4 օրից Բարձրագույն դատական խորհուրդն օրենքով սահմանված կարգով անցնելու է իր գործառույթների իրականացմանը, ասել է, թե ԲԴԽ-ն առաջիկայում դատարանների նախագահների պաշտոնից ազատման կամ նշանակման հարցն է բարձրացնելու: Ավելին` այս փոփոխությունների արդյունքում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին փոխարինելու է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ինչը դատական համակարգում տեսականորեն չեն բացառում:
Դատավորները՝ սպասողական վիճակում
Եվ այսպես` ապրիլի 9-ից Բարձրագույն դատական խորհուրդը անցնում է իր գործառույթների իրականացմանը, որից հետո երեք ամսվա ընթացքում, ըստ դատական օրենսգրքի 89 հոդվածի համաձայն՝
1.Բարձրագույն դատական խորհուրդը կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ` առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները.
2.Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ` առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին.
3.Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին.
4.Ազգային ժողովին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
5.Լուծում է դատավորին մեկ այլ դատարան գործուղելու հարցը:
Ավելին` բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների մեջ է մտնում դատական դեպարտամենտի նախագահի, ինչպես նաեւ դատական կարգադրիչների ծառայության պետի փոփոխության հարցը: Ասել է, թե դատական համակարգում բոլորը շունչները պահած սպասում են, թե իրենց ինչ ճակատագիր է սպասվում, արդյո՞ք իրենք կշարունակեն պաշտոնավարել, թե՞ պարզապես կլքեն իրենց պաշտոնը:
Ու մինչ դատավորները շունչները պահած սպասում են, դատական համակարգում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի պաշտոնը լքելու շուրջ խոսակցությունները լայն թափ են ստանում: Մասնավորապես ըստ մեզ հասած տեղեկությունների` դատական համակարգում չեն դադարում խոսակցությունները, որ Արման Մկրտումյանին կփոխարինի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Դատական համակարգում վերջինիս նշանակումը տեսականորեն չեն բացառում` նշելով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ նշանակվելու համար պետք է լինել դատավոր: Ուստի դատական համակարգում, ըստ տարածված խոսակցությունների, միգուցե առաջին փուլով Տիգրան Մուկուչյանին նշանակեն շարքային դատավոր, որից հետո էլ նա կնշանակվի ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ: Նկատենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանում մեկ դատավորի թափուր հաստիք կա: Բանն այն է, որ Ելենա Սողոմոնյանը գնաց թոշակի, եւ նրա տեղը թափուր է մնացել: Մեզ հայտնի դարձավ, որ ամենյան հավանականությամբ նրա տեղը դատավոր կնշանակվի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը: Դե, իսկ Մուկուչյանը, ինքներդ գիտեք, այս տարիներին ինչպիսի անուրանալի ծառայություններ է մատուցել իշխանություններին՝ շարունակելով մնալ գլխավոր թվանկարիչը: Եւ նրա այս ծառայությունների համար Սերժ Սարգսյանը պաշտոնական առաջխաղացման է տանելու:
Տիգրան Մուկուչյանը` իր նշանակման մասին
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:
-Պարո՛ն Մուկուչյան, հունվարի 25-ից մենք նոր դատական համակարգ ունենք, Դուք 2005-2007 թվականներին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ եք եղել, 2008-2010 թվականներին` ՀՀ վարչական դատարանի նախագահ: 2010 թվականին նշանակվել եք ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ: Ի՞նչ կարծիք ունեք մեր նոր դատական համակարգի մասին` որպես նախկին դատական համակագի ներկայացուցիչ:
