ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՅԼԵՐ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ԵՄ անդամ 14 երկիր որոշում է ընդունել երկրից արտաքսել ռուս դիվանագետների, այս որոշմանն են միացել ԱՄՆ-ը, Կանադան եւ այլ երկրներ: Միաժամանակ Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, թե ԵՄ-ում նույնպես համամիտ են այն մտքի հետ, որ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ առնչություն ունի Ռուսաստանը:

Ստացվում է` ՌԴ-Արեւմուտք հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Ինչ կարելի է սպասել դեպքերի նման ընթացքից, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի հետ:
-Պարո՛ն Սկակով, ԵՄ անդամ երկրների որոշումն ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:
-Սա, իհարկե, ոչ ցանկալի տարբերակ է, այդ ամենը կարող է հանգեցնել ծայրահեղությունների: Իհարկե, այդ դեպքում համապատասխան քայլեր կլինեն: Առհասարակ այս ամբողջ գործընթացը չի կարող վստահություն առաջացնել: Իհարկե, Թրմափի սրտով չեն մեր իշխանությունները, մասնավորապես Վլադիմիր Պուտինը: Այդ պատճառով, կարծում եմ, որ այս ամենը պրովակացիա է նաեւ, եւ պատասխանն էլ համարժեք կլինի: Այդ որոշումը միանգամայն սպասված էր, որովհետեւ շարունակվում է նաեւ սանկցիոն քաղաքականությունը, որեւէ զարմանալի բան չկա:
-ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների համատեքստում ի՞նչ կարող ենք սպասել:
-Հետեւանքները ոչ միայն ՌԴ-ից են կախված, այլ նաեւ ԱՄՆ-ից: Դոնալդ Թրամփը եւս հասկանում է, որ այս ամենը տանում է դեպի փակուղի, եւ հասկանում է, որ ամեն ինչ այդպես չի մնա: Այսինքն` մեր դեմ արված չարության պատասխանը հենց չարությունն էլ կլինի:
-Այսինքն` հակառակ քայլե՞ր են մշակված:
-Իհարկե: Մենք ՌԴ-ում եւս եվրոպական երկրներից դեսպաններ ունենք: Նրանց էլ մենք կարող ենք արտաքսել կամ առհասարակ փակել ամբողջ դեսպանությունները: Բայց չէի ցանկանա, որ այդ ամենն այդպիսի վերջաբանի հանգեցնի: Սակայն եթե այդպես լրջանա, ՌԴ-ն չի հապաղի քայլեր անելուց:
-Իսկ ըստ Ձեզ` այս ամենն ինչպե՞ս կարող է անդրադառնալ Հայաստանի վրա:
-Ես չեմ կարծում, թե շատ լուրջ ազդեցություն կարող է ունենալ: Հայաստանն այստեղ որեւէ կապ չունի: Այդ ամենը չի անդրադառնա ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ ԽՍՀՄ մյուս անդամ երկրների վրա: Խնդիրներ առաջացան, օրինակ, Ուկրաինայի եւ Վրաստանի հետ, սակայն դրանք ոչ թե ՌԴ-ԵՄ շրջանակներում էին, այլ կապված էին Մոսկվա-Կիեւ եւ Մոսկվա-Թբիլիսի հարաբերությունների հետ: Իսկ Երեւանի հարցում նման խնդիրներ չեն կարող առաջանալ:
-Սակայն, ի վերջո, մի կողմից ՀՀ-ն հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, իսկ մյուս կողմից համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ:
-Սակայն Դուք հաշվի առեք, որ Հայաստանը չի հանդիսանում ԵՄ անդամ եւ երբեւէ այդ միության անդամ չի հանդիսանա: Այդ ամենը միֆ եւ մոլորություն է: Հայաստանն ուղղակի համաձայնագիր ունի ԵՄ-ի հետ, սակայն այդպիսի համաձայնագրեր ԵՄ-ն ունի, օրինակ, Ալժիրի, Իսրայելի կամ այլ բազմաթիվ երկրների հետ: Այսինքն` Հայաստանը չի հանդիսանում ԵՄ անդամ եւ ոչ մի պարտավորություն չունի: Եվ ես կարծում եմ, որ այդ ամենից Հայաստանը չի տուժի: Ես կարծում եմ, որ դա Հայաստանի հետ որեւէ առնչություն չունի, որովհետեւ խնդիրն ավելի շատ Բրյուսել-Մոսկվա, Վաշինգտոն-Մոսկվա տիրույթում է: Դիվանագետների արտաքսումը Վաշինգտոնի՝ Մոսկվայի հանդեպ վարած քաղաքականության հերթական դրսեւորումներից մեկն է: Կա ռազմաքաղաքական բնույթի վտանգ: Միացյալ Նահանգները հիմա սահմանափակումներ է մտցնում որոշ երկրների այն ընկերությունների դեմ, որոնք Ռուսաստանից զենք են գնում:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ԵՐԲ ԱՆՇԱՀԱԽՆԴՐԱԲԱՐ ՓՈՂ ՇԱՏ ԵՆ ՍԻՐՈՒՄ

Բագրատ Ենգիբարյանի ղեկավարած «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը որոշել է աշխարհացունց նորամուծություն անել. նրանք բջջային հավելված են ստեղծելու, որով նախատեսվում է կանխել սեռով պայմանավորված բռնությունները: Համաձայնեք` իսկական զավեշտ, որովհետեւ ամենավառ երեւակայության դեպքում անգամ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է կանխել սեռով պայմանավորված բռնությունները: Այդ նպատակով Համաշխարհային բանկի խումբը եւ սեռական բռնությունների հետազոտության նախաձեռնությունը տրամադրել են ոչ ավել, ոչ պակաս 95 հազար 500 դոլար: Եվ մեկ տարվա ընթացքում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն այս գումարով պետք է ստեղծի այդ հավելվածը:

Միայն թե այս նախաձեռնության բովանդակությունից տպավորություն է, թե գործ ունենք փողերի մսխման հերթական դեպքի հետ: Ի վերջո, հիշեցնենք` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի անունը ավելի հայտնի դարձավ նախորդ տարի ՎՊ բացահայտումներից հետո, երբ պարզվեց՝ այդ հիմնադրամում լուրջ գումարների չարաշահումներ են եղել: Ենգիբարյանի դեմ անգամ քրեական գործ է հարուցվել, որը մոտ մեկ տարի է՝ քննվում է: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ պետական շահերի պաշտպանության վարչության կողմից Վերահսկիչ պալատի` 2016 թվականի ընթացիկ հաշվետվության ուսումնասիրությամբ պարզվեց, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծառայողների կողմից հիմնադրամի գույքի կառավարման, պետական միջոցների տնօրինման գործընթացներում թույլ են տրվել խախտումներ եւ չարաշահումներ, որոնք առաջացրել են ծանր հետեւանքներ:
Մեկ փաստ եւս. տեւական ժամանակ է անցել, սակայն հարուցված քրեական գործով տեղաշարժ չկա: Փաստորեն Ենգիբարյանին իշխանությունը կարծես թե չի պատրաստվում պատասխանատվության ենթարկել, քանի որ նա «փող աշխատող» անձնավորություն է եւ հավանաբար իր ձեռք բերած գումարներից կիսվում է նաեւ իշխանական օղակների հետ: Սակայն մյուս կողմից իշխանությունը չէր կարող աչք փակել ՎՊ բացահայտած չարաշահումների վրա, քանի որ զեկույցում դրանք հստակ ներկայացված էին:
Այսքանից հետո Ենգիբարյանը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ: Ինչպես կասեր Օստապ Բենդերը Շուրա Բալագանովին. «Տեսնում եմ՝ անշահախնդրաբար փող եք սիրում»:
Մոռացանք ասել՝ Բենդերը նաեւ պարծենում էր, որ ինքը փող աշխատելու «400 համեմատաբար ազնիվ մեթոդ գիտի»: Հիմա նույնն է նաեւ այս դեպքում:
Մինչ այդ մեկ փոքր հարց. այնուամենայնիվ, պարզ չէ, թե ինչպե՞ս է այս հիմնադրամը հավելվածի միջոցով բռնություն կանխելու: Շատ հետաքրքիր է` մարդն այդ բջջային հավելվածը նայելով պետք է որոշի` որեւէ մեկին սեռական բռնության ենթարկե՞լ, թե՞ ոչ: Օրինակ` եթե որեւէ տղամարդ ցանկանա մի կնոջ սեռական բռնության ենթարկել, նա շտապելու է նախ բջջային հավելվածը ներբեռնե՞լ, նայե՞լ եւ ե՞տ կանգնել այդ մտքից: Ինչեւէ, այս բոլոր հարցերի պատասխանները երեւի թե միայն Բագրատ Ենգիբարյանը կունենա, ում ձեռքում էլ հայտնվելու է գումարը:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՏՆՏԵՍԵԼՈՎ ՎՆԱՍՎԵԼ ԵՆ
Ապրիլի 2-ին դիմակավորված անձը` ատրճանակով եւ նռնակով զինված, մուտք է գործել «Ֆաստ կրեդիտ կապիտալ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի` Խուդյակովի հասցեում գտնվող գրասենյակ եւ հափշտակել մոտ 6.3 մլն դրամ: Սակայն ըստ որոշ տեղեկությունների՝ այս դեպքը հնարավոր էր` տեղի չունենար, եթե գրավատունը հսկվեր անվտանգության աշխատակիցների կողմից: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գրավատան անվտանգությունը ապահովում է ոստիկանության ՊՊԳ վարչությունը: Բայց ոստիկանությունից հայտնեցին, որ ընկերությունն անվտանգությունն ապահովելու պահանջով իրենց դիմել է եւ պայմանագիր է կնքել ժամը 09.00-ից մինչեւ 18.00-ն: Դրանից հետո արտակարգ իրավիճակների դեպքում ընկերության աշխատակիցները ոտնակով ազդանշան պետք է տան, որից հետո ոստիկանները պետք է հասնեն դեպքի վայր: Այսինքն` «Ֆաստ կրեդիտ կապիտալ»-ի ցանկությամբ ոստիկանությունը իրենց անվտանգությունը ապահովել է ընդամենը վեց ժամ: Հավանաբար փորձել են տնտեսել միջոցները:

 

 

ԵՎՐՈՆԵՐՈՎ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ
ՀՀ կառավարությունը, ՄԻԵԴ որոշման համաձայն, որպես փոխհատուցում հերթական գումարն է հատկացնելու ՀՀ քաղաքացուն: Այս անգամ կառավարությունը կհատկացնի 12 հազար եվրոյին համարժեք դրամ՝ «Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դիմումատուի դուստրը հղիության վաղ շրջանում գտնվելիս կորցրել է գիտակցությունը, ընկել ցնցումների մեջ, որից հետո շտապօգնություն է կանչվել, սակայն վերջինս ժամանել է կանչից 40 րոպե անց: Արվել է ներարկում, որից հետո դիմումատուի աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով` մահացել է: Գործի քննության արդյունքում ՄԻԵԴ-ն արձանագրել է մի շարք ընթացակարգային թերություններ: Մասնավորապես դիմումատուի դստեր մահվան առնչությամբ քրեական գործ չի հարուցվել, չեն ձեռնարկվել միջոցներ՝ մահվան հանգամանքները պարզելու համար՝ ո՛չ դիահերձմամբ, ո՛չ էլ հետագա դատաբժշկական փորձաքննություններով: Ու հիմա այս սխալների համար վճարում է պետությունը՝ հարկատուներիս հաշվին գոյացող պետական բյուջեի միջոցներից:

 

 

ԾՆՈՒՆԴ ԷԻՆ ՆՇՈՒՄ
Երեկ՝ երկու օր ուշացումով, «Ծառուկյան» խմբակցության մի քանի պատգամավորներ խորհրդարանում նշում էին ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի ծննդյան տարեդարձը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորի ծննդյան օրն ապրիլի 1-ին էր, եւ հաշվի առնելով այդ եւ նախօրեի ոչ աշխատանքային լինելը` պատգամավորները որոշել էին երեկ հաճելին համատեղել օգտակարի հետ եւ հենց խորհրդարանում աշխատելու հետ մեկտեղ շնորհավորել իրենց գործընկերոջը: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատեց, որ հանձնաժողովների նիստերի ընդմիջումներին պատգամավորները շտապում էին Միքայել Մելքումյանի աշխատասենյակ, իսկ արդեն ծնունդը նշելուց հետո անտեղից միասին դուրս էին գալիս, բնականաբար, մի քիչ գինովցած:




Լրահոս