝ Լիլիթ Ավագյանը, կարծում է, որ պետական կառույցները քիչ-քիչ մոռացության են մատնում ապրիլյան դեպքերը, ու այդ օրերին զավակներ կորցրած ընտանիքներին հիշում են այն ժամանակ, երբ նրանց անունը օգտագործելու, շահարկելու պահ է գալիս։ «Շատ անհատներ մեզ հետ մեր ցավը ապրում են։ Գալիս են, նստում, զրուցում մեզ հետ, ցանկանում մեզ ինչ-որ փոքրիկ բանով օգնել, աջակցել։ Ես գումարը չեմ կարեւորում, այլ այն, որ իրենք այցելում են մեզ։ Դա ինձ համար շատ կարեւոր է, երբ մարդիկ հիշում են, կարեւորում են։ Իսկ պետական կառույցների վերաբերմունքը քիչ-քիչ սառում է։ Ինձ համար սա ցավ է, վիրավորանք»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Լիլիթ Ավագյանը։ Նա հավելեց, որ որպես ծնող իրեն վատ է զգում: «Ես չեմ ցանկանում անընդհատ մատնացույց անել ու իրենց հիշեցնել, որ հերոսի մայր եմ։ Իրենք պետք է պարտավորված լինեն այդ ընտանիքների առաջ։ Այդ ընտանիքները չպետք է գնան իրենց դիմեն որեւէ հարցով։ Կարծում եմ, որ այս հարցի լուծման համար օրենք է անհրաժեշտ, որ մենք իմանանք, թե որն է մեր օրենքի սահմանը, երբ ինչ-որ կառույցի ենք դիմում՝ իմանանք, թե որն է մեր իրավունքը։ Դա կլինի թե՛ առողջական, թե՛ սոցիալական, թե՛ կենցաղային հարցերով,- նշեց նա՝ հավելելով,- ինչքանով է ճիշտ, որ մենք գնում ենք, իրենց դռները թակում ենք, իսկ իրենք մեզ անպատասխան են թողնում։ Ասում են՝ գնացեք, մենք ձեզ պատասխան կուղարկենք, բայց այդ ամենը մնում է պարզապես թղթի վրա գրված»։ Լիլիթ Ավագյանը պատմում է, որ իր մյուս որդին ուզում է ընդունվել պոլիտեխնիկական համալսարան։ «Ես նախօրոք մոտենում եմ, հարցնում՝ թե արդյո՞ք որպես զոհված զինվորի եղբայր որեւէ արտոնության իրավունք ունի իմ տղան, պատասխանում են՝ ոչ։ Ես զարմանք եմ ապրում, հարցնում եմ՝ ինչու՞, պատասխանում են, որ դիմեմ կրթության եւ գիտության նախարարություն։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ ես պետք է դիմեմ նախարարություն: Ու միայն ես չեմ, ինձ նման շատ ծնողներ կան, որ իրենց զոհված զավակները քույր ու եղբայր ունեն։ Սա պետք է լինի մեկ ընդհանուր օրենք բոլորի համար։ Հեշտ չէ ամեն հարցի համար տրամադրվելը ու հերթական պետական կառույցի դուռը թակելը»։

ԼՅՈՒՍԻ ՊՈՂՈՍՅԱՆ




Լրահոս