-Ես այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն եմ, հետեւաբար որպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ եմ պատասխանում հարցերին, եւ այս դաշտը դուրս է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի գործառույթների տիրույթից, հետեւաբար ես որեւէ հարցի վերաբերյալ ե՛ւ ինձ կոմպետենտ, ե՛ւ կոռեկտ չեմ համարում տեսակետ ներկայացնել:
-Բայց Ձեզ կրկին ցանկանում են տանել դատական համակարգ, մասնավորապես նշանակել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, Ձեզ հետ այդ մասին խոսե՞լ են:
-Ներողություն, ես այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժաղովի նախագահ եմ եւ շարունակում եմ իրականացնել իր գործառույթները:
-Ձեզ հետ այդ մասին չեն խոսել, առաջարկ չեն արել, ցանկութուն ունե՞ք կրկին վերադառնալ անցյալ` կրկին հայտնվելով դատական համակարգ:
-Ես ամբողջական Ձեր հարցերին պատասխանեցի, շնորհակալությո՛ւն:
Ինչ են մտածում դատարանների նախագահները
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյան
-Պարո՛ն Մնոյան, Ձեր ճակատագրի մասին խոսե՞լ են Ձեզ հետ. մնալո՞ւ եք դատարանի նախագահ, թե՞ ոչ:
-Գիտեք, ժամանակը ցույց կտա, շտապել, վռազել պետք չի, կանխագուշակում անել պետք չի:
-Ըստ Ձեզ` Ձեր ո՞ր արժանիքի համար պետք է հերթական անգամ դատարանի նախագահ նշանակեն:
-Այդ հարցը ինձ չպետք է երեւի թե ուղղեք:
-Իսկ Դուք Ձեր արժանիքների մասին չե՞ք ուզում խոսել:
-Իհարկե ոչ:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդեւյան
-Պարո՛ն Բեդեւյան, Ձեզ հետ խոսե՞լ են, ի՞նչ ճակատագիր է Ձեզ սպասվում. մնալո՞ւ եք, թե՞ ոչ դատարանի նախագահի պաշտոնում:
-Չեն խոսել եւ չեն էլ կարող խոսել, քանի որ օրենքով նման լիազորություն չունեն խոսելու կամ ինչ-որ բան ասելու: Դատական օրենսգրքի համաձայն` դա ընթացակարգ է, ով համապատասխանում է դատարանի նախագահին օրենքով ներկայացվող պահանջներին, բոլորի թեկնածությունը ներկայացվում է ԲԴԽ-ին, եւ այնտեղ քվեարկությամբ որոշվում է:
-Ըստ Ձեզ` Ձեր ո՞ր արժանիքի համար պետք է կրկին ընտրեն դատարանի նախագահ:
-Իմ արժանիքները չեմ կարող ասել, հարցին չեմ կարող պատասխանել:
-Իսկ Ձեզ մրցակիցներ ունե՞ք:
-Մրցակից բառն էլ չեմ ընդունում, որովհետեւ այստեղ կարեւորություն չեմ տալիս, որովհետեւ դատավորի աշխատանքը ավելի եմ կարեւորում, ավելի վեհ եմ համարում, քան դատարանի նախագահի:
-Այսինքն` առանց խնդրի կլքե՞ք դատարանի նախագահի պաշտոնը:
-Այո, այո, ոչ թե կլքեմ, այլ կմնան որպես դատարանի դատավոր: Բացարձակ խնդիր չեմ տեսնում:
-Իսկ կարող է` չառաջադրվեք:
-Չէ, չառաջադրվելու դիմում, այսպես ասեմ, չեմ ներկայացնի, շատ-շատ չեմ ուզում, բայց կուզեմ մնալ դատարանի նախագահ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԹԱԼԱՆԵԼ ԵՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՐԻՆ
Մինչ ՀՀ կառավարությունը մաքսատուրքի գծով արտոնություն է տալիս հայտնի գործարարներին պատկանող ընկերություններին, վերջինների աշխատակիցները թալանում են նրանց` կանգնեցնելով խնդրի առաջ: Բանն այն է, որ 2017 թվականին կառավարությունը որոշեց մաքսատուրքի գծով արտոնություն տալ «Ֆուրնիվուդ» ընկերությանը: Այս ընկերությունը շուկայում ներկայացված է «Դեկորա» խանութների ցանցով, հիմնադրվել է դեռեւս 1998թ-ին: Սկսելով փայտաթեփային սալերի (ԴՍՊ)-ի ներկրումից` այժմ առաջարկում է կահույքի արտադրության եւ ինտերիերի ձեւավորման համար պահանջվող բոլոր նյութերը: Ի դեպ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար Սերժ Սարգսյանը «Ֆուրնիվուդ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Արմեն Մուրադյանին պարգեւատրել է Երախտագիտության մեդալով: Ու մինչ Սերժ Սարգսյանը Երախտագիտության մեդալ է տալիս, իսկ կառավարությունը` մաքսային արտոնություն, վերոնշյալ ընկերության սեփականատիրոջը, մեղմ ասած, թալանում են:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Աշոտ Դանիելյանը 2015թ. մայիսի 14-ին կնքված թիվ 15-73 աշխատանքային պայմանագրով աշխատանքի է անցել «Ֆուրնիվուդ» ՍՊԸ-ում որպես գանձապահ-վաճառող: Արդյունքում, ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի, Աշոտ Դանիելյանը 2016թ. մայիսի 11-ից մինչեւ 2017թ. ապրիլի 19-ն ընկած ժամանակահատվածում միասնական հանցավոր դիտավորությամբ յուրացման եղանակով հափշտակել է ՍՊԸ պատկանող առանձնապես խոշոր չափերով գույք` պատճառելով 40 միլիոն 116 հազար 553 դրամի գույքային վնաս: Այս արարքի համար Աշոտ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ յուրացնելը կամ վատնելը խոշոր չափերով պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Տեղեկացանք, որ Աշոտ Դանիելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
63 ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔ
«Ազատության» հետ զրույցում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասել է, որ 2016-2017թթ. բանակում ներսի խնդիրներով պայմանավորված մահվան դեպքերն ավելացել են: «Ներքին խնդիրներով զոհերն ավելի շատ են, քան հակառակորդի` սահմանին տեղի ունեցող դեպքերը: Խոսում ենք ծնողների, փաստաբանների կամ քրգործերի վարույթն իրականացնող մարմնի հետ, արտառոց իրավիճակ է բանակում` էդ կրիմինալ մթնոլորտը, էդ զոհերը, եւ միակ պատասխանատուն շարքային զինծառայողն է, որեւէ սպա պատասխանատվություն չի կրում»,-ասել է Ալեքսանյանը` նշելով, որ միայն 2017 թվականին բանակում 63 մահվան դեպք է եղել:
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ԱՆ «Աբովյան» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգում կատարելու եւ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ: «Աբովյան» ՔԿՀ-ում դատապարտյալների միջեւ տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ պարզաբանումներ պահանջելու նպատակով ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցները նրանց հրավիրել են նշված բաժնի աշխատասենյակներից մեկը, որտեղ հայհոյանքներ են տվել եւ բռնություն գործադրել իրենց նկատմամբ, պատճառել մարմնական վնասվածքներ: Մյուս քրգործը հարուցվել է մեղադրյալ Ա. Ա.-ի հաղորդման հիման վրա, որը հայտնել է, որ 15.03.2018թ. տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ տվյալ օրվա հերթապահ խմբում ընդգրկված աշխատակիցներն առանց որեւէ պատճառի հայհոյել եւ ծեծի են ենթարկել իրեն` պատճառելով մարմնական վնասվածքներ: Կատարվում է նախաքննություն:
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Գյումրիում արտակարգ դեպք է տեղի ունեցել. դանակահարել են Գյումրի քաղաքի բնակիչ, 30-ամյա Վարուժան Հ.-ին: Նա դիմել է հիվանդանոց եւ չի նշել պատճառը: Գյումրիի ԲԿ-ից հայտնել են, որ տուժածն ինքնուրույն դիմել է «Գյումրի» ԲԿ: Նրա մոտ ախտորոշվել են կրծքավանդակի աջ եւ ձախ կեսերի կտրած-ծակած վերքեր: Նա ստացել է համապատասխան բժշկական օգնություն, այժմ վերակենդանացման բաժանմունքում է, առողջական վիճակը` ծանր: Դեպքով զբաղվում է ոստիկանության Գյումրու Մուշի բաժինը: