«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձ նախապատրաստելու առթիվ քրեական գործով, որն, ի դեպ, արդեն ուղարկվել է դատարան, լուրջ բացահայտումներ են եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԱԾ իրականացված հեռախոսային գաղտնալսումներով պարզ է դարձել, որ Դոն Պիպոյի դեմ մահափորձ ծրագրելու համար ձերբակալված անձանց պլանների մեջ եղել է նաեւ օրենքով գող Անդրանիկ Սողոյանի` Զապի դեմ հարձակում կազմակերպելը, ավելին՝ այդ նպատակով արտերկրից հատուկ մարդ են հրավիրել:
Հիշեցնենք, որ այս քրեական գործով կալանավորվել են Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը եւ ոմն Ղազախեցյանը, որոշ ժամանակ անց խմբին օժանդակելու համար կալանավորվել են նաեւ Զոհրաբ Ղումաշյանը, ինչպես նաեւ` Արտակ Այվազյանը: Ի դեպ, մեր տեղեկություններով` այս բոլոր գաղտնալսումները հրապարակվելու են նաեւ դատարանում, սակայն հիմա իրավապահ համակարգում քննարկում են դատական նիստերը դռնբաց, թե դռնփակ անցկացնելու նպատակահարմարությունը, որպեսզի քրեական աշխարհում այդ գաղտնալսումները հրապարակելով` ավելորդ անգամ չսրեն իրավիճակը: Ի վերջո, մահափորձի պատվիրատուների շարքում նշվում է օրենքով գող Արտյոմ Կանեւսկոյի՝ Արտյոմ Հարությունյանի անունը:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: