ԹԵԹԵՎԻ ՄԵՋ՝ ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ վերջապես հրապարակել, միաժամանակ խորհրդարան է ուղարկել 2017թ. տարեկան զեկույցը: Ու քանի որ նախորդ տարին լի էր քաղաքական իրադարձություններով՝ տեղի ունեցան խորհրդարանական, այնուհետեւ՝ Երեւանի ավագանու ընտրություններ, ընդ որում, դրանք լի էին դրամատիկ ընթացքով, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե ՄԻՊ-ն ինչպե՞ս է անդրադարձել այս ամենին: Ինչպես եւ սպասում էինք` զեկույցը բավական անատամ էր:

Եւ այսպես` պաշտպանը զեկույցում արձանագրել է, որ չնայած Ընտրական օրենսգրքով լուծում են ստացել համապետական ընտրությունների անցկացմանն առնչվող խնդիրներ, սակայն ոլորտում դեռեւս առկա են մի շարք խնդիրներ: Շեշտվել է նաեւ, որ ընտրություններին նախորդող մի շարք իրադարձություններ բացասական ազդեցություն ունեցան ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ձեւավորման վրա: Ինչպես հիշում ենք` նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ` մարտ ամսին, հայտնի դարձավ, որ դպրոցներում եւ մանկապարտեզներում ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը: Մասնավորապես ջրի երես դուրս եկան դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների 114 ձայնագրություններ, որոնք արվել էին «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության կողմից: Տնօրենները ինքնախոստովանական «ցուցմունքներ» էին տվել, որ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով` ՀՀԿ-ի օգտին ցուցակների հավաքագրմամբ էին զբաղվել: Եւ ահա, այս կապակցությամբ պաշտպանի զեկույցում ավելի շատ նշված է իրենց արած աշխատանքի մասին, որ նախորդ տարվա փետրվարի 27-ին ՄԻՊ-ի կողմից ստեղծված աշխատանքային խմբի մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ ԶԼՄ-ներով տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ չնայած օրենքի արգելքին` ընտրությունների նախապատրաստման ընթացքում ներգրավված են հանրակրթության բնագավառում գործող ուսումնական հաստատությունների աշխատակիցները` աշակերտների ծնողներին ցուցակագրելու, աշխատավայրում քարոզչություն իրականացնելու, աշխատանքից հեռացվելու սպառնալիքներ ներկայացնելու եւ այլ եղանակներով:
Շեշտենք նաեւ, որ ընտրություններից առաջ մեկ այլ աղմկահարույց ձայնագրություն ասպարեզ եկավ: Պարզվեց` «ՍԱՍ գրուպի» ղեկավարներից մեկը նախընտրական ժողով էր հրավիրել ընկերության աշխատակիցներին, որի շրջանակում աշխատանքից հեռացնելու սպառնալիքի եւ հարկադրանքի միջոցով ներգործում էր աշխատակիցների ընտրական իրավունքի իրացման վրա: Այդ մասին եւս պարզապես արձանագրված է զեկույցում, եւ ոչ մի վերլուծություն այն մասին, թե ինչպես են խախտվել աշխատողների իրավունքները ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանին պատկանող «Սաս գրուպ»-ում: Ինչպես հիշում ենք` գլխավոր դատախազի հանձնարարությամբ ձայնագրությունն ուղարկվել էր ՀՔԾ, այդ մասին հրապարակման հիման վրա քրեական գործ էր հարուցվել: Սակայն հետագայում գործը կարճվեց` հանցակազմի բացակայության հիմքով: Երկար տարիներ պետական չինովնիկ աշխատած Արման Թաթոյանից, իհարկե, այլ բան չէր կարելի սպասել: Ի վերջո, նա եւս ՀՀԿ-ի մի մասնիկն է, այնպես որ, միանգամայն բնական է, երբ ավելի շատ ՀՀԿ իրավունքների, այլ ոչ թե քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ է զբաղված: Դրա համար էլ նրա զեկույցում որեւէ խոսք չկա ընտրությունների օրը հոսած 10 հազարական դրամ ընտրակաշառքի «գետերի մասին», որեւէ խոսք չկար թաղային խուժանի կողմից իրականացված վերահսկողության մասին եւ այսպես շարունակ: Միայն նշված է, որ ընտրակեղծիքի մասին ՄԻՊ-ը ստացած ահազանգերի կապակցությամբ դիմել է իրավապահներին, ընթացք տվել ստացած բողոքներին եւ վերջ:
Նախորդ տարվա մայիսի 14-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ անդրադարձում նշված է լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման փաստերի մասին: Այս դեպքում էլ արձանագրվել էին կուտակումներ ընտրատեղամասերում, տեխնիկական միջոցների անսարքություն:
Եւ վերջապես` ՄԻՊ զեկույցում ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս անդրադարձ կա մարտի 1-ի դեպքերին, բայց առկա ձեւակերպումները գրեթե նույնությամբ կրկնում են նախորդ տարիների խոսքերը եւ վերջ: Եւ այսպես` մարտի 1-ի վերաբերյալ պաշտպանի զեկույցում նշված է, որ ՀՔԾ-ն ՄԻՊ-ին է տրամադրել տեղեկություն, ըստ որի` 10 անձի մահվան եւ 3 անձի մարմնական վնասվածքներ ստանալու փաստով 10 առանձին գործեր են անջատվել, որոնցից յուրաքանչյուրով նախաքննությունը շարունակվում է: Բոլոր գործերով հարցաքննվել է 200 անձ, տրվել են հանձնարարություններ: Հատկանշական է, որ այս հարցի առնչությամբ պաշտպանն արձանագրել է մի կարեւոր փաստ. «ՀՔԾ ներկայացրած տեղեկությունները վկայում են, որ թեեւ ծառայությունն իրականացրել է դատավարական որոշակի գործողություններ, այդուհանդերձ քննարկվող քր. գործերի քննության շրջանակներում 2017թ. ընթացքում կրկին չի ապահովվել ձեռնարկված քայլերի վերաբերյալ հանրային իրազեկվածության պատշաճ մակարդակ»: Միաժամանակ շեշտվում է, որ ՀՔԾ իրականացրած գործողությունների վերաբերյալ անհրաժեշտ է ապահովել զոհերի հարազատների եւ հանրության պատշաճ իրազեկում, եւ ողջամիտ ժամկետներում ապահովել հարուցված քր. գործերի լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը: Միայն թե, չնայած այս տարիների միշտ նույն ձեւակերպումներին, մարտի 1-ի գործով լուրջ տեղաշարժ չկա:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ

Հայաստանի անշարժ գույքի շուկան փոքր-ինչ ակտիվացել է. արձանագրվել է գների բարձրացում: Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվության համաձայն` փետրվարին, հունվարի համեմատ, մայրաքաղաքում բնակարանների գները մի փոքր աճել են: Օրինակ` Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ հունվար ամիսին վաճառվել է 485 հազար դրամով, իսկ փետրվարին` 487 հազար 200 դրամով: Այսինքն` մեկ ամսվա ընթացքում կենտրոնում բնակարանների մեկ քմի գինը բարձրացել է 2200 դրամով:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 1400 դրամով. այս թաղամասում բնակարանի մեկ քմ հունվարին արժեցել է 269 հազար 700 դրամ, իսկ ահա փետրվարին` 271 հազար 100 դրամ: Նկատենք, որ Երեւանի բանուկ թաղամաս համարվող Արաբկիրում բնակարանների գները պահպանել են հունվար ամսվա մակարդակը` մեկ քմ-ն` 358 հազար 800 դրամ: Նույն իրավիճակն է նաեւ Նոր Նորքի վարչական շրջանում, որտեղ եւս բնակարանները չեն թանկացել:
Իսկ ահա Ավան վարչական շրջանում բնակարանների մեկ քմ բարձրացել է 2700 դրամով: Օրինակ` Ավանում բնակարանի մեկ քմ հունվարին վաճառվել է 250 հազար 500, փետրվարին` 253 հազար 200 դրամով: Բնակարանների գները բարձրացել են նաեւ Էրեբունի վարչական շրջանում` 2550 դրամով: Այստեղ փետրվարին բնակարանները վաճառվել են մեկ քմ 242 հազար 550 դրամով: Դավթաշեն վարչական շրջանում բնակարանները եւս թանկացել են: Դրանց գները Դավթաշենում ավելի են բարձրացել, քան քաղաքի կենտրոնում` 4550 դրամով: Իսկ Աջափնյակ վարչական շրջանում բնակարանները թանկացել են 2300 դրամով, Մալաթիա-Սեբաստիայում` 800 դրամով, Նուբարաշենում` 1800 դրամով: Շենգավիթ վարչական շրջանում բնակարանները չեն թանկացել. այս տարվա ե՛ւ հունվարին, ե՛ւ փետրվարին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 248 հազար 700 դրամով: Բացի այս` պարզվում է, որ մեր հանրապետությունում նույն ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացիների կողմից ավելի շատ թվով անշարժ գույք է վաճառվել, քան գնվել: Այսպես` օտարերկրյա քաղաքացիների կողմից գնվել է 112 բնակարան, իսկ վաճառվել` 289: Անշարժ գույքի թվով 226 վաճառքի գործարք հիմնականում ՌԴ քաղաքացիներն են կատարել: Բնակարանի անշարժ գույքի առուվաճառքի 18 գործարք կատարվել են ԱՄՆ քաղաքացիների կողմից: Իսկ թվով 72 անշարժ գույքի գնման գործարք իրականացվել է դարձյալ ՌԴ քաղաքացիություն ունեցող անձանց կողմից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ «ԲՈՒՐԳԵՐ ՔԻՆԳ»-Ի ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
Ինչպես հայտնի է` նախօրեին Երեւանի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն: Խոհանոցում պայթել է թթվածնի բալոնը, կա 8 տուժած, որից 5-ը օտարերկրյա քաղաքացիներ: Տուժածներից մեկը վիրահատվել է, վնասվել էր ազդրը, մյուսների վիճակը գնահատվում է բավարար: Միջադեպի մանրամասների մասին դեռեւս որեւէ տեղեկություն չի հրապարակվում. նշված է միայն, որ դեռ հետաքննություն է ընթանում:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԻՆ մամուլի քարտուղար Նանա Գնդոյանից փորձեց ճշտել՝ արդյո՞ք իրենց նախարարությունը վերահսկողություն իրականացնում է այդ ոլորտում, արդյո՞ք ստուգում է այդ գազի բալոնների որակը, շահագործման պայմանները: «Մենք կարող ենք ասել հետեւյալը` արտակարգ իրավիճակների նախարարությունը կատարում է բալոնների լիցքավորման տեղամասերի փորձագիտական քննություն, որը իրականացնում է մեր «Տեխնիկական անվտանգության կենտրոն» ՊՈԱԿ-ը: Կոնկրետ այդ թթվածնային բալոնը լիցքավորվել է «Կոտայք գարեջուր գործարան» սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից շահագործվող ածխաթթու գազի ստացման տեղամասում, եւ այդ օբյեկտը գրանցված է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեգիստրում: Մեր կողմից փորձաքննության է ենթարկվել եւ ստացել է դրական եզրակացություն, որ կոնկրետ լիցքավորման գործընթածը ամբողջությամբ նորմալ է իրականացվել: Իսկ պայթյունից հետո արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարությամբ եւս մեկ անգամ «Տեխնիկական անվտանգության» ՊՈԱԿ-ը լիցքավորման տեղամասում իրականացրել է տեխնիկական փորձաքննություն, որից հետո համոզվել ենք, որ լիցքավորման տեղամասում ամեն ինչ նորմալ է, համապատասխանում է տեխնիկական նորմերին: Նախնական տվյալներով` բալոնի արտաքին դաջվածքներից դատելով՝ կարող ենք ասել, որ 2017 թվականի արտադրության բալոնը դեռ լիովին նոր է, գումարած դրան համապատասխանում է թթվածնային բալոնի նորմերին: Դրա համար այդ մի քանի գործոններից ելնելով` ենթադրում ենք, որ բալոնի օգտագործման կանոններն են խախտվել»,- ասաց Գնդոյանը: Ըստ նրա` նման խախտումներ կարող են լինել՝ յուղոտ ձեռքերով բալոնի փականին կպնելը, պատճառ կարող է լինել նաեւ բալոնի շուրջը ստեղծված տաք ջերմային ֆոնը: Սակայն նրա խոսքերով` այս ամենը դեռեւս նախնական վարկածներն են: «Դեպքի հետ կապված փորձաքննությունը կատարում է քննչական կոմիտեն, եւ իրենք կտան վերջնական եզրակացություն»,- ասաց Գնդոյանը:
Նշենք, որ կատարվածից հետո ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել, ստեղծվել է քննչական խումբ, առգրավվել են սննդի կետում առկա անվտանգության տեսանկարահանող սարքերի տեսագրությունը: 8 անձ ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական, պայթյունատեխնիկական, շինարարատեխնիկական եւ ապրանքագիտական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

ԼՅՈՒՍԻ ՊՈՂՈՍՅԱՆ




Լրահոս